Մատչելիության հղումներ

Արցախն անցել է խնայողական ռեժիմի


Չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը, խափանել են նաև Արցախի գազամատակարարումը, արդեն 49 ժամ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այժմ արդեն իրենց բնապահպան անվանող ցուցարարները պահանջում են ոչ թե ռուս խաղաղապահների ղեկավարին՝ իրենց Կաշենի հանքավայր ուղեկցելու համար, այլ որ Բաքուն վերահսկողություն սահմանի Լաչինի միջանցքում։

Այսօր ցուցարարներից մեկն ասում էր՝ եթե հայերը նույն ոգով շարունակեն ու խաղաղության պայմանագիր չստորագրեն, նրանց երկաթյա բռունցքն է սպառնում. - «Մենք ձեզ ժամանակին կարգավիճակ էինք առաջարկում, դուք հրաժարվեցիք։ Հիմա աղերսում եք, բայց գնացքը գնացել է»։

Կան ցուցարարներ, որ Լաչինի ճանապարհն առաջարկում են խաղաղության ճանապարհ անվանել և հենց այդ ճանապարհին ադրբեջանցի բնապահպան ակտիվիստը կրքոտ ելույթի ժամանակ բառացիորեն խեղդեց սպիտակ աղավնուն։

Ադրբեջանական պաշարման մեջ գտնվող արցախցիները զբաղված են ամեն ժամ ծանրացող հոգսերը հոգալով։ Խանութներում առաջին անհրաժեշտության ապրանքների դարակները դատարկվում են, գնում են ինչ հնարավոր է։ Եղած փողով, որովհետև բանկոմատներում էլ փող չկա։

«Ձեթ, պեսոկ, գրեչկա, բրինձ... տենց բաներ են ավելի շատը տանում», - ասում է վաճառողուհի Իրինա Մանասյանը։

Ամեն օր Հայաստանից 400 տոննա բեռ՝ ալյուր, միրգ, կաթնամթերք, առաջին անհրաժեշտության տնտեսական ապրանքներ էր մտնում Արցախ։ Հիմա արցախցիներին ոչինչ հասցնել հնարավոր չէ։ Դեղատներում դեղորայքի մեծ պաշարներ չկան, մատակարար մեքենաները ճանապարհին են մնացել։

«Պիտի ստանայինք։ Ճիշտն ասած, մեր վարորդները Գորիսում են, ճանապարհը դե չեմ բացում։ Բայց դե հույս ունենք, որ բացելու են, ստանալու ենք», - ասում է դեղատան աշխատակից Նարինե Պետրոսյանը։

Դեղատան աշխատակիցներն ասում են, որ քրոնիկ հիվանդությամբ տառապողները, փոքրիկ ունեցող ընտանիքները շտապում են անհրաժեշտ դեղամիջոցները կուտակել։ «Էս պահի դրությամբ, ասենք, ջերմիջեցնող, ցավազրկող ու այն խումբը, սիստեմատիկ ովքեր որ ընդունում են զարկերակային ճնշման համար կամ շաքարային դիաբետ ունեցող։ Էդ խմբի մարդկանց մոտ էդ դեղերը հիմա քիչ ա», - ասում է դեղատան աշխատակից Գայանե Բալայանը։

Արդեն իսկ նկատելի է մանկական սննդի, տակդիրների պակաս։ Ստեփանակերտից ահազանգեր ենք ստանում նաև անհրաժեշտ ապրանքների զգալի թանկացումների վերաբերյալ։ Ստեփանակերտում վառելափայտը նախ թանկացավ, հետո արդեն անհետացավ, ասում է յոթ երեխաների մայր Անահիտ Ստեփանյանը. - «Փայտն ա խնդիրը հիմա էլ դառել, փայտ չենք կարում գտնենք»։

Գազով աշխատող հացի արտադրամասերը դադարեցրել են աշխատանքը։ Օրական 5 հազար մատնաքաշ ու 100 կիլոգրամ խմորեղեն թխող այս արտադրամասը չի գործում։ «Այսքան մարդ մնում է անգործ, համ էլ դպրոցները, մանկապարտեզները հաց չեն կարում մատակարարենք», - ասում է արտադրամասի տնօրեն Արթուր Ավանեսյանը։

Արցախում հիմա գործում են միայն հոսանքով աշխատող փռերը։ Կաշխատեն մինչև ալյուրը վերջանա։

Արցախի կառավարությունը երեկվանից հայտարարել է խնայողական ռեժիմի անցնելու մասին։ Բենզալցակայաններում գրություն է՝ բենզին չկա։ Վառելիք տրամադրվում է միայն շտապ օգնության մեքենաների, հասարակական տրանսպորտի համար։ Հեղուկ գազ տրվում է բնակիչներին՝ իրենց փոքրիկ գազաբալոնները լիցքավորելու համար։

«Փետ ունինք, առալ ենք, փեչը էրում ենք, բայց դե պուչուր խոխատեր ենք, էս բալոնը մեզ հարկավոր ա կյամ, զապաս պահում ենք։ Օզում ին ամիսներավ ընդի նստին, մին ա, փետավ յոլա ենք գնալական, բայց մին ա, մունք պըտի հաղթենք», - ասում է բալոնը լիցքավորելու հերթում կանգնած մի կին։

Արցախում այժմ փակ են բուհերի, դպրոց-մանկապարտեզների մեծ մասը։ 20 հազար երեխա ջեռուցման անջատման պատճառով դասի չի գնում։

Արտակարգ իրավիճակ է բուժհաստատություններում. ծանր վիճակում գտնվող մարդկանց Երևան տեղափոխել հնարավոր չէ, պլանային վիրահատությունները դադարեցվել են՝ խնայողության համար, Ստեփանակերտի ծննդատունը սեփական կաթսայատուն ունի, բայց հիմա, երբ գազ չկա, էլեկտրական վառարաններով են փորձում տաքացնել նորածիններին։

Ծննդատանն այս պահին 14 նորածիններ են մայրիկների հետ։ Ինտենսիվ թերապիայի բաժանմունքնում էլ փոքրիկներ կան։ Տնօրենն ահազանգում է՝ անհրաժեշտ ջերմաստիճան այս պայմաններում ապահովել հնարավոր չէ։

Պավլինա Գաբրիելյանը նոր է ծննդաբերել ՝ ուզում է, որ իրենց կողքին ավելի շատ մարդիկ լինեն. - «Որ անտարբեր չլինեն Արցախի և արցախցու հանդեպ, գոնե այս օրերին մեր կողքին լինեն, իրենց կոչերով աշխարհին հայտնեն, որ մենք էս վիճակում ենք, որ աշխարհը չլռի...»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG