ԱՄՆ Սենատը հաստատել է 2023-ի բյուջեի նախագիծը, որով 44,9 միլիարդ դոլար կտրամադրվի Ուկրաինային

Մինչ Զելենսկին Վաշինգտոնից հասել է Կիև և տեղեկացրել այդ մասին, ԱՄՆ Սենատը հաստատել է եկող տարվա բյուջեի նախագիծը՝ մոտ 1,7 տրիլիոն դոլար, որից 44,9 միլիարդ դոլարը կտրամադրվի Ուկրաինային որպես օգնություն, մեծ մասը՝ 28,4 միլիարդը, ռազմական կարիքների համար։

Այսօր երեկոյան բյուջեի նախագիծը քվեարկության կդրվի Ներկայացուցիչների պալատում, իսկ վաղը այն կստորագրի նախագահ Բայդենը։

Նախօրեին Բայդենը Ուկրաինայի նախագահին Սպիտակ տանը ընդունելիս հայտարարել էր գերհզոր և գերժամանակակաից Patriot զենիթահրթիռայի համակարգեր Ուկրաինային տրամադրելու մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Այս ճակատամարտը չի կարելի սառեցնել, այն պետք է հաղթել. ԶելենսկիՔիրբի. «Բայդենը կհանդիպի Պուտինին, եթե Ռուսաստանը պատրաստ կլինի լրջորեն բանակցել»Վլադիմիր Զելենսկի. «Մենք հաղթեցինք Ռուսաստանին մտքի համար պայքարում» ԱՄՆ-ը Ուկրաինային է տրամադրում ևս 2 մլրդ դոլարի օգնություն, այդ թվում՝ Patriot-ներ

Ռուսաստանի նախագահը սակայն պնդում է, թե այդ համակարգերը հին են և հեշտորեն կհայտնվեն ռուսական բանակի թիրախում. - «Ինչ վերաբերում է Patriot-ին, ապա դա բավականին հին համակարգ է, այն չի աշխատում այնպես, ինչպես, ասենք, մեր С-300-ը։ Նրանք դա իզուր են անում: Դա միայն ձգձգում է հակամարտությունը»։

Ավելին, Պուտինը երեկ պնդել է, թե ուկրաինական զենքն արդեն վերջացել է կամ մոտ է վերաջնալուն, իսկ Ռուսաստանում ոչ միայն զենք կա, այլև կա անհրաժեշտ չափով զենք արտադրելու հնարավորություն ու ներուժ։

Երեկ Պուտինը նաև անսպասելի հայտարարություն է արել՝ ասելով, թե Ռուսաստանը ուզում է հնրավորինս արագ վերջացնել պատերազմը Ուկրաինայում և չի հրաժարվում Կիևի հետ բանակցություններից։ Ընդ որում, Ռուսաստանի նախագահը օգտագործել է պատերազմ բառը, մինչդեռ ռուսաստանցիներին դատում են, երբ ռազմական օպերացիայի փոխարեն այդ բառն են օգտագործում։

Պուտինը մամուլի քարտուղարը այսօր բացատրել է լրագրողներին, թե խոսելով պատերազմի ցանկալի արագ ավարտի մասին, Ռուսաստանի նախագահը նկատի է ունեցել, որ ռուսական բանակը արագ կհասնի իր նպատակներին. - «Բայց առաջին հերթին խոսքը հատուկ ռազմական գործողության արագ ավարտի մասին է՝ հասնելով այն նպատակներին, որոնք դրել է Ռուսաստանի Դաշնությունը»։

Ամեն դեպքում, Կրեմլի ղեկավարը երեկ նորից խոսել է հնարավոր բանակցություններից՝ կրկին պնդելով, թե ռուսական կողմը բանակցություններից երբեք չի հրաժարվել. - «Այնուամենայնիվ, վաղ թե ուշ, իհարկե ցանկացած կողմ, որը գտնվում է կոնֆլիկտի մեջ, նստում է և պայմանավորվում: Որքան շուտ այդ գիտակցումը հասնի մեր հակառակորդներին, այնքան լավ: Մենք բանակցություններից երբեք չենք հրաժարվել»։

Միևնույն ժամանակ, Կրեմլը Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր երբեք չի ասել, թե պատրաստ է զորքերը դուրս բերել օկուպացված ուկրաինական տարածաքներից, իսկ Կիևի համար սա բանակցությունները վերսկսելու նախապայման է։ Նախօրեին Վաշինգտոնում նախագահ Զելենսկի կրկին խոսել է այս մասին՝ շեշտելով, որ ռուսները պետք է դուրս գան նաև Ղրիմից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևն աշխատում է խաղաղության համաձայնագրի ուկրաինական տարբերակի վրա․ WSJ

Այդուամենայնիվ, Ուկրաինայի իշխանություններն աշխատում են Ռուսաստանի հետ խաղաղության հասնելու ծրագրի վրա և այն կարող են ներկայացնել 2023 թվականի փետրվարի վերջին, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով եվրոպացի և ուկրաինացի անանուն դիվանագետների։

Ըստ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների, Կիևի դիրքորոշումը ցանկացած հնարավոր բանակցություններում կախված կլինի մարտի դաշտում նրա դիրքերից: Ուստի Կիևը ցանկանում է մինչև հնարավոր բանակցությունները հասնել ռազմական հաղթանակների, գրում է թերթը։

Սեպտեմբերին Մեծ քսանյակի գագաթնաժողովում Զելենսկին ներկայացրել է տասը կետից բաղկացած «խաղաղության բանաձև»։ Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման համար նրա հնչեցրած պայմաններից էին Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումը, միջուկային, ռադիացիոն, էներգետիկ և պարենային անվտանգությունը, բոլոր գերիների ազատ արձակումը և ռազմական գործողությունների դադարեցումը։ Վերջերս էլ Ուկրաինայի նախագահը կոչ արեց այս ձմռանը գլոբալ գագաթնաժողով գումարել՝ Կիևի «բանաձևը» իրականացնելու համար։

Իսկ մինչ այդ մարտերը և ռմբակոծությունները շարունակվում են։ Հատկապես թեժ է Դոնեցկի մարզում, որտեղ իրավիճակը էապես չի փոխվել ․ Բախմուտ քաղաքը, որտեղ մի քանի օր առաջ այցելել էր նախագահ Զելենսկին մնում է ուկրաինացիների վերահսկողության տակ։