Մատչելիության հղումներ

Արցախցիները պատրաստվում են գիշերել ռուս խաղաղապահների տեղակայման վայրում


Մի խումբ արցախցիներ պատրաստվում են գիշերել Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայրում՝ օդանավակայանի տարածքում, պահանջում են հանդիպում զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։

«Սպասելու ենք էնքան, մինչև ընդունի։ Եվ ընդհանրապես, սպասելու ենք էնքան, մինչև ճանապարհը բացվի։ Բայց առաջին հերթին մենք սպասում ենք Վոլկովի հետ հանդիպմանը», - ասում է երթի նախաձեռնող Տիգրան Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը պետք է բացատրություն տա. ինչպե՞ս են երաշխավորում պատերազմից հետո վերադարձած արցախցիների անվտանգությունը, եթե արդեն 16 օր է, իրենք բլոկադայի մեջ են. - «Հույս ունենք՝ Պուտինը գիտակցելու է, որ մեր ժողովրդի հետ խաղալով Հարավային Կովկասում Ռուսաստանն իր հեղինակությունը կորցնելու է, պետք չի արցախցիներին տենց վերաբերվել: Ոչ ոք դեռ չի մարսել դա։ Պատմությունը ցույց է տալիս»։

Երթին նաև կանայք, երեխաներ են մասնակցում։ Մասնակիցներից մի կին ասում է, որ կես ամսից ավելի է, ոչ մի ճանապարհ չունի իր 5 անչափահաս երեխաներին միանալու համար. - «Իմ հինգ անչափահաս երեխաներս Երևան են։ Մինչև առավոտ ես պատրաստ եմ մնալու»։

Հրամանատար Վոլկովին սպասողներին երկու ռուս սպաներ են մոտեցել, թե հեռացեք։ «Մին պատառ կոշտ տոնով փորձալ են ինձ նհետ խոսին, մարդավարի հղի ենք դրալ, ասալ ենք՝ տասը-քսան մարդ են եկալ պսևդոէկոլոգ, կարըմ չեք ճանապարհը բեց անիք, մենք եկալ ենք, մեզ նհետ հի՞նչ տոնով ես խոսում... Ժողովուրդը մի կուճի նաժիմ են ըրալ, թողալ են քեցալ», - պատմեց ցույցի մասնակիցներից մի տղամարդ։

Նախորդ օրերին արցախցիները Շուշիի մոտ ռուսական անցակետ էին հասել նույն պահանջով։ Այնտեղ արցախցիներին ասել էին, թե սպասեք սանկտպետերբուրգյան հանդիպումը մի արդյունք կտա։ Օրն ավարտվում է, իսկ ճանապարհը մնում է փակ։

Սննդամթերքի, դեղորայքի, բենզինի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր դեֆիցիտ է: Մի շարք հիմնարկ-ձեռնարկություններ ստիպված են դադարեցրել են իրենց աշխատանքը: Արցախն ամեն օր Հայաստանից 400 տոննա բեռ էր ստանում մինչև շրջափակումը։ Պաշարման այս կես ամսում Արցախ է մտել ընդամենը 10 տոննա հումանիտար բեռ՝ Կարմիր խաչի միջնորդությամբ. մանկական սնունդ, դեղորայք, բուժպարագաներ, որ պետք է բաշխվի հիվանդանոցներին: Արցախից ասում են՝ 10 օրվա պաշար է։

Այսօր Արցախի պետնախարարը առաքող և արտադրող ընկերությունների ղեկավարների հետ է հանդիպել՝ քննարկելու պարենային անվտանգության հարցերը։

Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, որ միջանցքը բաց է, ադրբեջանական լրատվամիջոցները պարբերաբար ցուցադրում են կադրեր, թե ինչպես են ռուս խաղաղապահների մեքենաներն անարգել շարժվում Լաչինով։ Այսօր էլ ահա դիզվառելիք են տեղափոխում, ըստ ադրբեջանցիների՝ բաց միջանցքով։

Ցուցարարներն էլ նույնն են ասում։ «Մեր ակցիան խաղաղ է: Մենք որևէ մեկի ճանապարհը չենք փակել: Մեր նպատակն է պարզապես կանխել մեր բնական պաշարների թալանը և պայմաններ ստեղծել այդ տարածքներում բնապահպանական հետազոտությունների համար։ Լրատվամիջոցներով էլ կտեսնեք՝ այս ճանապարհով մարդասիրական բեռներ են անցնում», - ասում է նրանցից մեկը:

Ադրբեջանցի ցուցարարները սակայն չեն բացատրում, թե ինչու է փակ ճանապարհը բացվում միայն ռուս խաղաղապահների համար:16 օրում այստեղով հայկական երկու շտապօգնության մեքենաներ են անցել միայն, այն էլ՝ Կարմիր խաչի մի քանի մեքենաների ուղեկցությամբ. Արցախից երևան են տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 62-ամյա տղամարդու ու 4 ամսական փոքրիկի: Արցախի բուժհիմնարկներում այժմ էլ ծանր վիճակում գտնվող հիվանդներ կան, որոնց Երևան հասցնել հնարավոր չէ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG