Ժամանակն է բացել ճանապարհը և Արցախի իշխանությունների հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ շեշտելով՝ ժամանակն է վերջացնել այս ամենը։
Երեկ Ադրբեջանի արտգործնախարարը Մոսկվայում, Ռուսաստանի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ, ասել է, որ Ռուբեն Վարդանյանի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում «խնդիրներ է ստեղծում տեղացի բնակչության համար, խոչընդոտում է քաղաքացիների վերաինտեգրմանը»։
Ջեյհուն Բայրամովը նաև նշել է, թե Վարդանյանի գործողությունները «հանցավոր բնույթ են կրում։ «Մինչ նրա ժամանելը դրական շփումներ կային, իսկ այդ գործոնը շատ ոչնչացնող է և խախտում է կայունությունը», - ասել է Բայրամովը։
Սերգեյ Լավրովն էլ պատասխանել է, որ Վարդանյանը Ռուսաստանի հետ որևէ առնչություն չունի։ «Վարդանյանի խնդրանքով Ռուսաստանի նախագահը նրան զրկել է քաղաքացիությունից։ Նրա Ղարաբաղ այցելելը որևէ կապ չունի Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Լավրովը։
Արձագանքելով՝ Վարդանայնը շեշտել է․ - «Ուրախ եմ, որ իմ անձի շուրջ կա նման հետաքրքրություն։ Նշանակում է, որ ես ամեն ինչ ճիշտ եմ անում արցախցիների և մեր երկրի համար»։
Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, որ չի պատրաստվում «Ղարաբաղի հայերի ճակատագիրը քննարկել» Հայաստանի իշխանությունների հետ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միաժամանակ հրապարակավ կշտամբել էր Ռուսաստանին ու պնդել, թե այս հարցի շուրջ բանակցություններ չեն վարելու նաև «Մոսկվայից ուղարկված Ռուբեն Վարդանյանի հետ»։
«Մենք պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված [Ռուբեն] Վարդանյանի նմանների, որի գրպանում ռուս ժողովրդից գողացված միլիարդներն են։ Նրան Մոսկվայից ուղարկել են հստակ օրակարգով», - ասել էր Ալիևը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը պնդում է` Ռուբեն Վարդանյանը Արցախ է գնացել «հստակ օրակարգով», Վարդանյանը հակադարձում էԷկոակտիվիստներ ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ արդեն13-րդ օրն է արգելափակում են Հայաստանը և Արցախը կապող միակ ճանապարհը:
Միջազգային հանրությունը, մեծ թվով պետությունների արտաքին գերատեսչություններ և իրավապաշտպան կազմակերպություններ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչներ պահանջում են անմիջապես վերացնել արգելափակումը, որը մարդասիրական ծանր ճգնաժամ է առաջացնում Լեռնային Ղարաբաղում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախցիներն իրենց դժգոհությունն են հայտնել ռուս հրամանատարին՝ պահանջելով բացել ճանապարհը