Պաշտոնական Երևանը ՄԱԿ-ի Արդարադատության դատարանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի խտրական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ և հատուցել պատճառած վնասը։
Ամբողջական դիմումը երեկ է ներկայացվել միջազգային հեղինակավոր դատարան։ Թե ինչ ապացույցներ են տեղ գտել այդ փաստաթղթում, գանգատը Հաագա ուղարկած միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը դեռ չի հրապարակում։
Երեկ նմանատիպ մի գանգատ էլ Հայաստանի դեմ այդ նույն ատյան է ներկայացրել Բաքուն՝ իր հերթին պահանջելով ճանաչել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի խտրական վերաբերմունքը։
«Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման» մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում ներկայացված Երևանի դիմումում տեղ գտած պահանջներն ընդհանուր առմամբ վերաբերում են «Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ էթնիկ հայերի և հայկականության նկատմամբ տարվող ատելության և խտրական վերաբերմունքի հետևանքով առաջացած խախտումների արձանագրմանը»։
Հունվարի վերջին դատարանում սպասվող լսումներին կհրապարակվեն նաև հիմնական գանգատների պահանջները։
«Մեր հայցի հիմքը շատ պարզ է, և տասնամյակներ շարունակ Ադրբեջանում տիրող մթնոլորտը ուղղակի հրամայական էր այս հայցը ներկայացնելու համար, որովհետև Ադրբեջանում վաղուց արդեն ձևավորված ինստիտուցիոնալ մակարդակի, ամենաբարձր մակարդակից սկսած կա հայատյացության շատ լուրջ քաղաքականություն, որը դրսևորվում է թե ատելության խոսքով, թե կրթական համակարգում, թե ընդհանրապես հասարակական կյանքում, թե ոչ կառավարական կազմակերպությունների, բոլորի կողմից, այսինքն՝ ինքը շատ ներծծված է բոլոր շերտերում հասարակական կյանքի, քաղաքացիական հասարակությունը, եթե այդպիսին կարելի է անվանել, կամ կա այդպիսի բան Ադրբեջանում առհասարակ, պետական ինստիտուտներ, քաղաքական ուժեր, սպորտ, մշակույթ, ամեն ինչ, կրթական հաստատություններ՝ մանկապարտեզներից սկսած մինչև բուհեր», - ասաց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Ավելի վաղ Կիրակոսյանն ընդգծել էր, որ կյանքի և այլ իրավունքների մասին է գանգատը, որն էլ Հաագայի դատարանը պետք է քննի էթնիկ պատկանելիության տեսանկյունից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում Ադրբեջանին մեղադրում է ռասայական խտրականության համարԵրևանը և Բաքուն գրեթե միաժամանակ միմյանց դեմ դիմումներ էին ներկայացրել միջազգային այս դատարան 44-օրյա պատերազմից հետո։ Կառույցը մինչև այս հունվարի 23-ը ժամկետ էր սահմանել ամբողջական գանգատի և ապացույցների ներկայացման համար։ Այդ ընթացքում կողմերը նաև միջանկյալ հայցեր են ներկայացրել միմյանց դեմ։ Ըստ այդմ, հունվարի 30-ին նախատեսված «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» նիստում քննարկվելու է Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու և դրա ապահովման համար միջանկյալ միջոցներ կիրառելու Հայաստանի հայցը: Մեկ օր անց «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» նիստում քննարկվելու է «ադրբեջանական տարածքների ականապատման» հարցը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն Երևանի դեմ հերթական դատական գործընթացն է նախաձեռնելԸնդհանուր լսումներին կհաջորդեն ապացույցների քննությունը, վկաների և փորձագետների հարցաքննությունները։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանի խոսքով՝ այս գործընթացը տարիներ կարող է տևել: Նա կարծում է, որ Հայաստանն ունի բոլոր ապացույցներն ընդդեմ Ադրբեջանի վճիռ ստանալու համար։
«Վերջիվերջո, խոսքը գնում է հետևյալի մասին՝ արդյոք կա՞ քաղաքականության պետության, ռասսայականության դեմ, և իմ կարծիքով՝ Ադրբեջանի դեպքում միանշանակ է, որ կա պետական քաղաքականություն հայատյացության, մինչդեռ Հայաստանի դեպքում ադրբեջանցիների կամ թուրք ազգերի ատելություն պետական մակարդակով որպես քաղաքականություն չկա», - նշեց նա:
Ի՞նչ սպասել այս դատարանից։ ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը կարող է Ադրբեջանին պարտավորեցնել դադարեցնել խտրական քաղաքականությունը՝ սահմանելով վնասի հատուցում։ Արդյո՞ք դա կարող է զսպել Ադրբեջանին այն պարագայում, երբ այդ երկիրը աչքի չի ընկել միջազգային ատյանների որոշումները կատարելով, Խզմալյանի կարծիքով, եթե անգամ չկատարի էլ, դրանով հարցը չի փակվում՝ տարբեր միջոցներ կարող են գործի դրվել, օրինակ՝ Բաքվից գումար բռնագանձնել և այլն։
«Մեզ համար այդ վճիռը, իմ կարծիքով, կարևոր է լինելու ոչ թե Ադրբեջանի կողմից կատարել-չկատարելու տեսանկյունից, այլ այն փաստերի տեսանկյունից, որոնք դատարանը ենթադրաբար կարձանագրի, և այդ փաստերը հայկական պահանջների՝ քաղաքական, դիվանագիտական պահանջների և ակնկալիքների հիմքում դնելու տեսանկյունից», - ասաց նա:
Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն չեն ընդունում, որ խախտել են իրենց իսկ կողմից վավերացրած միջազգային կոնվենցիան՝ առանց ռասսայի, սեռի, լեզվի ու կրոնի խտրականության բոլորի իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու մասին։