Երեկ Վրաստանում և աշխարհի մի քանի տասնյակ այլ երկրներում տեղի են ունեցել բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին անհապաղ ազատ արձակելու պահանջով ցույցեր և երթեր:
Թբիլիսիում բժիշկների մի խումբ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նստավայրի մոտ կազմակերպած բողոքի ակցայի ընթացքում պահանջել է ներում շնորհել Սաակաշվիլիին, ով, ըստ նրա փաստաբանների, ազգականների և բժիշկների, ծայրաստիճան ծանր առողջական վիճակում է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զուրաբիշվիլին հրաժարվեց պատասխանել Սաակաշվիլիին ներում շնորհելու հարցին#SaveMisha՝ «Փրկիր Միշային» հեշթագով տեղի են ունեցել համերաշխության երթեր ու ցույցեր նաև արտասահմանում՝ Վրաստանի դիվանագիտական առաքելությունների մոտ:
Այս նախաձեռնության մասին անցած տարվա դեկտեմբերի 26-ին իր յություբյան ալիքում հայտնել էր ռուսաստանցի ընդդիմադիր իրավապաշտպան և փաստաբան Մարկ Ֆեյգինը, ակցիայի համահեղինակն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն է:
Ֆեյգինը կոչով դիմել էր իր յություբյան ալիքի հետևորդներին: Նա առաջարկել է հունվարի 4-ին՝ մինչև ուղղափառների Սուրբ Ծնունդը, հավաքներ անցկացնել տարբեր երկրներում՝ Վրաստանի դեսպանատների և հյուպատոսարանների մոտ:
Ենթադրվում էր, որ միջոցառումները տեղի կունենան 14 երկրներում, բայց իրականում այդ թիվն ավելի մեծ էր, և նախապես չհայտարարված ակցիաներ են կազմակերպվել Մոլդովայում և Հայաստանում:
Ըստ Ֆեյգինի հրապարակած տեսագրությունների և լուսանկարների, Երևանում մոտ մեկևկես տասնյակ մարդիկ՝ հիմնականում երիտասարդներ, #SaveMisha փոքրիկ պաստառներով եկել են Հայաստանում Վրաստանի դեսպանատան շենքի մոտ:
Միջոցառումների աշխարհագրությունը բավական ընդարձակ է՝ Միացյալ Նահանգներից մինչև Մեծ Բրիտանիա, Արևմտյան, Արևելյան և Հարավային Եվրոպա, Իսրայել, Հունաստան և նույնիսկ Ավստրալիա:
Սաակաշվիլիի բժիշկները պնդում են, որ նախկին նախագահի առողջական վիճակը սկսել է վատթարանալ 2021 թվականի հոկտեմբերին, երբ նա բանտում ի նշան բողոքի հացադուլ էր հայտարարել:
Անցյալ տարվա դեկտեմբերին բժիշկներն ասել են, որ Սաակաշվիլիին, ամենայն հավանականությամբ, բանտում թունավորել են ծանր մետաղներով, դրանց թվում է նաև սնդիկը, որի մեծ պարունակությունը կարող է մարդու համար մահացու լինել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամերիկացի փորձագետի համոզմամբ՝ Սաակաշվիլիին թունավորել են տարբեր տեսակի ծանր մետաղներովՍաակաշվիլիի բժիշկները, փաստաբանները և հարազատները, հարյուրավոր անվանի քաղաքացիներ, օտարերկրացի պաշտոնաթող և գործող ղեկավարներ Վրաստանի իշխանություններին կոչ են անում նախկին նախագահին տալ արտասահմանում բուժվելու հնարավորություն:
Պաշտոնական Թբիլիսին առայժմ մերժում է այդ կոչերը և պնդում է, թե Սաակաշվիլին պատշաճ բուժօգնություն է ստանում Վրաստանում: