Սննդի, դեղորայքի բացակայությունն Արցախում ամենուր է նկատելի

Իրավիճակն իսկապես ծանր է. Ռուբեն Վարդանյան

Իրավիճակն իսկապես ծանր է, առավոտյան Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց Արցախի պետնախարարը՝ շեշտելով՝ լուրջ է հատկապես սննդի ու բենզինի հարցը։

«Հավատացեք, ամեն ինչ հետևում ենք, նայում ենք, փորձում ենք լուծումները գտնել տարբեր խնդիրների, որոնք կան», - ասաց նա:

Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ լուծումներն այնպիսին պետք է լինեն, որ արցախցիները չկորցնեն իրենց արժանապատվությունը։ Թե խոսքն ինչի մասին է, պաշտոնյան այդպես էլ չի հստակեցրել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պետք է աշխատել Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ. Փաշինյան

Մինչ այդ արդեն 11 օր շարունակ փակ ճանապարհի պատճառով Արցախում օր օրի նոր խնդիրներ են ավելանում. «Ցավոք սրտի, մի քանի մարդ մահացել է, և մենք չենք կարող բերել Արցախ, ունենք նաև խնդիրներ, որ ընտանիքներից բաժանված են»:

Արցախի պետնախարարը հայտարարել է՝ պետք է պատրաստ լինել, որ այս իրավիճակը կարող է նաև երկարաժամկետ լինել: Վարդանյանն այս մասին ասել է արցախցի ծնողներին, որոնց երեխաները շրջափակման պատճառով Հայաստանում են:

Երեկ ռուս խաղաղապահների առջև էլ էր ճանապարհը փակվել

Արցախի մարդու իրավունքերի պաշտպանը երեկ հաղորդեց, որ ադրբեջանցիները ճանապարհը փակել են նաև ռուսների առջև: Գեղամ Ստեփանյանն ասածը հաստատող տեսանյութ էր տեղադրել։

Այսօր արդեն ադրբեջանական լրատվամիջոցների ուղիղ եթերներում երևաց, որ ռուս խաղաղապահների 5 բեռնատարներն անարգել անցնում են բնապահպան ներկայացող ադրբեջանցիների միջով։ Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի ուշ հայտնեցին, թե դրանք ռուս խաղաղապահների մատակարարումն ապահովող բեռնատարներ են եղել։

Ոչ մի մատակարարում չի իրականացվում

Մինչ այդ Հայաստանից արդեն 11 օր ոչ մի մատակարարում չի իրականացվում։ Սննդի, բանջարեղենի, դեղորայքի ու այլ անհրաժեշտ ապրանքների բացակայությունն Արցախում ամենուր է նկատելի։ Խանութներում դատարկ ու չհամալրվող դարակներ, փակված բանջարեղենի խանութներ։

«Չունենք շաքարավազ, ձեթ, բրինձ, մակարանողենի տեսականի չունենք, ուտելիքի տեսականիից մեծ մասը, չունենք երշիկ, նրբերշիկ, հիմնականում կարելի է ասել՝ ոչ մի բան չունենք, անգամ աղ», - ասաց կանանցից մեկը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախում բուժօգնության կարիք ունեցող ծանր հիվանդներից մեկը մահացել է

Ստեփանակերտի շուկայում էլ մի քանի տասնյակ վաճառասեղաններից մեկ-երկուսն են գործում՝ այն էլ գրեթե դատարակ. միրգ, բանջարեղեն չկա. «Շուկայի կեսը տունն են արդեն, որովհետև ծախելու ոչինչ չունեն: Այն ապրանքը, ինչ բերվում է Երևանից, չունենք արդեն ոչ մի բան: Գինը նույն ձևի պահում ենք: Եթե միջանցքը չբացեն, օրինակ՝ կարտոֆիլի համար ես երևի մի 3-4 օր կարողանամ աշխատել»:

Նույն ընթացքում բնապահպան ներկայացող ադրբեջանցիների նոր հերթափոխը երգ-երաժշտության ներքո, նույն կարգախոսներով շարունակում է փակ պահել ճանապարհը, իսկ Բաքվից հայտարարում են, թե Հայաստանն արհեստականորեն հումանիտար իրավիճակի վատթարացման տպավորություն է ստեղծել։

Մինչ այդ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով երկրորդ շաբաթն է՝ ծնողներ, երեխաներ չեն կարողանում իրենց ընտանիքներին միանալ։ Փոքրերի երազանքներն էլ են այս օրերին կապված Լաչինի միջանցքի հետ։

«Ամենամեծ երազանքս այս պահին մայրիկիս և հայրիկիս տեսնելն է...», - ասում է երեխաներից մեկը: