Արգենտինայի հավաքականը երրորդ անգամ դարձավ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն:
Կիրակի երեկոյան աշխարհի կրկնակի չեմպիոններ Արգենտինայի և Ֆրանսիայի ընտրանիների անչափ դրամատիկ հանդիպմամբ ավարտվեց Քաթարում անցկացվող աշխարհի առաջնությունը:
Եզրափակիչում նախ արգենտինացիները երկու անգամ գրավեցին ֆրանսիացիների դարպասը՝ 23-րդ րոպեին Լիոնել Մեսսին՝ 11-մետրանոցից, և Անխել Դի Մարիան՝ 36-րդ րոպեին: Սակայն երկրորդ խաղակեսի վերջում Կիլիան Մբապեն նախ կրճատեց հաշվի տարբերությունը՝ 80-րդ րոպեին, ապա մեկ րոպե անց վերականգնեց հավասարակշռությունը:
Թիմերը մեկական գոլ փոխանակեցին նաև լրացուցիչ կես ժամում՝ Մեսսին՝ 108-րդ րոպեին, և Մբապեն՝ 118-րդ րոպեին՝ կրկին 11-մետրանոցից:
Ի վերջո, հետխաղյա 11-մետրանոցներում ավելի հաջողակ էին արգենտինացիները՝ 4:2, և Արգենտինայի հավաքականը երրորդ անգամ նվաճեց աշխարհի գավաթը:
Լիոնել Մեսսին ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ, Կիլիան Մբապեն՝ լավագույն ռմբարկու՝ 8 գոլով, Արգենտինայի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը՝ լավագույն դարպասապահ:
Արգենտինայի հավաքականն անհաջող էր մեկնարկել Քաթարի աշխարհի առաջնությունում՝ 1:2 հաշվով պարտվելով Սաուդյան Արաբիայի ընտրանուն, այնուհետև 2:0 հաշվով հաղթել է Մեքսիկային ու Լեհաստանին, 1/8 եզրափակիչում 2:1 հաշվով հաղթել է Ավստրալիային, քառորդ եզրափակիչում ոչ-ոքի՝ 2:2 է խաղացել Նիդերլանդների հետ, ապա հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել 4:3 հաշվով, կիսաեզրափակիչում 3:0 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի նկատմամբ:
Ֆրանսիայի հավաքականը առաջնության խմբային փուլում 4:1 հաշվով հաղթել է Ավստրալիային, 2:1 հաշվով՝ Դանիային, 0:1 հաշվով զիջել է Թունիսին, 1/8 եզրափակիչում 3:1 հաշվով հաղթել է Լեհաստանին, քառորդ եզրափակիչում՝ 2:1 հաշվով Անգլիային, կիսաեզրափակիչում՝ 2:0 հաշվով Մարոկկոյի ընտրանուն:
Ֆրանսիան աշխարհի առաջնությունում գրավեց երկրորդ տեղը և արժանացավ արծաթե մեդալների՝ 2018-ին նվաճած աշխարհի գավաթը փոխանցելով Արգենտինային, երրորդ տեղը գրավեց և բրոնզե մեդալների արժանացավ Խորվաթիան, որը չորս տարի առաջ երկրորդն էր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խորվաթիան՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Your browser doesn’t support HTML5