Մատչելիության հղումներ

Ի սկզբանե պարզ էր, որ Թուրքիան ունի նախապայմաններ, հիմա դրանց մասին բաց տեքստով է խոսում․ փորձագետ


Թե՛ պաշտոնական Երևանը, թե՛ Անկարան ներկայացուցիչների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումներից հետո թեև համանման հայտարարություն են տարածում և շեշտում առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու մասին, սակայն ի սկզբանե պարզ էր, որ Թուրքիան ունի նախապայմաններ, «Ազատության» հետ զրույցում ասաց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը՝ շեշտելով՝ Թուրքիան հիմա դրա մասին ավելի բաց տեքստով է խոսում։

Պրահայում հոկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, «Ազատության» հարցին ի պատասխան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էր հայտարարել, թե Թուրքիան Հայաստանի հետ սահմանները կբացի, հենց Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի։

Պրահա, 6-ը հոկտեմբերի, 2022թ․
Պրահա, 6-ը հոկտեմբերի, 2022թ․

Ադրբեջանի պատկերացրած խաղաղության պայմանագիրն, ըստ փորձագետի, ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ իր ուզած օրենքներով և կարգուկանոնով տարածաշրջան գծելու քաղաքականություն է։

Հարցին, թե անգամ փոքրիկ ձեռքբերումները թղթի վրա կմնա՞ն՝ երրորդ անձանց համար բացել սահմանը, օդային փոխադրում սկսել, Արմինե Մարգարյանը պատասխանեց՝ դրանք կարող են որոշ պահի օգտագործվել, օրինակ, Թուրքիայում նախագահական ընտրւություներից առաջ, երբ պետք լինի շատ ավելի գործուն քայլեր ցույց տալ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման առումով։

«Կարծում եմ այստեղ Թուրքիան կօգտագործի դա, բայց նորից՝ ինչպիսի՞ ռեժիմ է լինելու, տեղային բացում է լինելո՞ւ սահմանի, թե՞ ոչ, դա էլ է շատ կարևոր, որովհետև երրորդ երկրի քաղաքացիների համար սահման է բացում, մի՞շտ է բաց լինելու, թե՞ տեղային է բացվելու։ Յուրաքանչյուր դեպքում, երբ քաղաքացին ուզում է կտրել այդ սահմանը, ամեն անգամ էդ պահին է բացվելո՞ւ, ո՞ւմ է դիմելու, առաջինն ո՞վ է տալու, այսինքն՝ ռեժիմները։ Սրանք էլ շատ դժվար հարցեր են, որոնք, կարծում եմ, որ կողմերը դեռ շատ հեռու են սրանց վերաբերյալ ընդհանուր դիրքրոշում ունենալուց», - ասաց փորձագետը։

Հուլիսի 1-ին Վիեննայում Հայաստանի և Թուրքիայի բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը հանդիպեցին չորրորդ անգամ։ Հանդիպումից հետո հայտարարվեց՝ Հայաստանը և Թուրքիան պայմանավորվել են բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում։ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը որոշեցին մեկնարկել նաև Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումները:

Վիեննա, 1-ը հուլիսի, 2022թ․
Վիեննա, 1-ը հուլիսի, 2022թ․

Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից: Դեռ մարտին Թուրքիայի արտգործնախարարը խոսել էր հայ-թուրքական սահմանի բացումից և նշել, որ քննարկվում են տեխնիկական բնույթի հարցեր:

Հայ-թուրքական կարգավորման գործընթացը առարկայական փուլ մտավ անցած տարեվերջին, երբ կողմերը բանակցություններ սկսելու համար հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին:Ավելի քան կես տարի ընթացող բանակցությունների միակ առարկայական արդյունքը մինչ այժմ երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումն էր, որը դադարել էր 2019-ի վերջին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG