Մատչելիության հղումներ

Լաչինի միջանցքի բացման հնարավորություն կա. Դավիթ Բաբայան


Արցախի արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի համոզմամբ՝ հնարավորություն կա, որ առաջիկայում Լաչինի միջանցքը բացվի։ Կոնկրետ ժամկետներ Բաբայանը խուսափեց նշել՝ ասելով միայն, որ այս պահին աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։

Այն, որ այսօր Լաչինի միջանցքը կարող է բացվել, չէր բացառել Արցախի Պետ նախարար Ռուբեն Վարդանյանը։

«Բաներ կան, որ, իհարկե, մենք հրապարակային չենք կարող ասել, բայց մեծ աշխատանք է տարվել Արցախ-Հայաստան-սփյուռք, և՛ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, և՛ մեր տարբեր խողովակներով, կարծում եմ, որ հնարավորություն կա բացվելու: Հուսով ենք, որ կբացվի, բայց, այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ նման միջադեպերը, նման ահաբեկչական գործողությունները կարող են լինել շարունակական, ըստ երևույթի այդպես է լինելու», - ընդգծեց Դավիթ Բաբայանը:

Արցախի արտգործնախարարի պաշտոնակատարը վստահեցրեց՝ Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացելու համար նախապայմաններ չկան՝ շեշտելով, որ միջանցքի փակումը միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։ Արձագանքելով Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու մասին ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին, Դավիթ Բաբայանն ասաց՝ դա անգամ քննարկման ենթակա չէ, ըստ եռակողմ հայտարարության միջանցքում հսկողություն են իրականացնում միայն ռուս խաղաղապահները։

«Սա Արցախի համար ոչ թե լինելու է անցման կետ, հսկիչ կետ կամ մաքսակետ, լինելու է բանտ տանելու մի կետ, որովհետև ամեն մեկին բռնելու են: Չեմ կարծում, որ այստեղ կարող է լինել որևէ հետնահանջ, դա անհնարին է», - նշեց արցախցի պաշտոնյան:

Ինչ վերաբերում է միջանցքը բացելու շուրջ բանակցություններին, ապա, ըստ Բաբայանի, Ստեփանակերտի և Բաքվի միջև կան ընդամենը տեխնիկական քննարկումներ. - «Ադրբեջանի հետ Արցախը չի բանակցում: Ադրբեջանի հետ կան շփումներ, բայց այդ շփումները տեխնիկական բնույթ են կրում, տեխնիկական շփումներ կան միջնորդավորված՝ ռուս խաղաղապահների մասնակցությամբ, առանց դրա հնարավոր չի, բայց դա բանակցություն չէ, որովհետև Ադրբեջանը հրաժարվում է Արցախի հետ բանակցել: Նրանք երբ որ ասում են՝ «բերեք բանակցենք», նրանց տեսլականը տարբերվում է մերից, այսինքն, իրենք պատրաստ են բանակցել աբորիգենների հետ, որոնք պետք է ներողություն խնդրեն, ծնկաչոք գնան և ասեն՝ «ներողություն, մենք գալիս ենք», չէ, դա մեզ համար ընդունելի չէ»:

Արցախի արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանն այսօր Ազգային ժողովում էր։ Նա հանդիպել է թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր պատգամավորներին։

Ինչպես խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր «Պատի ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանն ասաց՝ միասնաբար պետք է հասկանան՝ ի՞նչ անել արցախահայերի իրավունքները պաշտպանելու համար։ Խոսելով առաջիկայում Լաչինի միջանցքի բացման հնարավորության մասին՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն ասաց, թե լավատեսական ազդակներ իրենք էլ են ստանում, բայց ճանապարհը շարունակում է փակ մնալ։

«Տարբեր օղակներից հաճախ ստանում եմ, երեկ ասում էին՝ երեկ է բացվելու, առաջին օրը ասում էին՝ այդ օրն է բացվելու ճանապարհը, բայց մենք տեսնում ենք, որ մինչ այս պահը Լաչինում Արցախի կենսական ճանապարհը փակ է, և շարունակում են հումանիտար լրջագույն խնդիրներ առաջանալ Արցախում, - նշեց Թովմասյանը:

Ինչո՞ւ ռուս խաղաղապահները 5 օր շարունակ բնապահպան-ակտիվիստ ներկայացող ադրբեջանցիների կողմից փակված Լաչինի միջանցքը չեն բացում։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը առանց փակագծեր բացելու նշում է, թե բազմաթիվ հաշվարկների հիման վրա են ռուս խաղաղապահները զսպվածություն ցուցաբերում։ Ընդդիմադիր պատգամավորը մտացածին համարեց իշխանական պատգամավորների այն պնդումները, թե ճանապարհը չբացելով Ռուսաստանը ճնշումներ է բանեցնում Հայաստանի վրա։

«Քաղաքական մեծամասնությունը այս դեպքերը գործադրեց ոչ թե դիվանագիտական գործողություններ իրականացնելու, այլ՝ հերթական անգամ Ազգային ժողովի ամբիոնը ծառայեցրեց Ռուսաստանի դեմ ելույթներ ունենալու, մտացածին, հնարովի, կիսապաշտոնական հայտարարություններ անելով Ռուսաստանի դեմ: Սեփական անգործությունը փորձում են բարդել ուրիշների վրա», - ասաց Մանուկյանը:

«Ազատության» հարցին՝ ռուս խաղաղապահների կողմից ճանապարհը չբացելը ընդամենը զսպվածություն է դիտարկո՞ւմ, թե՞ կոնկրետ քաղաքականության հետևանք, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. - «Ավելի գործուն քայլեր պետք է լինեին, բայց Հայաստանի Հանրապետությունը եռակողմ հայտարարության տակ ստորագրություն դրած կողմ է, երաշխավորն է Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության անվտանգության»:

Իսկ թե ինչո՞ւ չեն բացում միջանցքը, Մանուկյանն արձագանքեց. - «Փակ դռների ետևում քննարկումներին, ցավոք սրտի, ընդդիմությունը մասնակցություն չունի, տեղեկություններ չունի»:

Վերջին օրերին իշխանական պատգամավորները սուր քննադատության են ենթարկում Ռուսաստանին և ռուս խաղաղապահներին՝ եռակողմ հայտարարությամբ իրենց պարտավորությունները չկատարելու և Լաչինի միջանցքը չբացելու համար։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները մեղադրում են Ռուսաստանին՝ Ադրբեջանի հետ միասին գործելու և Արցախը հայաթափելու մտադրության համար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG