Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր ասել է, որ մտադիր է հանդիպում անցկացնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
«Ես ինքս առաջիկայում կբանակցեմ իմ ռուսաստանցի գործընկերոջ հետ», - ասել է Չավուշօղլուն Անկարայում տեղի ունեցած մամլո ասուլիսում:
Նրա խոսքով՝ Թուրքիան շարունակում է շփումները տարբեր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Սիրիայի հետ: Այդ առումով նա նշել է, որ նախօրեին Մոսկվայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի պաշտպանության նախարարների բանակցությունները:
Չավուշօղլուի խոսքով, 2022 թվականին աշխարհում անկայունությունն աճել է: Բազում ճգնաժամերը վկայում են նոր միջազգային համակարգի ձևավորման մասին:
«Մենք բոլորս կդառնանք այդ նոր աշխարհակարգի ծննդյան ականատեսները», - հայտարարել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Չավուշօղլուն նշել է Թուրքիայի ջանքերը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման և, մասնավորապես, «հացահատիկի գործարքի» կայացման հարցում:
Նա հայտարարել է, թե Անկարան Հունաստանին թույլ չի տա ընդարձակել տարածքային ջրերի սահմաններն Էգեյան ծովում: