«Վիվամեդ» թբիլիսյան մասնավոր հիվանդանոցում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վարակվել է կորոնավիրուսով:
Այդ բուժհիմնարկի տնօրեն Զուրաբ Չխաիձեն լրագրողներին ասել է, որ Սաակաշվիլին թեթև է տանում վարակը:
«Թոքերի արհեստական օդափոխության սարք միացնելու կամ բուժառուին վերակենդանացման բաժանմունք փոխադրելու անհրաժեշտություն չկա, քանի որ նրա շնչառական բոլոր ցուցիչները նորմայի սահմաններում են»,- ասել է Չխաիձեն:
Նրա խոսքով՝ վերջին օրերին մամուլում տարածվել են լուրեր, թե Սաակաշվիլին ուշագնաց է եղել, սակայն դրանք իրականությանը չեն համապատասխանում:
Չխաիձեն ասել է, որ Սաակաշվիլիի հետ շփվող բոլոր բուժաշխատողները կորոնավիրուսի ստուգում են անցել, և նրանցից ոչ մեկի մոտ վարակ չի հայտնաբերվել:
Թբիլիսիի քաղաքային դատարանում երկու ամիս է ընթանում է Սաակաշվիլիի ազատազրկումը հետաձգելու հայտի քննությունը:
Ըստ նրա վրացի բժիշկների և մի շարք օտարերկրացի մասնագետների՝ Սաակաշվիլիին թունավորել են ծանր մետաղներով, և դրա կապակցությամբ նպատակահարմար է նրա բուժումը շարունակել Եվրոպայի կամ Ամերիկայի հատուկ հիվանդանոցներից մեկում:
Սաակաշվիլին բանտում է հայտնվել 2021 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ՏԻՄ ընտրությունների նախօրեին գաղտնի ճանապարհով Վրաստան վերադառնալուց հետո:
Բանտում նա երկար ժամանակ հացադուլի մեջ է եղել: Անցյալ տարվա մայիսի 12-ից Սաակաշվիլին գտնվում է Թբիլիսիի «Վիվամեդ» հիվանդանոցում:
Հայրենիքում նա մեղադրվում է նախագահության օրոք պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և քրեական հանցանքների հետ առնչություն ունենալու հոդվածներով:
Միխեիլ Սաակաշվիլին հերքում է մեղադրանքը և պնդում է, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում Վրաստանի ներկայիս վարչակարգի կողմից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սաակաշվիլիի մայրը պնդում է՝ նախկին նախագահը հեռանում է քաղաքական ասպարեզից