Հայաստանի ընդդիմությունը իշխանությանն է պատասխանատու համարում, որ ադրբեջանցիներն մեկ շաբաթում արդեն երկրորդ անգամ փակում են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով՝ երբ առաջին անգամ Լաչինի միջանցքը փակվեց, իշխանությունը պատշաճ չարձագանքեց, այդ իսկ պատճառով ադրբեջանական կողմը այսօր արդեն երկրորդ անգամ գնաց այդ քայլին։
Ադրբեջանցիները առաջին անգամ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին փակեցին մեկ շաբաթ առաջ՝ պատճառաբանելով, թե «Արցախում օգտակար հանածոներն ապօրինի են շահագործում և առկա են բնապահպանական ռիսկեր»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակվեց, ապա բացվեց. ռուս-ադրբեջանական բանակցություններից դեռ որևէ բան հայտնի չէ«Եթե Հայաստանի իշխանությունները մի քիչ ակտիվ լինեին, դիմեին միջազգային հանրությանը, պահանջեին ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա, էս երկրորդ կրկնողությունը չէր լինի։ Եվ սա, ես ձեզ վստահեցնում եմ, երկրորդը և վերջինը չի լինելու։ Որևէ բան չեն արել, հիմա ասում եք իսկ ի՞նչ պետք ա անեին... Պետք էր կանխատեսել թշնամու գործողությունները, պետք է հասկանալ, որ դու ինչքան հետ ես գնում, դրանով դու չես փակում իրա ախորժակը, ընդհակառակը՝ ավելի ես գրգռում իրանց ախորժակը։ Այսինքն՝ ինչ որ անում են, դրա հարյուր ութսուն աստիճանով հակառակը որ անեն, ավելի լավ կլինի», - ասաց Խաչատրյանը։
Իշխանության համոզմամբ մինչդեռ՝ Բաքուն իրականացնում է լավ պլանավորված սադրիչ գործողություններ։ Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Ադրբեջանը նպատակ ունի լարվածություն ստեղծել Արցախում, ապա այդ լարվածությունը տեղափոխել Հայաստանի հետ սահման։
Ադրբեջանական կողմը ցանկանում է մոնիտորինգ իրականացնել Դրմբոնի ու Կաշենի հանքավայրերում։ Երկու օր առաջ արցախցիները նրանց թույլ չէին տվել մտնել հանքի տարածք։ Թե ինչպես էին ադրբեջանցիները հասել այնտեղ, Արցախի իշխանությունները առայժմ պաշտոնական բացատրություն չեն տվել։
Պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ՝ որոշակի համաձայնությունների արդյունքում են ադրբեջանցիները հասել այդ տարածք. - «Ես կարծում եմ, որ էստեղ փոխհամաձայնեցված գործողություն է տեղի ունեցել։ Եվ դա շատ ճիշտ է։ Եվ կարծում եմ, պետք ա միշտ Արցախի իշխանությունները կարողանան նման ռիսկերը կառավարեն և կառավարում են... Ես հիմա չեմ կարող ասել ում միջև, բայց որ համաձայնությունները առկա են, դա էլ ա փաստ։ Չէին կարող այսպես ասած բնապահպանները վերցներին դրոշակները և գնային Արցախի ցանկացած միջավայր հասնեին։ Դա նշանակում է, որ ինչ-որ համաձայնություններ է եղել, որպեսզի նման լարվածությունները չկրկնվեն»։
Ընդդիմության կարծիքով՝ պետք է այնպես անել, որ ադրբեջանցիների մուտքը դեպի Արցախ սահամանափակվի։ Միևնույն ժամանակ «Հայաստան» խմբակացության պատգամավոր Արթուր Խաչատրյանը շեշտում է, թե Նիկոլ Փաշինյանի ստորագրած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը այս հարցի հետ կապված որևէ արգելք չի սահմանում. - «Ռուս խաղաղապահների մանդատը նոյեմբերի 9-ի համաձայնությունների պահպանումն է։ Որտեղ որևէ որևէ բառ չկա, որ եթե քաղաքացիական անձը մեքենան կանգնացրել ա և իջել ա... Այսինքն՝ երբ ստորագրվել էր էդ փաստաթուղթը, և Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր, ինքը էդ հարցը քննարկե՞լ է Ադրբեջանի հետ, երեք կողմերով քննարկե՞լ են, թե՞ չէ։ Եթե չեն քննարկել, և նման իմպերատիվ արգելք չկա, հիմա ինչի՞ մասին խոսենք»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Լաչինի միջանցքը ցեղասպանությունը կանխարգելելու միջանցք է». Նիկոլ ՓաշինյանՄիրզոյանը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահին է ներկայացրել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակըԱյսօր կայացել է Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցըԱռաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը Գորիս - Ստեփանակարետ ճանապարհին ստեղծված իրավիճակը պայթյունավտանգ է համարում՝ չբացառելով ռազմական բախման հնարավորությունը։
Լևոն Զուրաբյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը շանտաժի է ենթարկում և' Արցախին, և' խաղաղապահներին, և' Հայաստանին՝ այդ կերպ փորձելով լուծել Մեղրիով հաղորդակցություն ստանալու հարցը. - «Եվ սա շատ վտանգավոր է, սա պայթյունավտանգ է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուսական խաղաղապահ ուժերը իսկապես չունեն կրակ բացելու մանդատ։ 2020 թվականին կամ 21 թվականին այդ մանդատի բացակայության հարցը փոխհատուցվում էր Ռուսաստանի անվիճելի ռազմական հեղինակությամբ, որը բավականին լուրջ զսպում էր Ադրբեջանին, ոչ միայն Ադրբեջանին, նաև Թուրքիային, իսկ հայտնի իրադարձություններից հետո, այս ուկրաինական պատերազմի ընթացքում այդ հեղինակությունը բավականին թուլացել է։ Եվ էս պահին դա բերել է նրան, որ զսպանակները պակասել են։ Եվ սա կարող է բերել խոշոր ռազմական բախման»։
Լևոն Զուրաբյանի համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունների կոպտագույն սխալների՝ այդ թվում Պրահայում ստորգարված քառակողմ հայտարարության, հետևանքով է ստեղծվել այս իրավիճակը, քանի որ այդ փաստաթղթով Փաշինյանը համաձայնել է, որ Ղարաբաղի հակամարտությունը լուծվի Ադրբեջանի տարածքային ամոբղջականության սկզբունքի հարգման հիման վրա։ Մինչդեռ ստորագրելուց առաջ պետք էր հատուկ վերապահումներ անել, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումը չի նշանակում, որ Բաքուն իր իրավունքները պետք է իրացնի Արցախում, քանի որ այնտեղ կա չլուծված հակամարտություն։
«Չլուծված հակամարտության հետ կապված դրույթները չամրագրելու քաղաքականությունը հենց բերել է էս հետևանքներին», - նշեց Զուրաբյանը։
Իսկ ՞ինչ պետք է անել այս իրավիճակում։ Լևոն Զուրաբյանի խոսքով՝ այս պահին մեկ այլ ավելի կարևոր հարց կա՝ որքա՞ն կարելի է հանդուրժել իշխանության աղետալի սխալների կուտակումը։