«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր Ազգային Ժողովում հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:
Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրել է, որ քննարկվել են Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Լրագրողներին չի հաջողվել Պապիկյանին հարցեր ուղղել, պարզ չէ, թե ինչպես է նա արձագանքում 15 զինվորի կյանք խլած ողբերգական հրդեհից հետո իր հրաժարականի պահանջին։
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով ևս 3 զինծառայողներ շնչուղիների այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Ողբերգական հրդեհից օրեր անց էլ որևէ մեղադրյալ կամ ձերբակալված չկա։ Եղան պաշտոնանկություններ։ Իրավապաշտպանները, սակայն, հենց նախարարին ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին են համարում տեղի ունեցածի գլխավոր պատասխանատուն, քանի որ բանակում շոշափելի բարեփոխումներ չեն իրականացրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինչ հրդեհի գործով ձերբակալվածներ չկան, Կառավարության դիմաց Պապիկյանի և Փաշինյանի հրաժարականն են պահանջում