Մոսկվայում վաղը չի կայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
Մոսկվայում վաղը չի կայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանը չի մեկնի այդ հանդիպմանը, քանի որ այս պահին նրա առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկումն է։
«Հայկական կողմը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մասնակցության իր պատրաստակամությունը հաստատել էր շուրջ 2 շաբաթ առաջ՝ մինչև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը», - բացատրել է Արտգործնախարության խոսնակ Վահան Հունանյանը։
Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույցում ափսոսանք են հայտնել Երևանի որոշման համար։ Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ անհրաժեշտ է ապահովել եռակողմ հայտարարությունների համաձայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև Լաչինի միջանցքով անխոչընդոտ կապը։ Ըստ ադրբեջանական կողմի՝ նույն հեռախոսազրույցում Բայրամովը պնդել է, որ ճանապարհն իրականում բաց է։
«Ադրբեջանական կողմը երաշխավորում է Լաչինի ճանապարհով տեղաշարժի անվտանգությունը՝ համաձայն իր պարտավորությունների, ճանապարհը բաց է, ինչպես երևում է միջազգային կազմակերպության տրանսպորտային միջոցների տեսագրությունից։ Դրանով շարժվում են Կարմիր խաչի կոմիտեն, հայկական շտապօգնության մեքենաները, խաղաղապահ զորախումբը և այլ մեքենաներ», - ասել է Բայրամովը։
Լեռնային Ղարաբաղում շրջափակման 11-րդ օրը հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված. վարչապետ
Մինչդեռ միջանցքը փաստացի փակ է արդեն 11 օր, ավելին՝ կա տեսագրություն, թե ինչպես են ադրբեջանցիները արգելում ռուս խաղաղապահների բեռնատարի անցումն այդ ճանապարհով: Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված, կառավարության նիստին այսօր հայտարարեց Հայաստանի վարչապետը՝ նորից շեշտելով՝ Լաչինի միջանցքը փակելու Ադրբեջանի գործողությունն ապօրինի է և խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։
«Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը, այն է վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը: Իհարկե, նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա և մասնավորապես վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը», - ասաց նա:
Վարչապետն այսօր ընդհանուր առմամբ դրական գնահատեց Արցախում ստեղծված ճգնաժամին միջագային արձագանքը հատկապես այն երկրների, որոնք հստակ գնահատական տվեցին կատարվածին ՄԱԿ-ի ամբիոնից։ Սակայն, ըստ Փաշինյանի՝ դա բավարար չէ, և պետք է աշխատել միջազգային փաստահավաք խումբ Ղարաբաղ գործուղելու ուղղությամբ։
«Ակտիվորեն պետք է աշխատել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ: Պիտի նաև արձանագրեմ, որ այս ընթացքում Ադրբեջանը շարունակում է փորձերը Հայաստանին մեղադրել իր ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ: Նման փորձերը սին են և հիմնազուրկ, և այս թեմային ես բազմիցս եմ անդրադարձել», - նշեց նա:
Ղարաբաղում միջազգային մեխանիզմների անհրաժեշտության մասին Փաշինյանը խոսել էր նաև այս տարվա օգոստոսին՝ նշելով, որ «եթե Լեռնային Ղարաբաղի շփման գծի ավտանգությունը չի ապահովվում, հարկավոր է մտածել լրացուցիչ՝ միջազգային մեխանիզմների գործարկման մասին»։ Մինչ օրս, սակայն, Ադրբեջանը չի հաստատել անգամ խաղաղապահների միջազգային մանդատը, հայտնի չէ նրանց լիազորությունների շրջանակը, մասնավորապես, կարող են արդյոք ուժով բացել իրենց վերահսկողության տակ գտնվող փակ միջանցքը։ Այս հարցն ուղղել ենք կառավարությանը, սակայն պատասխան դեռ չունենք։
Մոսկվան արձագանքում է
Լաչինի միջանցքը վերահսկել չկարողանանալու մասին ռուսներին ուղղված մեղադրանքների ֆոնին՝ Մոսկվան, իր հերթին, հայտարարում է, թե խաղաղապահները պահպանում են կարգուկանոնն ու անդորրը։
«Ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի ապահովեն կարգուկանոն ու անդորր այն տարածքներում, որտեղ նրանք աշխատում են։ Եվ նրանք գործում են բացառապես համապատասխան այն փաստաթղթերի ոգուն և տառին, որոնք ստորագրվել են կողմերի միջև»,- լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։
Դմիտրի Պեսկովից ավելի կտրուկ է արտահայտվել Արտգործնախարարության խոսնակը՝ նշելով, որ «նման վերաբերմունք խաղաղապահների նկատմամբ չի ընդունվում»։
«Իրենց առաքելությունը ռուս խաղաղապահները իրականացնում են։ Լարումներ եղել են նաև մինչև այս դեպքերը, խնդիրներ են եղել, կողմերը միմյանց մեղադրանքներ են ներկայացրել, և հենց ռուս խաղաղապահներն են, որ արել են ամեն ինչ իրավիճակը կայունացնելու համար, սա ստացվել է, հետևաբար ընդունելի չէ մեր խաղաղապահների նկատմամբ նման վերաբերմունք», - ճեպազրույցին արձագանքելով Փաշինյանի այսօրվա հայտարարությանը՝ ասել է Զախարովան։
Զախարովան կրկնել է Ռուսաստանի դիրքորոշումը, որ Լաչինի միջանցքի բլոկադան պետք է դադարեցնել և կարգավորել տարաձայնությունները հանքերի շահագործման շուրջ։ Ըստ խոսնակի՝ գազի մատակարարումը վերականգնվել է խաղաղապահների շնորհիվ, ապահովվում է նաև շտապօգնության մեքենաների երթևեկությունը։
Նշենք, սակայն, որ 11-օրյա շրջափակման ընթացքում Արցախից Հայաստան է եկել ընդամենը մեկ շտապօգնության մեքենա։ Միջանցքի փակ լինելու պայմաններում անորոշ է նաև խաղաղության պայմանագրի ճակատագիրը։ Այսօր Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը Բաքվին է փոխանցել պայմանագրի մասին իր առաջարկները և սպասում է արձագանքի. «Եվ մենք պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը: Հույս ունեմ՝ Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի»:
Դեռ դեկտեմբերի սկզբին հայկական կողմն ասել էր, որ Բաքվից ստացել են առաջարկների 3-րդ փաթեթը, մի քանի շաբաթ քննարկելուց հետո փաստորեն Արտգործնախարարությունը դրանց պատասխանել է, բովանդակությունն առայժմ հայտնի չէ։