Վանաձորի ավագանին վերջապես գումարեց արտահերթ նիստն ու հաստատեց բյուջեն

Վանաձորի քաղաքապետարանի շենքը

Ավելի քան մեկ տարվա անհաջող փորձերից հետո այսօր Վանաձորում հաստատվեց հաջորդ տարվա բյուջեն։ Ավագանու արտահերթ նիստերը բոյկոտած ընդդիմության երկու անդամ ներկայացել էր այսօրվա նիստին, ինչի արդյունքում քվորում եղավ և օրակարգում ընդգրկված հարցերը գրեթե միաձայն ընդունվեցին։

Արդեն մեկ տարի կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքի անդամ Սեյրան Ղամբարյանն ասաց, որ կալանավայրում հանդիպել է իրենց առաջնորդին՝ նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանին, ու նրա հանձնարարությամբ այսօր ներկայացել ավագանու նիստին։ Գայանե Քալանթարյանը, թե՝ համայնքի զարգացմանը նպաստելու համար է այստեղ. - «Իմ որոշումը կայացվել է ինձ համար շատ դժվար պայմաններում, այն ինձ հեշտ չի տրվել։ Կարծում եմ, իմ ներկա լինելը, ավագանու նիստին մասնակցելը նպաստելու է նաև մեր քաղաքի բազում խնդիրների լուծմանը»։

«Գնացել եմ, հանդիպել եմ իր հետ։ Ինքը ինձ հանձնարարել ա հայտարարել, որ մեր ներկայությամբ նիստը կայանում է։ Ուրեմն մեր մասնակցությունը ինքը հանձնարարել ա, որ պարտադիր լինի։ Կան խմբավորումներ, որ միշտ մտածում են՝ ինչքան վատ, էնքան լավ», - հավելեց Ղամբարյանը։

Իր ընդդիմադիր գործընկերներին, ըստ էության, համայնքապետարանի և ավագանու աշխատանքը տապալելու մեջ մեղադրող Սեյրան Ղամբարյանը չպատասխանեց «Ազատության» հարցին, թե արդյոք խմբակցության մյուս անդամները դեմ են եղել իր մասնակցությանը ու ինչու ներկա չէին այսօր. - «Ես խոսացի իմ մասին, ես խոսացի իմ հանդիպման մասին։ Մյուսների մասին չեմ կարա բան ասեմ»։

Ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն օրեր առաջ իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր, թե կմասնակցեն նիստերին, եթե արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում հրապարակվի։ Սա համարել էր Վանաձորում ճգնաժամը հաղթահարելու միակ ճանապարհը։ Այսօր անակնկալի էր եկել. ավագանու ամենամեծ խմբակցության բանտարկված ղեկավարի երկու թիմակիցները մասնակցել են «իշխանությունը համայնքի բնակչից խլելու գործընթացին»։ Ակնարկում է, թե «իշխանությունները կուլիսային պայմանավորվածությունների են հասել». - «Եթե Մամիկոն Ասլանյանը որոշել ա մասնակցի, կամ հորդորել ա, այսինքն՝ Մամիկոն Ասլանյանը մի՞ հոգու ա հորդորել գնալ մասնակցել, բա իրանց ամբողջ թի՞մը։ Եթե մենք մեկ տարի ա համագործակցում ենք Մամիկոն Ասլանյանի դաշինքի հետ, նման հորդորի և Մամիկոն Ասլանյանի նման որոշման հետ մենք ծանոթ չենք։ Բայց ես կարծում եմ, պարտավոր էին մեզ ծանոթացնել։ Դրա համար ես ասում եմ, որ ճիշտ կլինի լսենք Մամիկոն Ասլանյանի բացատրությունը հայտարարության հետ կապված, նոր կտանք նաև մեր որակումը»։

«Մամիկոն Ասլանյան» դաշինքի՝ նիստը բոյկոտած անդամներն այսօր չարձագանքեցին մեր զանգերին։ Գայանե Քալանթարյանն ու Սեյրան Ղամբարյանն ավելի վաղ էին հայտարարել, որ հնարավոր է մասնակցեն բյուջեի հաստատման օրակարգով ավագանու նիստին՝ եթե անգամ դրան դեմ լինեն իրենց խմբակցության մյուս անդամները։

«Ապրելու երկիր» խմբակցության երկու անդամները, թեև ընդդիմադիր կեցվածք ունեն, բայց նախկինում ևս իշխանության նախաձեռնությունները չեն բոյկոտել։

Խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանն այսօր բյուջեին դեմ քվեարկած միակ անդամն էր։ Ասաց՝ թեև մասնակցել է նիստին, բայց շարունակում է պնդել՝ Վանաձորում նոր, արտահերթ ընտրություններ են պետք. - «Ամենակարճ ճանապարհը՝ երբ որ բավարար քանակությամբ ավագանիները վայր կդնեն մանդատները։ Մենք պատրաստ ենք»։

Դեռ մեկ տարի առաջ «Լուսավոր Հայաստանի» հայցի հիման վրա դատարանն ավագանուն արգելել է հերթական նիստեր անել, ուստի նաև՝ համայնքի ղեկավար ընտրել։ Իշխանությունները չեն հստակեցնում՝ կգնան արտահերթ ընտրությունների ճանապարհո՞վ, թե՞ վարչապետի նշանակած համայնքապետի պաշտոնակատարի հետ կշարունակեն ղեկավարել համայնքն ու արտահերթ նիստերով որոշումներ ընդունել։

Հարցին, թե արդյոք իշխանությունը գնալու են արտահերթ ընտրությունների, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Հայկ Վիրաբյանն արձագանքեց. - «Նման օրակարգ էս պահին չկա»։

Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է կոռուպցիոն չարաշահումների համար։ Քաղաքը 5 տարի ղեկավարած Ասլանյանը, որի գլխավորած դաշինքն անցած տարեվերջին ամենաշատ թվով ձայներն ստացավ, արդեն մեկ տարի բանտում է։ Նրան ազատելու փաստաբանների բոլոր միջնորդությունները մերժվում են, թեև գործն արդեն դատարանում է և, ըստ պաշտպանների, նա կարող էր դատաքննության ընթացքում ազատության մեջ լինել։