Մատչելիության հղումներ

Ուզած, թե չուզած, Ադրբեջանի վրա լինելու է միջազգային դատարանների իրավական ճնշումը. Լիպարիտ Դրմեյան


Արցախում գազամատակարարումը վերականգնելու Ադրբեջանի որոշման վրա ազդել են նաև միջազգային դատարաններ ուղարկված Հայաստանի գանգատները, ասում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։

«Այսօր Արցախից մենք տեղեկացանք, որ գազի մատակարարումը, կարծես թե, վերականգնվել է: Գազի մատակարարման ընդհատման խնդիրը ներկայացված երկու գործընթացների կոմպոնենտներից մեկն էր», - ասաց նա:

Լաչինի միջանցքը փակելու, Արցախի գազամատակարարումը խափանելու ու մարդկանց բուժօգնությունից ու կյանքի տարրական իրավունքներից զրկելու Ադրբեջանի գործողությունների մասին Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի միջազգային, Մարդու իրավունքների եվրոպական դատարաններ, պահանջել, որ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառեն ու պարտադրեն բացել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն, արագ արձագանքելով, Ադրբեջանին ժամանակ է տվել, որ մինչև երկուշաբթի պատասխանեն Հայաստանի ներկայացրած պահանջին, ինչից հետո դատարանը վերջնական որոշում կկայացնի:

Ի՞նչ նշանակություն կունենա Եվրադատարանի որոշումը, արդյոք կհաջողվի՞ ճնշել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, Լիպարիտ Դրմեյանն ասում է. «Արտաքին հարթակում, միջազգային հարթակներում Ադրբեջանը պետք է փորձի հանդես գալ որպես իր պարտավորությունները պատշաճ կատարող պետություն, ուզած թե չուզած ինչ-որ մի պահի պետք է որոշակի գործողություն կատարվի»:

Միջազգային իրավական ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր ճնշել Ադրբեջանին, որ բացի Լաչինի միջանցքը։ Միջազգային դատարաններում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը պարզաբանում է՝ դատարանի որոշումները չկատարելու դեպքում ֆինանսական ու քաղաքական ճնշումներ կգործեն, բայց պետությունը կարող է անտեսել դրանք ու չկատարել դատարանի որոշումները։

«Ես չեմ կարծում, որ Ադրբեջանն այդպիսի արկածախնդրության կգնա ու իրեն կիզոլացնի բոլոր միջազգային կառույցներից ու ամբողջ միջազգային համայնքից, և հենց դրանով է պայմանավորված, որ դատական ակտերը պարտադիր են լինելու կատարման, այսինքն՝ ուզած թե չուզած Ադրբեջանի վրա լինելու է այդ իրավական ճնշումը» - նշեց նա:

Արդյոք միջազգային դատարաններ ներկայացված Հայաստանի դիմումները կարող են կանխարգելիչ նշանակություն ունենալ, որ Ադրբեջանը չկրկնի այս օրերի հումանիտար աղետը։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի կարծիքով՝ կանխարգելիչ նշանակություն գուցե չունենան, բայց միջազգային ատյանների ճնշումներն անհետեւանք չեն մնում։

«Մարտից հետո օրինակ՝ հիմա գազը չպիտի անջատեր Ադրբեջանը, բայց տեսնում ենք, որ անջատել է, բայց կարևորը, թե արձագանքի ինչպիսի որակական տարբերություններ ենք տեսնում թե դատարանների կողմից, թե միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, թե անհատ պետությունների քաղաքական ղեկավարների կողմից», - շեշտեց ՄԻ պաշտպանը:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բաց պահելու, անխափան գործելու համար պետք է քայլեր ձեռնարկել, որ հարցը եռակողմ հայտարարությամբ սահմանված երաշխիքներից հասնի միջազգային մակարդակի երաշխիքների, այս անգամ բացելը դեռ չի նշանակում, որ ճանապարհն էլ չի փակվելու։

XS
SM
MD
LG