Մատչելիության հղումներ

Զուրաբիշվիլին հրաժարվեց պատասխանել Սաակաշվիլիին ներում շնորհելու հարցին


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Թբիլիսի, 28 դեկտեմբերի, 2022թ.
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Թբիլիսի, 28 դեկտեմբերի, 2022թ.

Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ հուժկու ճնշում է արտասահմանից, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, այլ երկրների նախկին ու գործող բարձրաստիճան պաշտոնյաներ, եվրոպացի օրենսդիրներ, իրավապաշտպաններ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կառավարությանը կոչ են անում թույլ տալ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեկնել Արևմուտք՝ անհրաժեշտ բուժում ստանալու համար:

Սաակաշվիլին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով արդեն 6 տարվա ազատազրկման է դատապարտված, և հիմա դատական քննություն է ընթանում մի շարք այլ հոդվածներով:

Թբիլիսին էլ հուժկու արձագանքում է, պնդելով, որ «Սաակաշվիլին հանցագործ է, նրան ազատելու հնարավորություն չկա, նա անհրաժեշտ բուժում է ստանում հայրենիքում»:

Եվ այս պայմաններում թե՛ Սաակաշվիլիին անհապաղ ազատելու կոչեր հնչեցնողները, և թե՛ նրա ազատության գաղափարի վճռական ընդդիմախոսներն իրենց պահանջները հասցեագրում են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, ով ունի մեղադրյալին ներում շնորհելու լիազորություն:

Նախագահը մինչ այս տարբեր առիթներով ասել է, որ չի ցանկանում ամնիստիայի որոշում կայացնել իր նախկին պաշտոնակցի նկատմամբ:

Երկուշաբթի օրը Սաակաշվիլիի տասնյակ աջակիցներ հավաքվել են Զուրաբիշվիլիի նստավայրի մոտ և պահանջել անհապաղ արձակել ամնիստիայի հրրամանագիրը:

Նախօրեին ավելի քան 500 կանայք, այդ թվում՝ անվանի հանրային գործիչներ նամակով դիմել են նախագահին ու խնդրել նրան «կարեկցանք դրսևորել և փրկել Սաակաշվիլիի կյանքը»:

Այսօր էլ մեծ թվով մարդիկ են եկել Զուրաբիշվիլիի նստավայրի մոտ: Նրանք էլ հակառակ պահանջն են ներկայացնում: Ակցիայի մասնակիցները Սաակաշվիլիի իշխանության օրոք տուժած քաղաքացիների ազգականներն են և բարեկամները:

Միջոցառման կազմակերպիչների թվում են 2004 թվականին ոստիկանների արձակած գնդակներից սպանված 19-ամյա Բուտա Ռոբակիձեի մայրը՝ Իյա Մետրեվելին, 2006-ին բանտում կտտանքներից մահացած Սուլխան Մոլաշվիլիի եղբայրը՝ Թորնիկե Մոլաշվիլին, և 2008-ին սպանված Գեորգի Գամցեմլիձեի հարգը՝ Ջամբուլ Գամցեմլիձեն:

Ցուցարարները հիշեցրել են, որ Սաակաշվիլիի նախագահության օրոք «մեծ թվով մարդկանց, հատկապես կալանավորների տարրական իրավունքները ոտնահարվել են, բանտերում դաժան կտտանքներ են կիրառվել, գրանցվել են նույնիսկ տղամարդ կալանավորներին բռնաբարելու կամ սեռական բնույթի այլ նվաստացումների ենթարկելու դեպքեր, և այդ ամենն արվել է Արևմուտքում «մեծ դեմոկրատի» համբավ ունեցող անձի ղեկավարման տարիներին»:

Այսօր դիմելով բողոքի ակցիայի մասնակիցներին՝ նախագահ Զուրաբիշվիլին ասել է, որ իրավիճակը կմեկնաբանի հատուկ ճեպազրույցում: Նախագահը քննադատել է հանրահավաքների կազմակերպիչներին և ասել, թե ինքը հարց ունի:

«Ինչ-որ մեկն ասեկոսեներ է տարածել, թե ես մտադիր եմ ամնիստիայի որոշում ընդունել, նրանք էլ վազել են այստեղ, որտե՞ղ էին իմ մասին ասեկոսեներ հորինողները, երբ Միշայի ժամանակ ողբերգություններ էին տեղի ունենում, իսկ ես փողոցում բողոքում էի: Ես գիտեմ, նրանք կամ Միշայի շտաբում էին, կամ էլ «Քարտու Բանկում» ունեին լավ պաշտոններ»,- ասել է նախագահը:

