Ադրբեջանցիների պնդմամբ՝ «ռուս խաղաղապահները չեն ապահովել հանքերում մոնիտորինգ անցկացնելու պայմաններ»

Ադրբեջանցիներն արգելափակել են Լաչինի միջանցքը, 12-ը դեկտեմբերի, 2022թ.

Ադրբեջանական կողմը պնդում է, թե «Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների զորախումբը հանքերում մոնիտորինգի պայմաններ չի ապահովել»: Այդ մասին հայտարարել է Լաչինի միջանցքում բողոքի ակցիաների մասնակից, «մոնիտորինգային խմբի» նախագահ Մասիմ Մամեդովը:

«Էկոնոմիկայի, բնապահպանության և բնական պաշարների նախարարությունների, գույքի կառավարման հարցերով պետական ծառայության և AzerGold ընկերության ներկայացուցիչները ռուս խաղաղապահների շտաբում հանդիպում են անցկացրել», - ասել է Մամեդովը:

Ըստ նրա՝ ադրբեջանցիները խոսել են «Ղըզըլբուլաղի» (Կաշեն) և «Դյամիրլիի» (Դրմբոն) հանքերում մոնիտորինգ անցկացնելու անհրաժեշտության մասին:

«Դժբախտաբար, մոնիտորինգի համար վերստին չեն եղել անհրաժեշտ պայմաններ, և դրված խնդիրը չենք կարողացել լուծել», - ասել է Լաչինի միջանցքում հավաքված լրագրողներին Մասիմ Մամեդովը:

Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակվել է դեկտեմբերի 12-ի առավոտյան։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։