Այն, որ խաղաղապահները փորձում են ինչ-որ կերպ պահպանել քիչ թե շատ հանգիստ իրավիճակ Լաչինի միջանցքում, կասկածի տակ դնելը լրիվ անշնորհակալ գործ է, կարծում է Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով ավագ հետազոտող Օլեսյա Վարդանյանը՝ շեշտելով՝ թերահավատ է այն մարդկանց նկատմամբ, ովքեր հիմա փորձում են սև-սպիտակ գույներով ներկայացնել, այդ թվում՝ Ղարաբաղում ռուսական ներկայությունը։
Եթե խաղաղապահները դա չանեին, այդտեղ բոլոր գործընթացները մի քանի րոպեից կամ ժամից բոլորովին այլ տեսք կստանային, նկատում է փորձագետը։
«Հասկանալի է, որ Ռուսաստանի ձեռքերն այժմ ամբողջությամբ կապված են։ Եթե անգամ նա ցանկանար, իր համար բավական դժվար է իր սովորական մեթոդներով, այն է՝ գետնի վրա ուժային ներկայությամբ, ստիպել Ադրբեջանին ինչ-որ կերպ փոխել դիրքորոշումը։ Այն, որ խաղաղապահները փորձում են ինչ-որ կերպ պահպանել քիչ թե շատ հանգիստ իրավիճակը գետնի վրա, գիտեք, դա կասկածի տակ դնելը, իմ կարծիքով, լրիվ անշնորհակալ գործ է», - ասաց փորձագետը՝ նկատելով՝ անկախ նրանից, թե որևէ մեկը ինչ պահանջներ ունի Ռուսաստանի, Մոսկվայի դեմ, սա ռուսական խաղաղապահ առաքելության առկայության տարր է, որից ամենևին չի կարելի հրաժարվել այս պահին։
Ռուս խաղաղապահներին ադրբեջանցիների հետ բանակցություններում միայն պետք է օժանդակել, քանի որ դա առաջին հերթին օգնում է խաղաղության պահպանմանը, ասաց Վարդանյանը՝ շեշտելով՝ եթե պատերազմ լինի, Հայաստանն, իհարկե, շատ ծանր վիճակում կհայտնվի։
Ադրբեջանցիները դեկտեմբերի 12-ից փակ են պահում Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։
Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ ռուս խաղաղապահների հրամանատարությունը բանակցում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ՝ իրավիճակը կայունացնելու և Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը ապաշրջափակելու համար։
Հայկական կողմից, սակայն, դժգոհություններ կան, թե Ռուսաստանն ու Ադրբեջանն այսօր միասին իրականացնում են իրենց շահերից բխող գործողություններ՝ փորձելով ստիպել Հայաստանին զիջումների գնալ։
Վարդանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․