Լաչինի միջանցքը փակ է, արդեն 5 օր: Առավոտից Արցախի պետնախարարը, հետո այլ աղբյուրներ չէին բացառում, ենթադրում էին, կարծում էին, որ միջանցքն ադրբեջանցիներն այսօր բացելու են:
«Դա իրենց որոշումն է, դա իրենք են որոշել, որովհետև զգացել են՝ ինչ սխալ են արել», - ընդգծեց պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Իրենց բնապահպան անվանող ցուցարարները տեղում են և արդեն ծխում են նրանց երեկոյան խարույկները, տեղում են նաև ադրբեջանական 5 վրանները, բազմաթիվ դրոշները։ Այսօր առավոտյան և երեկոյան են ցուցարարները մի պահ հետ քաշվել՝ ռուս խաղաղապահներին բեռներ տանող մի քանի մեքենաների համար: Ադրբեջանական լրատվամիջոցները ազդարարեցին, թե խաղաղ ցուցարարները ճամփա են բացել հայերի համար նախատեսված հումանիտար օգնության առջև, Արցախի կառավարությունից հերքում են՝ որևէ օգնություն արցախցիները չեն ստացել, ճանապարհն իրենց համար մնում է փակ:
Օրն, այնուամենայնիվ, դրական լուրով բացվեց՝ Ադրբեջանը 75 ժամ արցախցիներին առանց գազի ու ջեռուցման թողնելուց հետո բացել է Արցախ մտնող գազատարի փականը՝ առանց որևէ նախապայմանի, առավոտյան տեսակապով տեղեկացրեց Ռուբեն Վարդանյանը. - «Առանց որևէ նախապայմանի, առանց որևէ զիջմանի հարևան պետությունը վերականգնել է գազի մատակարարումը մեզ համար»:
Այժմ գազ կա Արցախի ողջ տարածքում՝ օրվա առաջին կեսին լցակայաններում արդեն կուտակումներ էին, անհատական մեքենաներ ու տաքսիներ:
Արցախում մինչև այսօր երեկո վառելիք տրամադրվում էր միայն կտրոնով՝ առողջապահական հիմնարկներին, հանրային տրանսպորտին, սննդի տեղափոխման ու հուղարկավորության կազմակերպման համար:
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, սակայն, մնում է փակ, որևէ մատակարարում չի իրականցվում, սննդի դեղորայքի պաշարները սպառվում են առանց համալրման... մի քանի սննդատեսակներ սահմանափակ քանակությամբ է հնարավոր գնել:
«Չափի մեջ ենք տալիս, որ բոլորն էլ օգտվեն դրանից. յուրաքանչյուր անձին մեկ կիլո շաքարավազ, երկու կիլո ալյուր», - ներկայացրեց խանութի աշխատակիցը:
Շաքարավազ, ալյուր, ձեթ, մակարոնեղեն՝ արագ սպառվող ապրանքներն են։ Դեղատներում մանկական սննդի, տակդիրների, ճնշման դեղերի ու անտիբիոտիկների պակաս կա, մատակարարող մեքենաների մեծ մասը մնացել է Գորիսում: Արցախից ահազանգում են, որ նաև որոշ ապրանքների զգալի թանկացում է նկատվում: Անթույլատրելի է ու ամոթ, ասում է Արցախի պետնախարարը՝ հաստատելով, որ և՛ թանկացման, և՛ վառելիքի վաճառքի դեպքեր են եղել. - «Ամոթը ավելի վատ է, քան պատիժը կամ նկատողություն անելը»:
Արտակարգ իրավիճակը պահպանվում է առողջապահական հաստատություններում, մայրաքաղաքային բուժման կարիք ունեցողները մնացել են կա՛մ հիվանդանոցներում, կա՛մ տներում են սպասում՝ միջանցքի բացվելուն:
«Մի հոգի՝ 21 տարեկան աղջիկ, թղթաբանությունը պատրաստել ենք, սպասում ենք, խոսակցություն կա, որ կարող է ճանապարհը բացվի, շտապօգնության մեքենան պատրաստ է, «Էրեբունի» բժշկական կենտրոնի հետ խոսել ենք, սպասում ենք ճանապարհը բացվի, իրեն տեղափոխենք», - ասաց Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի տնօրենը:
Մհեր Մուսայելյանի տեղեկացմամբ՝ վերակենդանացման բաժանմունքում ծայրահեղ ծանր հիվանդներ ունեն, սակայն նրանց վիճակը կարողացել են կայունացնել, այժմ խնդիրը երիտասարդ աղջկա ողնաշարի վիրահատությունը երևանյան մասնագիտացված կենտրոնում կազմակերպելն է։
Մարիամ Սարգսյանի առաջնեկը՝ Սաթէն ծնվեց արցախի բլոկադայի օրերին, ծննդատնից տուն եկան՝ տեսան գազն էլ չկա. - «Բալիկի ջերմությունն իջավ 35 և ստիպված էինք բոլոր ծածկոցներով տաքացնել, տաք ջրերով տաքացնել ոտքերը, ձեռքերը, որպեսզի այդ կապույտ գույնն անցնի»:
Մարիամն ու Հովիկը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում պսակադրված վերջին զույգն են, պատերազմից մի քանի օր առաջ էին տուն գնել Շուշիում, հիմա Ստեփանակերտում վարձով են ապրում՝ տան փոխհատուցման գումար չեն ստացել: Մարիամն ասում է՝ շատ բան իրենց ուզածով չեղավ, բայց Սաթէին ոչինչ չի պատմի:
«Շատ եմ մտածել, թե ինչ եմ պատմելու աղջկաս պատերազմի մասին, պսակադրության մասին, հույս ունեմ, որ ոչ թե ես պատմելու եմ Շուշիի մասին, այլ ինքը իմանալու է և ինքն է ցույց տալու, որ՝ «այս եկեղեցո՞ւմ եք ամուսնացել»: