Արցախցի Էռնա Սաֆարյանը Երևանում ընկերուհու տանն է ապաստան գտել՝ ստիպված։ Մոսկվայում ապրող եղբոր հետ որոշել էին Երևանում հանդիպել։ Եղբայրն արդեն Մոսկվայում է, Էռնան որդու հետ Արցախ հասնել չի կարողանում։ Բազմաթիվ խնդիրների է հանդիպել, բայց, ասում է, հոգ չէ, ընկերներն ու բարեկամներն օգնում են։
Էռնայի ուշքն ու միտքը Ստեփանակերտում է, որտեղ մենակ են մնացել տարեց մայրն ու դուստրը. - «Ոչ թե մտածում ենք մեր մասին էդ շորի պահով, որ շոր ունենք հագնելու, ամենակարևորը, որ այնտեղ են իրենք մենակ»:
Նաիրա Պողոսյանն էլ արտերկրից էր վերադարձել Երևան, բայց տուն՝ Ստեփանակերտ հասնել չհասցրեց։ Տան, հագուստի խնդիր չունի, ասում է՝ դրա մասին անգամ չի էլ մտածում, երբ գիտի՝ ինչ իրավիճակում են հիմա Արցախում հացի խնդիր ունեցող շրջափակված մարդիկ։
«Հիմա նույնիսկ նյութականի մասին խոսելն անիմաստ է, երբ տեսնում ես, որ մանուկները տուն են զում, իրենց մայրիկներին են ուզում: Մենք շատ ենք դիմացել, երեք պատերազմ ենք տեսել, գիտենք սովն ինչ է, շոր չունենալն ինչ է, ձմեռն ինչ է՝ առանց լույս, առանց գազ, առանց հաց, դիմացել ենք ամեն ինչի, հիմա էլ կդիմանանք», - ասաց Պողոսյանը:
Պաշտոնական տվյալով՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով ավելի քան 1100 արցախցիներ արդեն մոտ մեկ ամիս տուն հասնել չեն կարողանում։ «Ազատության» զրուցակիցները խոստովանեցին՝ օգնության համար պետական այրերին չեն դիմել։ Իրենցով հետաքրքրվողներ էլ չեն եղել, ըմբռնումով են մոտենում՝ երևի չգիտեն՝ երբ կհանգուցալուծվի այս իրավիճակը, որ իմանան ինչ ծավալի օգնության կարիք կա։
«Չենք էլ հետաքրքրվել, չենք էլ դիմել ու չգիտենք էլ՝ որտեղ կարելի է դիմել, ինչ ճիշտն է այն եմ ասում: Մեր միակ պահանջը եղել է ճանապարհի բացումը», - ընդգծեց Նաիրա Պողոսյանը:
Փակ ճանապարհի պատճառով Ավելի քան 300 երեխա ևս կտրվել է ընտանիքից, շատերը միայնակ են ապրում՝ ընտանիքից հեռու։ Մոտ երկու տասնյակն ապրում են Երևանի հյուրանոցներից մեկում:
9-ամյա Սառան Երաևն էր եկել Եվրատեսիլին մասնակցելու. երգեց, պարեց, հիմա ասում է՝ դպրոցն է սկսվելու, ինքը մնացել է դրսում. - «Ես ուղղակի տանն եմ կարդում, ուզում եմ գնամ Արցախ, ստեղ չեմ ուզում»:
Շրջափակման պատճառով Հայաստանում մնացած արցախցիների մեծ մասը Գորիսի հյուրատներում են տեղավորվել։ Արցախի օմբուդսմենն «Ազատությանը» փոխանցեց, որ Արցախի ու Հայաստանի կառավարությունները կարողացել են խնդիրն այնպես լուծել, որ գոնե փողոցում մարդ չմնա:
«ՅՈւՆԻՍԵՖ-ը տրամադրել է շորեր, նաև տարբեր անհատների միջոցով է շորեր տրամադրվել, եթե ամեն տեղ պատասխանատուներ կան, ինչ-որ խնդիր են բարձրաձայնում արդեն լուծում է ստանում, այնպես էլ եթե օրինակ՝ սոցիալական աջակցության մասով նար Արցախի օպերատիվ շտաբ են դիմում, հարցը տեղում լուծվում է», - նշեց Արցախի օմբուդսմենը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հիշեցրեց, որ անցած տարեվերջին ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ։ Ըստ Փաշինյանի՝ խումբն արդեն մի քանի նիստ է արել և իր ձևակերպմամբ «կայացնում է իրավիճակից բխող հումանիտար բնույթի որոշումներ»։ Վարչապետը, սակայն, չմանրամասնեց՝ կոնկրետ ի՞նչ որոշումների մասին է խոսքը, և ինչ քայլեր են ձեռնարկվում արդեն չորրորդ շաբաթի պաշարման մեջ գտնվող արցախցիներին աջակցելու համար։
Խումբը ղեկավարող փոխվարչապետի գրասենյակից ևս այս մասին մանրամասներ չեն հաղորդում։ Պաշտոնական կայքէջերում չկա նաև կայացած նիստերից որևէ նյութ կամ լուսանկար։