Ալավերդցի Մելինե Սիրադեղյանի 2 տարեկան թոռնիկն ավելի քան մեկ ամիս չի տեսել մորը, որ Արցախ կարճատև աշխատանքի է գնացել ու մնացել փակ ճանապարհի այն կողմում։
Տատիկի խնամքին մնացած փոքրիկ Վարդանը մորը միայն հեռախոսով է տեսնում, մի քանի կցկտուր բառ փոխանակում ու այդպես էլ չի հասկանում՝ ինչ է նշանակում փակ ճանապարհ, ինչո՞ւ ի վերջո մայրն իր կողքին չէ։ Մորը կանչելու Վարդանի բոլոր փորձերը դեռ ապարդյուն են։
«Ամեն դուռը թակողին վազում ա դռան մոտ, կանչում մամային։ Իրան թվում ա, թե մաման ա գալիս։ Անընդհատ սպասում ա էրեխեն, գնում կանգնում ա դռան դեմը, մամային կանչում։ Էրեխի հոգեբանականի վրա շատ-շատ ազդում ա, անընդհատ կապրիզներ ա անում, լացում ա էրեխեն, ծնողին կարոտում ա», - ասում է տիկին Մելինեն։
Նա մի կողմից մորից հեռու մնացած թոռնիկի համար է անհանգստանում, մյուս կողմից՝ կարիքի մեջ հայտնված աղջկա։ Վերջին օրերին Արցախում ինտերնետի հաճախակի խափանումների պատճառով ավելի քիչ են կարողանում խոսել. - «Անհատ մոտ աշխատում էր, հետո իրա մոտ արդեն փակվել ա էդ աշխատանքը, տնօրենն ա օգնել իմ աղջկաս սննդի հարցով... Էդ տալոնայինը կհասնի՞ իրանց թե չէ... որովհետև տեղի մարդկանց երևի թե ավելի ապահովեն, քան դրսի մարդկանց»։
Մեկ ուրիշ ալավերդցի՝ Նինա Վահրադյանը որդուն է սպասում 6-ամյա թոռնիկի ու հարսի հետ։ Ասում է՝ իրենք էլ ծանր վիճակում են։ Տան հիմնական եկամուտը որդին էր ապահովում, որ դարձյալ Արցախում՝ փակ ճանապարհի ետևում է մնացել։ Այնտեղ աշխատատեղերը փակվել են, ուտելիքն էլ՝ սահմանափակ է. - «Ամեն օր, ամեն րոպե սպասում ենք, որ ճանապարհը բացվի, իմ տղեն գա։ Արդեն կարոտից չգիտենք ինչ անենք։ Էրեխեն ամեն օր ասում ա՝ պապ ջան, ե՞րբ ես գալու... Ասում ա՝ դե ճանապարհը բաց չի, կբացվի՝ կգամ։ Էսօրվա պահով ինքը ոնց որ պատանդ էղնի ընտեղ»։
Արցախի շրջափակման համար առիթ դարձած Կաշենի հանքավայրում Ալավերդու շրջանի ավելի քան 400 բնակիչ է աշխատում, որոնք ճանապարհը փակվելուց հետո չեն կարողանում իրենց ընտանիք վերադառնալ։ Ալավերդցի Արարատ Սիմոնյանն ասում է՝ միայն իր շրջապատում մոտ երկու տասնյակ ընտանիք կա, որ կիսված է մնացել՝ Հայաստանում և Արցախում. - «Իմ հարևանն ա, երիտասարդ ընտանիք, մյուս հարևանս, որ պատերազմի մասնակից ա... նույնիսկ նա արդեն վիրահատվել ա, ստենտավորված է։ Ցավոք սրտի, պարզ էլ չի, թե նա Ստեփանակերտից կարողանում է էն դեղերը, որ հասանելի են, ստանա թե չէ։ Սանահին գյուղի, Սարահարթից Վոլորդյան, Վալտերի եղբայրը տղայի հետ։ Շատ-շատերը... բոլորն իրանց հերթական արձակուրդը պիտի գային, բայց, ցավոք սրտի, չստացվեց, որովհետև ճանապարհների փակ լինելու պատճառով նրանք այժմ գտնվում են Արցախում»։
Շատերը հրաժարվեցին խոսել. վիճակն սպասողական է, հնարավոր զարգացումներն՝ անորոշ։ Շրջափակման մեջ գտնվող հարազատները միայն հեռախոսազանգերով հանգստացնում են, թե դիմանում են։
Մեկ ամիս առաջ Կաշենի ոսկու հանքավայրի շուրջ սկսվեց ադրբեջանցիների այսպես ասած, բնապահպանական շարժումը։ Իրենց բնապահպան համարող ակտիվիստները փակեցին Լաչինի միջանցքը՝ պահանջելով թույլատրել ուսումնասիրել հանքի բնապահպանական հետևանքները։ Կաշենի հանքավայրի սեփականատեր Վալլեքս գրուպը Արցախի իշխանությունների հետ որոշեց փակել հանքը, բայց այդպես էլ ադրբեջանցիները պահանջները չդադարեցին, Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը չբացվեց։