Մատչելիության հղումներ

Նախնական տվյալներով՝ ՊՆ N զորամասի կացարանում հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, քննություն է ընթանում


ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում
ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում

ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Թորոսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ քննություն է ընթանում հրդեհի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հարցին, թե ինչո՞ւ չի հաջողվել շուտ մարել հրդեհը, որ նման հետևանքներ չլինեն, ՊՆ խոսնակը պատասխանեց․ - «Ձեր նշած հարցը ևս հանգամանքների շարքին է դասվում, իսկ հանգամանքների լիարժեք պարզման ուղղությամբ քննություն է ընթանում և համապատասխան մարմիններն աշխատում են»։

Ավելի վաղ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։

Նախարարությունը նշել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. տվյալները ճշտվում են:

Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ հայտնել է, որ հրդեհի մասին ահազանգը ստացել է 01:15-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:58-ին, մարվել՝ 06:33-ին: Շինությունից դուրս է բերվել 15 դի, 3 անձ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Վարդենիսի բժշկական կենտրոն։

XS
SM
MD
LG