Հապշտապ ներկայացնել բենզինի մի վարկածով, շատ կասկածելի է, հակասություններ դեռ կլինեն. իրավապաշտպանը՝ հրդեհի մասին

Այսօր Այրվածքաբանության ազգային կենտրոնում հարցաքննվել են ինժեներասակրավորական վաշտի երկու վիրավոր ժամկետայինները՝ Լյովա Խառատյանն ու Գարուշ Սարգսյանը, տեղեկացնում են Քննչական կոմիտեից (ՔԿ)։ Սպան՝ Եղիշե Հակոբյանը, առայժմ չի հարցաքննվել։

15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհի գործով այժմ 17 տուժող կա:

«Տուժող են ճանաչվել 15 զոհված զինծառայողների հարազատները, ծնողները, ովքեր դիմել են, ինչպես նաև այս պահին բժշկական հաստատությունում գտնվող վնասվածքներ ունեցող 2 զինծառայողները», - ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Այրվածքաբանության կենտրոնից տեղեկացնում են՝ վերակենդանացման բաժնում գտնվող սպան ու զինծառայողը դրական դինամիկա ունեն, սակայն ապաքինման մասին դեռ վաղ է խոսել, նրանց դեռևս սպասում է մաշկի փոխպատվաստում: Վիրավորում ստացած Գարուշ Սարգսյանը հիվանդասենյակում էր հենց առաջին օրից: Նա ոտքերի այրվածքներ էր ստացել, երեկ զինծառայողը Factor TV-ի հետ զրույցում որոշ մանրամասներ էր պատմել. «Խառը իրավիճակ էր, հիշում եմ՝ մարդիկ կային, մեկը փորձում էր էդ դուռը ջարդել, որ ես փորձեցի, չկարողացա ջարդել»:

Զինծառայողը հիշում է, որ բոլորով փրկություն էին փնտրում, վազվզում էին ու քնած չէին. «Չեմ նկատել այդ պահին մարդ, որ պառկած լիներ, չեմ հիշում մարդ էդ պահին, որ տեսել եմ, որ ասենք պառկած է եղել»:

Օրեր առաջ փրկարար ծառայության ճգնաժամային կենտրոնի պետի տեղակալը Հանրայինի եթերում պնդում էր՝ զոհված 15 զինծառայողներից 14-ը հայտնաբերվել են մահճակալների վրա, չեն արթնացել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրդեհից զոհված զինվորի հայրը պնդում է՝ տղաները խնդիր են ունեցել կապիտանի հետ


Այժմ, երբ զոհված զինծառայողների մարմինները նույնականացված ու հուղարկավորված են, նրանց հարազատները հրդեհի բռնկման այլ վարկածներ են առաջ քաշում, խոսում են նաև դրան նախորդած տևական անառողջ հարաբերությունների մասին զինծառայողների ու սպայի միջև: Երեկ Հանրայինի հետ զրույցում Պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահն ասաց՝ զինվորական ղեկավարությանը խնդրել է վերականգնել այդ օրվա ողջ պատկերը՝ թերացումները պարզելու՝ հրդեհային անվտանգություն, և շեշտեց միջանձնային հարաբերություններ։ Կրակի վրա բենզին չեն լցնում, ասաց Անդրանիկ Քոչարյանն ուղիղ ու փոխաբերական իմաստով:

«Ի՞նչ էր պատճառը, որ սպան դարձավ կրակի վրա բենզին լցնող, երբ որ ինքը պետք է կանխեր նման ցանկացած դրսևորում, որովհետև ինքը կապիտան է», - ասել է նա:

Իրավապահներն այս գործը քննում են զենք-զինամթերքի, վտանգավոր նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու և զինվորական պաշտոնեական անփութության հոդվածներով: Քննչական կոմիտեի խոսնակն ասում է՝ հիմնական վարկածը մնում է այն, ինչ դեպքին հաջորդած առաջին ժամերի ընթացքում ներկայացվեց՝ սպան կրակի վրա բենզին է լցրել, հետո երբ կրակն իրեն է անցել, բենզինի տարան նետել է զինվորների ննջարանի ուղղությամբ. «Ստուգման առարկա են դառնում այն տեղեկությունները, տվյալները, որոնք կարող են վերաբերել պատճառների, վարկածների վերաբերյալ տարբեր մոտեցումներին, այսինքն՝ դրանք այսպես թե այնպես ստուգվում են քննության շրջանակներում»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ազատի զինվորական կացարանում հրդեհին զոհ գնացած Պավլիկի մահը սգում է ամբողջ գյուղը


Քննությունն ընթանում է այն հունով, որ դեպքից ժամեր անց գծեց վարչապետ Փաշինյանը, ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը. «Նա իրավունք չունի այդպես ուղղորդի իրավապահ մարմիններին, և երկրորդը՝ վստահություն չի առաջացնում. դեպքը գիշերն է եղել, և ինքը մինչև վերջնական ճշմարտություն է ներկայացնում»:

Ընդ որում վարչապետը դեպքը ներկաայցնելիս ասում է՝ պարզելու շատ բան չկար, շեշտում է իրավապաշտպանը, այնինչ ամեն օր նոր հակասություններ են ի հայտ գալիս:

«Կան մարդիկ, որոնք ավելի տեղյակ են և ունեն ստույգ ինֆորմացիաներ և դա փոխանցում են, և այս հապշտապ ներկայացնել որպես բենզինի մի վարկածով, դա շատ կասկածելի է, և այդ հակասությունները դեռ կլինեն», - ասում է Ալեքսանյանը:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավարը կարևոր է համարում այն, որ խոսեն տուժողները, վկաները ակտիվ լինեն ու օգնեն, որ բացահայտվի ճշմարտությունը. «Մտավախություն ունեմ, որ կարող է ճնշում գործադրվել նաև վկաների վրա, որոնք ողջ են, չեմ բացառում, որ կարող է ճնշում գործադրվել, և դրա համար շատ կուզենայի, որ տուժած ընտանիքները դիմեին հասարակական կազմակերպություններին, օրինակ՝ մեկը մեզ, որպեսզի ներգրավվեին և իրենց շահերը պաշտպանեին քննության ընթացքում»:

Ազատի ողբերգությունից 7 օր անց ձերբակալվածներ, մեղադրյալներ չկան: