Մատչելիության հղումներ

ԼՂ ԱԺ-ն Արցախ և հարակից տարածքներ մոնիտորինգային խումբ գործուղելու կոչ է անում ՄԱԿ-ին


Արցախի Ազգային ժողովը դիմում է ՄԱԿ-ին՝ կոչ անելով կիրառել միջազգային անհրաժեշտ գործիքակազմեր, մասնավորապես, Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) շրջանակում մոնիտորինգային խումբ գործուղել Արցախ և հարակից տարածքներ՝ «Ադրբեջանի իշխանությունների սադրանքները քողազերծելու, տարածաշրջանային բնապահպանական հիմնախնդիրներին ծանոթանալու և համապատասխան եզրակացություններ ներկայացնելու նպատակով»։

Արցախցի խորհրդարանականներն ակնկալում են «գործուն քայլերով հանգուցալուծելու տարածաշրջանում ստեղծված ճգնաժամային իրավիճակը»։

Պատգամավորները հայտարարությունում շեշտել են՝ 2022թ. դեկտեմբերի 12-ին՝ կեղծ բնապահպանական պատրվակով, Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակումը հումանիտար աղետի վերածվելու և փխրուն խաղաղությունը խաթարելու ու տարածաշրջանային նոր ապակայունացման միտում ունի:

Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։

XS
SM
MD
LG