11 տարվա դադարից հետո Թուրքիան և Սիրիան կրկին բանակցում են

Թուրք-սիրիական սահման, արխիվ

Ավելի քան տասը տարի տևած դադարից հետո Թուրքիայի և Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաները կրկին հանդիպում են, այս անգամ Ռուսաստանի միջնորդությամբ։ Այն մասին, որ Թուրքիայի երկու ամենաազդեցիկ ուժայինները՝ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ազգային հետախուզական ծառայության (МIТ) տնօրեն Հաքան Ֆիդանը, ինչպես նաև նրանց սիրիացի պաշտոնակիցները Մոսկվայում են, հայտնի դարձավ չորեքշաբթի երեկոյան։

Աշխատանքային օրվա ավարտին գրեթե միաժամանակ Թուրքիայի պաշտոնական Anadolu և սիրիական SANA գործակալությունները, ինչպես նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հանդես եկան կարճ հաղորդագրություններով՝ տեղեկացնելով, որ թուրք և սիրիացի ուժայինները՝ Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուի և ռուսական հետախուզական կառույցների ղեկավարների մասնակցությամբ, քննարկել են սիրիական ճգնաժամի հաղթահարման ուղիները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայում կայացել է Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի պաշտպանության նախարարների հանդիպումը

«Ազգային հետախուզական ծառայութան տնօրեն Ֆիդանի հետ մենք Մոսկվա էինք եկել՝ մեր սիրիացի և ռուսաստանցի պաշտոնակիցների հետ հանդիպելու նպատակով։ Այդ հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք և գնահատեցինք այն քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել Սիրիայում և ողջ տարածաշրջանում իրադրության շուտափույթ բարելավման համար։ Հանդիպման ընթացքում մենք հատուկ ընդգծեցինք, որ Թուրքիան հարգում է իր հարևան բոլոր պետությունների, այդ թվում՝ Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականությունը, և Անկարայի միակ նպատակը ահաբեկչության դեմ պայքարն է», - Մոսկվայից մեկնելուց առաջ «Վնուկովո» օդանավակայանում տեսագրված կարճ հարցազրույցում ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ նշելով նաև, որ Անկարայում հույս ունեն, թե տարածաշրջանում ի վերջո հնարավոր կլինի խաղաղություն ու կայունություն հաստատել։

Այս նույն հարցազրույցում Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Անկարան Սիրիայում հյուսիսում գործող քրդական ուժերի և «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների միջև հավասարության նշան է դնում՝ պնդելով, որ երկուսն էլ լուրջ վտանգ են ներկայացնում թե Թուրքիայի և թե Սիրիայի համար։

«Անկարայի բոլոր գործողություններն ուղղված են Թուրքիայի սահմանների և թուրք ժողովրդի անվտանգության ապահովմանը։ Բացի այդ, մեր կողմից ձեռնարկվող հակաահաբեկչական գործողությունների ևս մեկ նպատակը Սիրիայից փախստականների նոր հոսքը դեպի Թուրքիա կանխելն է», - հայտարարել է Հուլուսի Աքարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանը Պուտինին առաջարկել է Ասադի հետ եռակողմ հանդիպում կազմակերպել

Մոսկովյան բանակցությունների այս պահին հայտնի գլխավոր արդյունքը եռակողմ հանդիպումները շարունակելու վերաբերյալ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունն է։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը, դա է հաստատում նաև Սիրիայի պաշտոնական SANA գործակալությունը։ Այս լրատվամիջոցի տարածած կարճատև հաղորդագրության մեջ ևս նշված է, որ կողմերը Մոսկվայում եռակողմ ձևաչափում շփումները շարունակելու պայմանավորվածություն են ձեռք բերել, բացի այդ, սիրիական կողմը Ռուսաստանի մայրաքաղաքում կայացած հանդիպումը դրական է որակել։

Վերջին անգամ Դամասկոսի և Անկարայի միջև նման մակարդակի շփումներ տեղի էին ունեցել հեռավոր 2011 թվականին՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկզբնական շրջանում։ Հետագայում, սակայն, երբ Էրդողանի կառավարությունը սկսեց գործուն աջակցություն ցուցաբերել Բաշար Ասադի դեմ կռվող ուժերին, երկու պետությունների միջև շփումները ամբողջությամբ սառեցվեցին։

Այժմ, սակայն, հետաքրքրականն այն է, որ թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման փորձերը ձեռնարկվում են Անկարայի կողմից հարևան երկրի տարածքում նոր ցամաքային գործողության նախապատրաստման մասին՝ թուրքական իշխանությունների հնչեցրած հայտարարությունների ֆոնին։ Անկարան իր զորքերը Սիրիա ուղարկելու և Թուրքիայի հետ սահմանի երկայնքով 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծելու սուր անհրաժեշտության մասին սկսեց խոսել նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո։ Թուրքական իշխանությունների պնդմամբ՝ այդ հարձակման կազմակերպիչը Քրդական բանվորական կուսակցության սիրիական մասնաճյուղն է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քրդերի պնդմամբ՝ Ստամբուլի ահաբեկչության հեղինակը կապեր ունի «Իսլամական պետության» հետ

Թուրքական մոտալուտ հարձակման անխուսափելության վերաբերյալ Անկարայից հնչող հայտարարություններին զուգահեռ, սակայն, նոյեմբերի վերջին թուրքական և արևմտյան լրատվամիջոցներում տեղեկություններ սկսեցին շրջանառվել, որոնց համաձայն Սիրիայում տեղակայված ռուսական զորախմբի հրամանատարությունն իր վրա է վերցրել քրդերի և թուրքերի միջև միջնորդի դերը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ ռուսական կողմն առաջարկում էր, որ քրդական ուժերը դուրս գան Սիրիայի հետ սահմանակից շրջաններից, սակայն այնտեղ թուրքական բանակի փոխարեն մուտք գործեն Սիրիայում Մոսկվայի գլխավոր դաշնակցին՝ Բաշար Ասադին հավատարիմ ուժերը։ Հետագայում պարզ դարձավ, որ ոչ սիրիացի քրդերը և ոչ էլ Թուրքիան այս առաջարկներին դրական չեն արձագանքել։ Դրա անուղղակի վկայություններից մեկը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի՝ մոսկովյան բանակցություններից առաջ հնչեցրած հայտարարություններն էին։

Թուրքական Sabah օրաթերթի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 25-ին Աքարը հայտարարել է, որ բանակցում է Մոսկվայի հետ՝ փորձելով համոզել ռուսներին, որպեսզի նրանք հնարավորություն տան թուրքական ռազմական օդանավերին մուտք գործել Սիրիայի օդային տարածք՝ քրդական ջոկատներին հարվածներ հասցնելու նպատակով: