Նախագահ Զելենսկին այսօր այցելել է Բախմուտ, որտեղ վերջին շաբաթներին կատաղի մարտեր են ընթանում, և որը ռուսները ցանկանում գրավել ցանկացած գնով։
Ուկրաինայի գլխավոր շտաբի հաղորդագրությունը հայտնում է, որ անցած օրվա ընթացքում ռուսները շարունակել են հարձակման փորձերը Դոնեցկի մերձակայքում և ռազմաճակատի ամենահյուսիսային հատվածում՝ Սվատովոյի և Կրեմեննայա շրջաններում։
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի տվյալներով, ռուսները վերջին օրերին, մի կողմից, կորցրել են որոշ դիրքեր Բախմուտից հարավ ընկած հատվածում, մյուս կողմից, դիրքեր են գրավել քաղաքի ծայրամասերում։
Պատերազմի տասը ամիսների ընթացքում ուկրաինացիները ռուսական օկուպացիայից ազատագրել են ավելի քան 74 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Սա Ուկրաինայի տարածքի 12,3 տոկոսն է։
Սակայն ռուսները դեռ վերահսկում են մոտ 87 հազար քառակուսի կիլոմետր ուկրաինական հող կամ երկրի տարածքի մոտավորապես 14,4 տոկոսը։ Եվ սա երկու անգամ ավելի է, քան եղել է մինչև փետրվարի 24-ի ներխուժումը։
Ամերիկացի վերլուծաբանների այս տվյալների համաձայն, ուկրաինացիներին այդուամենայնիվ հաջողվել է ազատագրել փետրվարի 24-ից հետո ռուսների վերահսկողության տակ անցած տարածքների մեծ մասը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ ծառայությունների օրվա կապակցությամբ իր խոսքում այսօր թերևս առաջին անգամ խոստովանել է․ իրավիճակը Ուկրաինայի բռնակցված շրջաններում «չափազանց բարդ է». - «Իրավիճակը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում ծայրահեղ բարդ է».
Ուկրաինայի նախագահն էլ իր երեկվա ուղերձում հայտարարել է, թե Կրեմլը պարզապես չգիտի, թե ինչպես սեփական ընդունել սխալները. - «Ուղղակի մտածեք դրա մասին. Ռուսաստանն արդեն կորցրել է մոտ 99 հազար զինվոր Ուկրաինայում: Ինչի՞ համար։ Մոսկվայում ոչ ոք պատասխան չունի և չի ունենալու»։
Ռուսները, չնայած կորուստներին, տնտեսական լուրջ խնդիրներին, ռուբլու նոր անկմանը, մտադիր չեն կանգ առնել։ Հակառակը՝ իշխանությունները ուժեղացնում են ճնշումը նաև Ռուսաստանի ներսում։
Այսօր նախագահ Պուտինը կոչ է արել երկրի հատուկ ուժերին է'լ ավելի կոշտ գործել դավաճաններին բացահայտելու գործում․ - «Խստորեն ճնշել օտարերկրյա հետախուզական ծառայությունների գործողությունները, արագ բացահայտել դավաճաններին, լրտեսներին և դիվերսանտներին»։
Այս հայտարարություններից մեկ օր առաջ Պուտինը առաջին անգամ վերջին տարիների ընթացքում այցելել էր Բելառուս և հանդիպել նախագահ Լուկաշենկոյին, որը թույլ տվեց ռուսներին օգտագործել իր երկրի տարածքը փետրվարին Ուկրաինայի դեմ հարձակում սսկելու համար։
Լուկաշենկո - Պուտին երեկվա հանդիպումից հետո Կիևը հայտարարել է, թե Բելառուսի տարածքից նոր, հնարավոր հարձակման վտանգ է տեսնում՝ միաժամանակ հավաստիացնելով, որ քայլեր է ձեռնարկում դրան դիմակայելու համար։
«Մենք ամենայն ուշադրությամբ հետևում ենք Բելառուսից Ռուսաստան զենքի տեղաշարժին», - հայտարարել է ուկրաինայի ԶՈՒ հրամանատար Սերգիյ Նայեևը՝ հավելելով, որ ռազմական սպառնալիքի մակարդակը գնալով բարձրանում է. - «Բայց մենք էլ համարժեք քայլեր ենք ձեռնարկում դրանց արձագանքելու համար»։
Ուկրաինայի արտգործնախարարությունը, մինչդեռ, արձանագրել է այն հանգամանքը, որ Պուտինն ու Լուկաշենկոն երեկվա հանդիպմանն այդպես էլ որևէ առանցքային որոշման չեն հանգել։
Ինքը Լուկաշենկոն երեկ Պուտինի հետ համատեղ մամուլիս ասուլիսին մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել, սակայն ոչինչ չի ասել ուկրաինական պատերազմի մասին. - «Գիտեք, մենք երկուսս էլ ագրեսոր ենք, ամենավնասակար և թունավոր մարդիկ այս մոլորակի վրա»։
Թեև Բելառուսը պաշտոնապես չի մասնակցում ռուս-ուկրիանական պատերազմին, սակայն երեկ հաղորդվեց, որ Մոկսվան Բելառուսին տրամադրել է С-400 և Իսկանդեր հրթիռային համակարգեր, որոնք, Լուկաշենկոյի խոսքով, արդեն մարտական հերթապահության են դրվել։