«Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական ծայրահեղ ծանր վիճակի մասին պնդումները պարզ շահարկումներ են», - այսօր Թբիլիսում նման հայտարարությամբ է հանդես եկել իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն՝ մեկնաբանելով ընդդիմության՝ Սաակաշվիլիին բուժման նպատակով արտերկիր տեղափոխելու պահանջը։
«Ընդդիմությունը նման հայտարարություններով է հանդես գալիս՝ ձեռքի տակ չունենալով որևէ բժշկական ախտորոշում», - հայտարարել է իշխող կուսակցության ղեկավարը։
Վրացական ընդդիմությունը հայտարարել է, որ պատրաստվում է դեկտեմբերի 3-ին իշխող կուսակցության գրասենյակի մոտ բողոքի ակցիա անցկացնել՝ Սաակաշվիլիին բուժման նպատակով արտերկիր տեղափոխելու պահանջով։
Ավելի վաղ Սաակաշվիլիի փաստաբանները հայտարարել էին, որ նախկին նախագահի առողջական վիճակը շարունակում է վատթարանալ։ Նրա փաստաբան Վալերի Գելբախիանիի պնդմամբ՝ Թբիլիսիի «Վիվամեդ» բժշկական կենտրոնում գտնվող Սաակաշվիլիի օրգանիզմում թունավոր նյութերի հետքեր են հայտնաբերվել։