Մատչելիության հղումներ

Եթե ամեն սենց դեպքից նախարար փոխենք, կմնանք առանց նախարարի․ իշխանական պատգամավոր


Ճիշտ չէ, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրաժարական տա, 15 զինծառայողների ողբերգական մահից հետո հայտարարում է խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը՝ պնդելով, որ նախարարի ենթակայությամբ գործող բազմաթիվ ստորաբաժանումներ են պատասխանատու անփութության համար։

«Վաշտի հրամանատարի գործողությունն է դա, գումարտակի հրամանատարի կատարելիք գործողությունն է, գնդի հրամանատարի գործողությունն է, նախարարի գործողություն չէ, նախարարը պիտի վերահսկողություն սահմանի, որ մի քանի վերահսկողներ կան, որ էդ գործողությունները կատարեն։ Եթե ամեն դեպքի հետ նախարար փոխենք, մնալու ենք առանց նախարարի։ Դատապարտումներ պարտադիր պետք է լինեն, մարդիկ պետք է կրեն իրենց պատիժը, 15 մարդ է զոհվել, դրա համար պետք է խիստ պատժվեն մարդիկ», - ասաց Մելքոնյանը։

Ինչո՞ւ են զինծառայողների համար, որպես զորամասի կացարան ծառայում գյուղի բնակելի տները, որքանով են դրանք համապատասխանում ընդունված չափանիշներին, ինչո՞ւ էին զոհված 15 զինծառայողների կացարանի պատուհաները ճաղավանդակներով փակված, ինչի պատճառով զինվորները դուրս գալու հնարավորություն չէին ունենա։ Այս հարցերի պատասխանները պաշտպանական գերատեսչությունից չեն հնչել։

Խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի իշխանական պատգամավորը բացատրում է՝ 2020-ի պատերազմից հետո, երբ Վարդենիսում հակառակորդի կողմից թիրախավորվեցին զորամասերը, և անցած տարվա սեպտեմբերին էլ ռազմական ագրեսիայի ժամանակ անօդաչուների թիրախում հայտնվեցին, որոշում կայացվեց ստորաբաժանումները տարբեր գյուղերում տեղակայել, և զինածառայողներին այնտեղ տներ հատկացվեցին։ Այլ հարց է, որ այդ տներում պետք է բոլոր կանոնները պահապանվեն։

«Եթե կան ցանկապատված լուսամուտներ, պիտի առաջին հերթին հանեն էդ ցանցապատումները, ու երբ որ զինվորները քնում են, էդտեղ կանոնակարգված է՝ վառարան պետք է լինի մեջը, թե չլինի, վառարանը նախասրահում պետք է լինի, թե չլինի, դուռը պիտի դուրս բացվի, թե ներս բացվի։ Էդ ամեն ինչը կարգավորված է օրենքով, իրենք պետք է էդ ամեն ինչը պաշտպանեն», - ասաց պատգամավորը։

Հարցին, թե ինչո՞ւ չի պահպանվել, Մելքոնայնը պատասխանեց․ - «Դու ինձ մի հարցրու, համապատասխան մարմինները պիտի պատասխան տան դրա համար՝ ինչու ժամանակին չեն գնացել, չեն ստուգել, չեն նայել»։

Գագիկ Մելքոնյանը չբացառեց, որ մյուս կացարաններում էլ է նույն անփույթ վիճակը։ Նրա փոխանցմամբ, Պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովն առաջիկայում նախատեսում է այցելել այդօրինակ մի շարք կացարաններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG