Վրաստանում ի պաշտպանություն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հացադուլ հայտարարած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության բոլոր չորս պատգամավորները երեկ դադարեցրել են հացադուլը:
Պատգամավոր Անա Ցիտլիձեն, ով մյուսներից ավելի երկար է շարունակել հացադուլը, ականջալուր է եղել բժիշկների առաջարկություններին բողոքի ակցիայի 12-րդ օրը, երբ նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Նա նախկինում հրաժարվում էր սնվել, քանի դեռ Սաակաշվիլին դուրս չի եկել բանտից և մեկնել արտերկիր՝ բուժման:
Խորհրդարանի երեք այլ պատգամավորներ՝ Աբդուլա Իսմայլովը, Դավիթ Կիրկիտաձեն և Թեմուր Ջանաշիան առողջության վատթարացման պատճառով դադարեցրել են հացադուլը:
Միաժամանակ, Սաակաշվիլիի կողմնակիցները և նրա «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ակտիվիստները, ինչպես նաև հասարակական և մշակութային գործիչներ, երկուշաբթի օրը անժամկետ պիկետ են սկսել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նստավայրի մոտ:
Ակցիայի կազմակերպիչ՝ համալսարանի պրոֆեսոր Գիորգի Մումլաձեն լրագրողներին ասել է, որ մասնակիցները նախկին նախագահին անհապաղ ներում շնորհելու խնդրագիր են ներկայացրել նախագահի աշխատակազմ:
Նախօրեին Զուրաբիշվիլիին նույն խնդրանքով բաց նամակով դիմել էին երկրում հայտնի 500 կանայք:
Սաակաշվիլին 6 տարվա ազատազրկում է կրում իշխանության չարաշահման մեղադրանքով: Նրա դեմ ևս մի քանի գործ է հարուցվել Վրաստանում, այդ թվում՝ անցած տարի սահմանն ապօրինաբար հատելու համար:
Վրացական իշխանությունները պնդում են, թե նախկին նախագահը ձևացնում է և ինքն իրեն է վնասում արտասահման մեկնելու և բանտարկությունից խուսափելու համար:
Միխեիլ Սաակաշվիլին գաղտնի Վրաստան էր ժամանել 2021 թվականի հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախօրեին, ինչից հետո նրան ձերբակալեցին և տեղափոխեցին Ռուսթավի քաղաքի բանտ: Նա անմիջապես հացադուլ հայտարարեց՝ իրեն անվանելով քաղբանտարկյալ:
Նախկին նախագահի առողջական վիճակի վատթարացումից հետո նրան տեղափոխեցին բանտի հիվանդանոց, իսկ ավելի ուշ՝ զինվորական հոսպիտալ: 2021-ի դեկտեմբերից Սաակաշվիլին շարունակել է պատիժը կրել Ռուսթավիի բանտում, սակայն այս տարվա մայիսից նրան նորից տեղափոխեցին հիվանդանոց, այս անգամ՝ Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր կլինիկա, որտեղ էլ մնում է մինչ օրս:
Միխեիլ Սաակաշվիլին բազմիցս հայտարարել է, որ բանտում ծանր հիվանդություններ է ձեռք բերել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սաակաշվիլին պահանջում է, որ իրեն հետազոտեն արևմտյան բժիշկները