Մատչելիության հղումներ

Լաչինի միջանցքով անցել են ռուս խաղաղապահների մատակարարումն ապահովող բեռնատարները


Արցախում ռուս խաղաղապահների ավտոշարասյուն, դեկտեմբեր, 2022թ.
Արցախում ռուս խաղաղապահների ավտոշարասյուն, դեկտեմբեր, 2022թ.

«Թրենդ» ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 22-ին տեղական ժամանակով մոտավորապես ժամը 11-ին Լաչինի միջանցքով «անարգել անցել են ժամանակավորապես տեղակայված ռուս խաղաղապահների մատակարարումն ապահովող 5 բեռնատար մեքենաներ»:

«Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ բողոքի ակցիայի մասնակիցները երթևեկության խոչընդոտներ չեն ստեղծում», - պնդել է ադրբեջանցի թղթակիցը

«Թրենդ»-ը նշում է, թե «Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Շուշիի մոտակայքում արդեն 11 օր է բողոքի ակցիա են անցկացնում ռուսաստանցի խաղաղապահների տեղադրած անցակետի մոտ և պահանջում պայմաններ ապահովել ադրբեջանական հանքերի տարածքում մոնիտորինգ իրականացնելու համար»:

Երեկ հաղորդվել էր, որ ադրբեջանցիները թույլ չեն տվել ռուս խաղաղապահների ավտոշարասյանը անցնել Լաչինի միջանցքով, հրապարակվել էր նաև տեսանյութ:

Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։

Խնդիրը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Ինչպես ՄԱԿ ԱԽ անդամ պետությունները, այնպես էլ Եվրադատարանը Ադրբեջանից պահանջել են ապաշրջափակել Լաչինի միջանցքը:

XS
SM
MD
LG