Այնուամենայնիվ, Զուրաբիշվիլին խուսափել է ամնիստիայի մասին ուղիղ հարցին պատասխանելուց:

«Դուք ներում կշնորհե՞ք Սաակաշվիլիին, դա է այսօր գլխավոր հարցը»: «Գլխավոր հարցի պատասխանը կտրվի այն ժամանակ, երբ կտրվի»,- արձագանքել է Զուրաբիշվիլին:

Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանք» իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն նախօրեին ասել է, թե Զուրաբիշվիլին ամնիստիայի որոշում չի ընդունի, «բայց եթե նա այնուամենայնիվ անի այդ քայլն, ապա դա նրա կարիերայի և անձամբ նրա համար կունենա շատ լուրջ հետևանքներ:

Կալաձեի փոխանցմամբ, Սաակաշվիլին սիմուլյանտ է, նրա, իբրև թե, ծանր առողջական վիճակի մասին վկայող տեսագրություններն ու լուսանկարները, նրան անհապաղ ազատելու պահանջով բողոքի ակցիաները սոսկ էժան ու վճարովի բեմականացում են:

«Ոչ մի կրիտիկական վիճակ էլ չկա, դա ընդամենը թատրոն է, որտեղ գլխավոր դերում Սաակաշվիլին է, նրան՝ որպես չմաքսազերծված ապրանք կաթնամթերք փոխադրող կոնտեյներով բերել են Վրաստան, հիմա էլ շոուներ ու համերգներ են կազմակերպում, թատրոնի ռեժիսորներն էլ տարբեր երկրներից են»,- ասել է Կալաձեն, ավելացնելով, թե «այդ թատերական արարի մի մաս էլ կդառնան արտասահմանում Վրաստանի դեսպանատների մոտ Սաակաշվիլիին ազատելու պահանջով կազմակերպելիք ակցիաները»:

Գալիք տարվա հունվարի 4-ին Սաակաշվիլիի աջակիցները մտադիր են տարբեր երկրներում Վրաստանի դիվանագիտական առաքելությունների մոտ կազմակերպել «Save Misha»` «Փրկիր Միշային» ակցիան:

Մինչդեռ, նախկին նախագահին ազատություն տալու անհրաժեշտության մասին է խոսել նաև Ռուսաստանում նախկինում երկարատև ազատազրկման դատապարտված ընդդիմադիր Միխայիլ Խոդորկովսկին:

«Ես Սաակաշվիլիի երկրպագու չեմ, բայց հիմա նա քաղբանտարկյալ է, ուստի, նրա կողմից եմ», - Թվիթերում գրել է Խոդորկովսկին:

Ամերիկացի հոգեբույժ Էրիք Գոլդսմիթը հայտարարել է, որ Սաակաշվիլիի մոտ նկատվում են «ծերունախտի նշաններ և հիշողության խնդիր, դրանք, հավանաբար, թունավորման հետևանք են»: Հոգեբույժի համոզմամբ, Վրաստանի իշխանությունները պետք է ազատ արձակեն Սաակաշվիլիին:

Նախկին նախագահը պնդում է, որ բանտում իրեն թունավորել են ծանր մետաղներով, ենթադրաբար, սնդիկով: Նա պահանջում է, որ թունաբանական ստուգումներին անպայման մասնակցեն օտարերկրացի փորձագետներն, ասելով, թե այլապես կհրաժարվի ենթարկվել ստուգման:

Եվրոպայից ևս մեկ ազդանշան է հասել Թբիլիսի՝ առայժմ այն հնչեցրել է Եվրոպական խորհրդարանի մեկ պատգամավոր:

Լեհաստանից ընտրված Յացեկ Սարիուշ-Վոլսկին հայտարարել է, որ «Եվրախորհրդարանը երբեք քվեարկությամբ հավանություն չի տա Եվրամիությանը Վրաստանի անդամակցության որոշմանը, եթե նախկին նախագահ Սաակաշվիլին մահանա վրացական բանտում»:

Վաղը Թբիլիսիում դատարանը պետք է վերստին անդրադառնա Սաակաշվիլիի խափանման միջոցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG