Շաբաթ երեկոյան Քաթարում ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության նախավերջին խաղում Խորվաթիայի ազգային հավաքականը 2:1 հաշվով առավելության հասավ Մարոկկոյի ընտրանու նկատմամբ և գրավեց երրորդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալները:
Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց Ջոշկո Գվարդիոլը, 9-րդ րոպեին Աշրաֆ Դարին վերականգնեց հավասարակշությունը, սակայն 42-րդ րոպեին խորվաթները կրկին առաջ անցան՝ գոլի հեղինակ դարձավ Միսլավ Օրշիչը: Երկրորդ խաղակեսում գոլ չգրանցվեց՝ չնայած երկու թիմերի դարպասների մոտ մի քանի սուր պահերին:
Խորվաթիան 2018 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած աշխարհի ֆուտբոլի առաջնության եզրափակչում պարտվել է Ֆրանսիային և վաստակել արծաթե մեդալները: Քաթարում կիսաեզրափակիչում Խորվաթիայի թիմը զիջել է Արգենտինային:
Խմբային փուլում խորվաթները ոչ-ոքի են ավարտել հանդիպումները Մարոկկոյի և Բելգիայի հետ, հաղթել են Կանադային, 1/8 և քառորդ եզրափակիչներում ոչ-ոքի են խաղացել Ճապոնիայի և Բրազիլիայի հետ, որոնց նկատմամբ առավելության են հասել հետխաղյա 11-մետրանոցներով, իսկ կիսաեզրափակիչում զիջել են Արգենտինայի ընտրանուն:
Մարոկկոն արաբական և աֆրիկյան երկրներից առաջինն է, որը կարողացել է անցնել կիսաեզրափակիչ և այդպիսով պատմական նվաճում է գրանցել:
Մարոկկացիներն այդ ճանապարհին հաղթել են անցած առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիային, աշխարհի 2010 թվականի չեմպիոն Իսպանիային և Եվրոպայի 2016-ի չեմպիոն Պորտուգալիային, բայց կիսաեզրափակիչում պարտվել են գործող չեմպիոն Ֆրանսիային:
Վաղը Քաթարում տեղի կունենա Ֆրանսիա-Արգենտինա եզրափակիչը, և դրանով ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունը կավարտվի:
2026 թվականի աշխարհի առաջնությունը համատեղ կանցկացնեն Միացյալ Նահանգները, Կանադան և Մեքսիկան: