Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը երեկվա իր տեղեկագրում նույն Լաչինի միջանցքի փակվելուց հետո գրեթե ամեն օր կրկնվող հայտարարությունն է արել, որ ռուսական խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու շուրջ բանակցությունները։
Ինչո՞ւ ավելի քան 3 շաբաթ տևող քննարկումները արդյունք չեն տալիս։ Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանն ասում է՝ ադրբեջանցիները մաքսիմալիստական պահանջներ են առաջադրում, բանակցություններում դիրքավորվել են, թե ինչպես ուզենք, այնպես էլ կլինի։
«Լեռնային Ղարաբաղ չկա, այսինքն, մենք ձեզ հետ խոսում ենք ընթացիկ հարցեր քննարկելու առումով», մեր պահանջն էլ հետևյալն է, որ կարող ենք խոսել, եթե դա հավասարը հավասարի հետ է, և դուք պիտի ներկայացնեք Ադրբեջանի շահերը, մենք ներկայացնենք Արցախի Հանրապետության շահերը: Սա է, որ անընդհատ վեճերի տեղիք է տալիս: Նաև նմանատիպ զրույցներ եղել են և հարցին լուծումներ են տրվել, տվյալ պարագայում, ասենք, Սարսանգի ջրերի օգտագործման հետ կապված, երբ հարցը ինչ-որ ձևով լուծում է ապահովվել, որ և՛ փոխշահավետ լինի, և՛ ինչպես ասում են անարյուն լինի, անարյուն այն իմաստով, ինչպես քաղաքակիրթ աշխարհին վայել է, նստեն քննարկեն, հարցերը լուծեն: Ոչ թե ուժային մեթոդներով, այսինքն, ճնշել, ասել՝ «ես ինչպես ասում եմ, այդպես պետք է լինի», իրենք այդ հարթակի վրա են դիրքավորված», - ընդգծեց Բալայանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կաշենի հանքավայրը ժամանակավորապես փակելու որոշումը Արցախում զիջում չեն դիտարկումԱրցախցի պատգամավորի խոսքով՝ ադրբեջանցիների պահանջները Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրին են վերաբերում, բայց գլխավոր խնդիրը Արցախի հայաթափումն է։ Տարեվերջին որոշվեց հանքավայրի շահագործումը ժամանակավորապես դադարեցնել, բայց ճանապարհը ադրբեջանցիները շարունակում են փակ պահել։
«Եղած տվյալներով այդ հանքավայրերը վաճառված են, վերևի մասում Կաշենի հանքի շուրջը ծավալված մտքերն են, որ հայերը իրենց հարստությունն օգտագործում են և այլն՝ փորձելով ըստ էության այդ հանքավայրը իրենց ձեռքը գցել: Բայց խորքում իրենց ձևակերպումով «Զանգեզուրի միջանցք» հասկացությունն է: Հիմնական խնդիրներից մեկն էլ Արցախի հայաթափումն է: Խնդիրը նրանում է, որ այսօր Կաշենի հարցն են առաջադրում, վաղը մի ուրիշ հարց կդնեն, ասպես էլի: Դե հասկանալի է, չէ՞, որ ճանապարհը փակողները ո՛չ ուսանողներ են, ո՛չ բնապահպաններ, ասենք, իշխանության ամենաբարձր մակարդակով կազմակերպված բան է», - ասաց Բալայանը:
Թե ո՞վ կամ ովքե՞ր են հայկական կողմի բանակցողները, օրեր շարունակ Ստեփանակերտից պաշտոնապես չեն հստակեցնում։ Մինչև էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակումը Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ներկայացվում էր որպես խաղաղապահների հետ համագործակցության հարցերը համակարգող։
Արցախի շրջափակումը չավարտվեց միջազգային հանրության Ադրբեջանին ուղղված հասցեական կոչից հետո էլ։
Երեկ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց՝ Երևանը շարունակելու է «քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի ԱԽ-ի և միջազգային կառույցների վճռական գործողություններ» ապահովելու ուղղությամբ։ Թե ի՞նչ քայլերի մասին է խոսքը, արտաքին գերատեսչությունը չի մանրամասնում։ Բայց հասցեական ռուսաստանից էին ակնկալիքներ ձևակերպել. «Քանի որ Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով եռակողմ հայտարարության դրույթները խախտված են, ակնկալում ենք ՌԴ կողմից հստակ ջանքերի իրականացումը՝ ուղղված այս կոպտագույն խախտումն առանց որևէ նախապայմանի վերացնելուն»:
Պաշտոնական Երևանն անհրաժեշտ էր համարել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային առաքելության գործուղումը՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար, ինչպես նաև ՄԱԿ-ի մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիության ապահովումը:
Բաքուն հայտարարությունից հետո՝ այսօր, Երևանին մեղադրեց սադրանքների, միջազգային գործընկերների մոտ արհեստականորեն իրավիճակը սրելու մեջ։
«Ադրբեջանի տարածք ցանկացած առաքելություն ուղարկելու Հայաստանի կոչերը մենք դիտարկում ենք որպես հերթական սադրանք՝ ուղղված մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։
Լաչինի միջանցքի փակման հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկումից հետո Հայաստանում ընդդիմախոսները քննադատեցին Փաշինյանի իշխանությանը, թե ինչո՞ւ շրջափակումը դադարեցնելու պահանջող բանաձևի նախագիծ չներկայացրեցին, Արցախում էլ՝ գոհ չեն։
ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասում է՝ համատեղ գործողություններ երկու խորհրդարանների մեջ չկան, կառավարության մակարդակով Արցախին աջակցելու նպատակով աշխատանքային խումբը ձևավորվեց շրջափակման 17-րդ օրը, որի գործնական քայլերը դեռ չեն տեսել։
«Երբ որ երկրի իշխանության ղեկին նստած անձնավորությունը հրապարակայնորեն հայտարարում է, որ չնայած 120 հազար հայ մնացել է շրջափակման մեջ, բայց դա մեզ չի խանգարում խաղաղության օրակարգով շարժվել, դա մեր համար շատ անընդունելի, անհասկանալի հայտարարություն է: Պետք է հրապարակայնորեն գործնականում հրաժարվել որևէ բանակցությունից մինչև միջանցքի բացումը: Խաղաղության այդ կեղծ օրակարգից պետք է հրաժարվել, պետք է Ազգային ժողովն օրակարգ մտցնի Արցախի Հանրապետության ճանաչման հարցը՝ ճանաչում հանուն փրկության բանաձևով: Դրանք գործնական քայլեր են, որոնք չի կատարվում Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունների կողմից», - ասաց Գալստյանը: