Արցախցի ակտիվիստ Տիգրան Պետրոսյանը «Ազատությանը» փոխանցեց այն, ինչ լսել է ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարի ու Արցախի իշխանությունների միջև բանակցություններից հետո։
«Վոլկովն ասել է, որ նա սպասում է հրամանի և որևէ բան չի որոշում, այսինքն՝ ճանապարհի բացման առումով լուրջ ինչ-որ առաջընթացներ չկան», - նշեց նա:
Անդրեյ Վոլկովի հետ հանդիպել ու նրան հարցեր ուղղել չկարողացան մի խումբ արցախցիներ, որ երկու օր առաջ երթով ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման վայր էին գնացել, գիշերել ու լուսացրել Վոլկովին սպասելով: Երեկ էլ սպասում էին նրան Արցախի կառավարության շենքի մոտ, ապարդյուն:
«Անվտանգության խորհրդի քարտուղար, ով Վոլկովին թաքուն հետևի դռնից հանեց, Վիտալի Բալասանյանը», - հավելեց «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախցիները պատրաստվում են գիշերել ռուս խաղաղապահների տեղակայման վայրում
Վոլկովին չտեսան, բայց ըստ նրա՝ իրենց ակցիաներն անարդյունք չէին՝ ցույց տվեցին, որ Արցախում ժողովուրդն արթուն է, որքան էլ իշխանությունը փորձում է քնեցնել նրան: Ակտիվիստները երեկ Արցախի խորհրդարանի պատգամավորների հետ են հանդիպել, ըստ Պետրոսյանի՝ փոխհամաձայնություն կա, որ հանրային խումբ ձևավորվի, որի ձայնը լսելի կդառնա ռուսական կողմի համար: Պահանջը նույնն է՝ խաղաղապահները պետք է արցախցիների անվտանգությունն ապահովեն, բացեն Լաչինի միջանցքը։
18 օր է Արցախը շրջափակման մեջ է
Թեպետ կառավարությունը «Բեյզ Մեթըլս» ընկերության հետ համատեղ որոշում ընդունեց դադարեցնել հանքավայրի գործունեությունը, մինչև միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացվի, այնուամենայնիվ իրենց բնապահպան անվանող ադրբեջանցիները միջանցքը դեռ փակ են պահում՝ պնդելով, որ ակցիան շարունակելու են:
Արցախի խանութները դատարկվել են, տիկին Լիանան ալյուրի վերջին կիլոգրամներն է օգտագործում, ժենգյալով հացի փոքրիկ կրպակը դեռ բաց է. «Ահավոր թանկացել է կանաչին, 350-ով են տալիս: Մարդ ո՞նց աշխատի, բայց որպեսզի խանութները չփակեն, մի կերպ յոլա են գնում: Ալյուրի պակասություն ունենք, ալյուր չկա խանութներում»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ամեն ինչ պակաս է, ոչ մի բան էլ չկա, խանութները սաղ դատարկ են». Արցախի բնակիչ
Հայաստանից Կարմիր խաչի մեքենաներով փոքր խմբաքանակով դեղորայք է հասել Արցախ, Առողջապահության նախարարությունն այն արդեն բաժանել է դեղատներին, սակայն կբավականացնի մի քանի օր:
«Ստացել ենք սրտային դեղեր, ճնշման դեղեր, այսինքն՝ ջերմիջեցնողներ, ցավազրկողներ, հոգեմետ դեղեր», - ասաց դեղատան աշխատակիցը. «Ստացել ենք հիմնականում առաջին անհրաժեշտության դեղորայք, մանկական նուրաֆեն, պարացետամոլ և այլն, իսկ մեծահասակների համար՝ ճնշման դեղեր, որոնք անհրաժեշտություն են, առանց դրա հնարավոր չի: Քանակը շատ քիչ է եղել»:
Որոշ դեղեր չկան, սպառվել ու այդպես էլ չեն համալրվել, օրինակ՝ վահանաձև գեղձի համար նախատեսված:
Արցախում ավելի լուրջ խնայողությունների են անցնում
Արցախի ռեստորաններում, հանդիսությունների սրահներում այսօր կեսօրից արգելվեցին 15-ից ավելի անձանց մասնակցությամբ խնջույք-ճաշկերույթները, սգո արարողություններին կարող է մասնակցել մինչև 35 հոգի, երեկոյան 11-ից հանրային սննդի բոլոր օբյեկտները պետք է փակվեն: Արցախի կառավարության նոր որոշումն է, որ ընդունվել է՝ հաշվի առնելով ճգնաժամային իրավիճակը, պետք է խնայել հոսանքն ու եղած սնունդը։
Խանութներում հիմա միայն հաց է ու խմիչք, ասում է Ստեփանակերտի բնակչուհի Արեգա Իշխանյանը. «Խանութներում մենակ գինի է, արաղ, շամպայն, երևի արդեն փակած սնկերն էլ չկան այսօր»:
Հինգ հոգանոց ընտանիքում նախաճաշին թեյ է եղել. «Ղարաբաղցիք չայով են завтрак անում», - կատակում է նա: Կարտոֆիլ դեռ ունեն, շուտ են գնել ու խնամքով օգտագործում են, ասում է՝ հիմա Արցախում կարտոֆիլ չի գտնվում, որովհետև Ասկերանի ու Հադրութի այն գյուղերը, որտեղ հեկտարներով կարտոֆիլ էին աճեցնում, Ադրբեջանի հսկողության տակ են, Հայաստանի Մարտունուց էլ կարտոֆիլ չի հասնում իրենց, ստացվում է դեֆիցիտ:
Արցախցիներով փորձում են օգնել միմյանց ապրանքափոխանակության փոքրիկ գործարքներով. «Օգնում ենք իրար, եթե մեկին, ասենք, սոխ է պետք լինում, ես ունենում եմ, տալիս եմ, տենց գրում ենք՝ սոխ ունեք, ես կարտոֆիլ կտամ...»:
Միակ մթերքը, որի պակասը չկա, խոզի միսն է: Տիկին Արեգան ասում է՝ ամանորյա սեղանի գլխավորն ու միակը: