Մատչելիության հղումներ

Հայաստանն իր կայացման գործընթացը չի կարող իրականացնել, քանի դեռ Թուրքիայի հետ հարաբերությունները չի կարգավորել․ Գոչունյան


Եթե համարում ենք, որ Թուրքիան ուզում է ճնշում գործադրել Հայաստանի վրա, դա պարզ է, որ լինում է Ադրբեջանի տեսակետը, «Ազատության» հետ զրույցում ասաց Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը՝ շեշտելով՝ Թուրքիան իր հարևանների, աշխարհի որևէ երկրի նկատմամբ այդպես բացահայտ տարածքային նկրտումներ չունի։

Միևնույն ժամանակ Գոչունյանը նկատեց՝ Հայաստանն իր կայացման գործընթացը չի կարող իրականացնել, քանի դեռ Թուրքիայի հետ հարաբերությունները բնականոնացնելու ձև չի գտել։

Արա Գոչունյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Հայաստանում կա ընկալում, որ Թուրքիան ամբողջ Հայաստանն է ուզում։

Գոչունյան․ - Թուրքիան նախ պաշտոնապես տարածաշրջանի իրա հարևանների որևէ մեկի նկատմամբ, կամ աշխարհի որևէ երկրի նկատմամբ այդպես բացահայտ տարածքային նկրտումներ արտահայտելու և այլն, այդ բանի մեջ չի, և մենք առարկայական հիմեր չունենք, ըստ երևույթին, այսինքն, եթե մենք տենց ենք համարում, որ Թուրքիան ուզում է վերջին հաշվով մի ճնշում գործադրի Հայաստանի վրա, դա պարզ է, որ լինում է Ադրբեջանի տեսակետը։

«Ազատություն»․ - Նաև մտավախություններ են հնչում, որ հարաբերությունների վերականգնման, սահմանների բացման դեպում Թուրքիան տնտեսապես կարող է խժռել Հայաստանն ու օրինակ է բերվում ծովափնյա Բաթումի քաղաքը Թուրքիայի հետ սահմանի վրացական, որտեղ շատ մեծ կապիտալի հոսք եղավ թուրքական։

Գոչունյան․ - Ես նախ չգիտեմ, կապիտալի հոսքը որպես էդպիսին վատ բան է, թե լավ բան է, բայց անցած 30 տարիների փորձառությունն այսօրվա էս բավականին հրատապ իրավիճակի մեջ մեզ մի բան է ցույց տալիս, անզեն աչքով երևում է, որ Հայաստանի Հանրապետությունն իրա կայացման գործընթացը պիտի չկարողանա ի կատար ածել, որքան ատեն որ [քանի դեռ] նրան չի հաջողվել Թուրքիայի Հանրապետության հետ շփվելու, հարաբերությունները բնականոնացնելու մի ձև գտնել։ Այսինքն՝ ես հարգում եմ բոլոր կողմերի մոտեցումները, ես հարգում եմ նաև այն մարդկանց, որոնք համապատասխան մտավախություններ ունեն, բայց պիտի մտածել այն տեսակետի շուրջ, թե էդ որ նախընտրության պարագայում առաջանալիք ռիսկը մյուսից ավելի շատ պիտի լինի, ավելի նվազ պիտի լինի։ Էդ հարաբերակցության մեջ եթե մենք դիտարկենք, ավելի առողջ արդյունքի կհասնենք։

«Ազատություն»․ - Մյուս կնճռոտ հարցի՝ Ցեղասպանության մասին․ պարոն Գոչունյան, պարբերաբար Անկարան դժգոհում է հատկապես Սփյուռքից, որովհետև պաշտոնական մակարդակներում ճանաչման պահանջ ըստ էության չի դրվում, այսինքն՝ իրենք ուզում են ընդհանրապես օրակարգից հանել այս հարցը։

Գոչունյան․ - Ցեղասպանության հարցը Թուրքիա-Հայաստան հարաբերությունների բնականոնացմանը զուգահեռ արդեն ինքնաբերաբար լուծման հունի մեջ կմտնի։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում կողմերի նշանակած հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը մինչ հիմա չորս հանդիպում են ունեցել՝ առաջինը Մոսկվայում, մյուսները` Վիեննայում։

Թուրքական «Սաբահ» պարբերականն օրերս գրել էր, թե բանագնացների առաջիկա հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը հերքել էր՝ շեշտելով՝ դեռևս պայմանավորվածություն չկա հանդիպման և դրա վայրի հետ կապված։

Թեև իրենց վերջին հանդիպմանը կողմերը համաձայնել էին հայ-թուրքական սահմանը մասնակի բացել երրորդ երկրների քաղաքացիների համար ու սկսել ուղիղ օդային բեռնափոխադրումները, սակայն ո՛չ Երևանը, ո՛չ Անկարան չեն հայտնում, թե երբ կսկսեն իրագործել այդ պայմանավորվածությունները:

Գոչունյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG