Թուրքիան վերացնում է ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը Հայաստանի հետ, տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքական կողմը տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է. ԱԳՆ խոսնակԻր հերթին թուրքական Anadolu-ն, հղում անելով դիվանագիտական իր աղբյուրներին, հայտնում է, որ հունվարի 1-ից օդային բեռնափոխադրումների արգելն արդեն հանված է։
Ստամբուլում եւ Երևանում աշխատող գործարար Գագիկ Մուշեղյանի խոսքով սակայն, Թուրքիայի մաքսային սահմաններին դեռ չեն արվել անհրաժեշտ քայլերը ուղիղ բեռնափոխադրումները հնարավոր դարձելու համար. - ««Եթե Թուրքիան իրոք մաքսային սահմանը բացի, իրանք ասում են 77 կոդ կա, որը փակ ա, եթե էդ կոդը բացեն, Հայաստանի ամեն ինչ էլ կգա այստեղ՝ և' սննդամթերք, և' ոգելից խմիչքներ, և' ծխախոտ»։
Մուշեղյանն ավելի քան 10 տարի զբաղվում է Թուրքիայի ու Հայաստանի միջև առևտրով, օգնում է հայաստանցի գործարարներին մտնել թուրքական շուկա և այլն։
Նրա կարծիքով, թեև օդային բեռնափոխադրումը մատչելի չէ, այնուամենայնիվ շատերը կնախընտրեն օգտվել դրանից։ Վրաստանի միջոցով ցամաքային փոխադրումները ավելի մատչելի են, սակայն, ըստ գործարարի, տարանցման օրինական վճարումներից բացի, այլ վճարների կարիք է լինում. - «Սխալ մտածելակերպ ա, որ ասում են օդային բեռնափոխադրումն ավելի թանկ է։ Թանկ չի'։ Հաշվի առնենք, որ Վրաստանով անցնող մեր բեռնատարները ավելի շատ ծախսեր են վճարում՝ բաց և փակ, որպեսզի բեռները հասնեն Հայաստան։ Վրաստանը մեզանից ավելի շատ գումարներ ա առնում, տարանցման գումարները։ Էսօր քառասուն տոննանոց օդանավը ես Հայաստան չեմ իմանում ինչ գնով կթռնի, բայց Ռուսաստան որ ուղարկում ենք, արժի 24 հազար դոլար»։
Ըստ Վիճակագրական կոմիտեի, Հայաստանն այսօր ավելի շատ թուրքական բեռ է ներմուծում, քան արտահանում Թուրքիա։ 2022-ի առաջին 10 ամիսներին Հայաստանից Թուրքիա է գնացել մոտ 60 միլիոն դոլարի բեռ, ներմուծվել՝ մոտ 200 միլիոնի։ Գործարարի խոսքով, սխալ է այն տարածված տեսակետը, թե Թուրքիայում ամեն ինչ այնքան մատչելի է, որ Հայաստանի արտադրածը այնտեղ մրցունակ չի լինի ու առևտրային ուղիղ կապերի հաստատման դեպքում Հայաստանը կտուժի, քանի որ չի կարողանա ներմուծելուց բացի արտահանել։
«Մեր ապրանքը ավելի լավն ա, քան, ասենք, հարևան երկրների՝ Բուլղարիայի կամ հենց իրենց ներքին արտադրանքները։ Հարյուր տոկոսով, ավելի որակով, ավելի լավ սպառվող ա։ Մեր պահածոներն այստեղ պահանջարկ ունեն», - պնդում է Մուշեղյանը։
Հայաստանը և Թուրքիան հայտարարեցին, որ պատրաստվում են բացել սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար և թույլ տալ օդային ուղիղ բեռնափոխադրումների իրականացում անցյալ տարվա ամռանը։ Սա տեղի ունեցավ շուրջ 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու երկրների հատուկ բանագնացների հանդիպումների արդյունքում։
Չնայած Անկարայի՝ երկու գործնական քայլ անելու մասին այս հայտարարությանը, երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանները դեռ չեն բացվել, իսկ օդային բեռնափոխադրումների արգելքի վերացման մասին նորից սկսեցին խոսել առաջին հայտարարությունից միայն 6 ամիս անց։
Առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման մասին խոսելուց հետո, Անկարան աստիճանաբար սկսեց պայման առաջ քաշել՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր, նկատում է քաղաքական մեկնաբան Ռիչարդ Կիրակոսյանը. - «Չնայած դրան, մենք տեսնում ենք, որ Հայաստանն ու Թուրքիան հաջողությամբ բանակցում են հայ-թուրքական կարգավորման երկու ժեստերի կամ սահմանափակ միջոցներ շուրջ։ Իմ կարծիքով սակայն, այս քայլերը քիչ են և ուշացած։ Այլ կերպ ասած՝ երկու քայլն էլ պարզ ժեստեր են, ոչ շատ էական։ Օրինակ, օդային բեռնափոխադրումը ողջունելի է, բայց դրա պահանջարկը մեծ չէ։ Ինչո՞ւ սահմանները բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, եթե կարելի էր պարզապես բացել սահմանները բոլորի համար։ Այսպիսով, ես կարծում եմ, Թուրքիայի այս քայլերը շատ ավելի ձևական են ու պակաս նշանակալի»։
Կիրակոսյանի կարծիքով, Անկարան առնվազն մինչև առաջիկա ամռանը նախատեսված ընտրությունները այլ քայլեր չի անելու սահմանը բացելու ու դիվնագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ՝ ցուցադրելու, որ սատարում է եղբայրական Ադբեջանին ու կանգնած է Բաքվի կողքին։