Հայաստանն հաստատակամորեն հանձնառու է նպաստել Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու պայմանագրի գործընթացին, ինչպես նաև ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, այսօր Թունիսում, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ միջազգային հանրությունից էլ ակնկալում է արդար գնահատական Հայաստանում տիրող իրավիճակին՝ դատապարտելով հայկական տարածքի որոշ հատվածների օկուպացիան և պահանջելով ադրբեջանական ուժերի վերադարձը նախկին դիրքեր։
Ընդգծելով, որ վերջին շրջանում խախտվել են ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ որևէ պետության տարածքային ամբողջականության դեմ ուժ չկիրառելու սկզբունքը՝ Փաշինյանը որպես վառ ապացույց ընդգծել է Ադրբեջանի կողմից գործադրված ագրեսիան, որիզոհը դարձավ Հայաստանը սեպտեմբերի 13-14-ին։
«Ադրբեջանի՝ ոչնչով չարդարացված և չհրահրված ագրեսիան հանգեցրել է Հայաստանի տարածքների մի մասի օկուպացիային՝ մահ և տառապանք պատճառելով քաղաքացիական բնակչությանն ու հասցնելով զգալի ավերածություններ։ Հաստատված զինադադարը, սակայն, դեռևս վերջ չի դրել Հայաստանի այլ տարածքների նկատմամբ այս երկրի նկրտումներին», - ասել է վարչապետը։
Հիշեցնելով 4 տարի առաջ Երևանում անցկացված գագաթնաժողովի՝ «Ապրել միասին» կարգախոսը՝ Փաշինյանն ատելության խոսքի և անհանդուրժողականության ֆոնին այն այսօր էր արդիական է համարել, ողջունել է Ֆրանկոֆոնիայի հանձնառությունն ի նպաստ բազմակողմանիության, որը, ըստ վարչապետի, երաշխավորում է իրավունքի և պետությունների ինքնիշխանության հարգանքի վրա հիմնված միջազգային համակարգի գոյությունը։
Ելույթի ավարտին Փաշինյանը Թունիսին է փոխանցել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահությունը, այն տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Թունիսի նախագահի ձեռքսեղման խորհրդանշական արարողությամբ:
Թունիսում է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և կազմակերպության անդամ մի քանի տասնյակ այլ պետությունների առաջնորդներ:
Ըստ Հայաստանի կառավարության՝ այցի շրջանակում Փաշինյանը կունենա նաև երկկողմ հանդիպումներ՝ տարբեր երկրների առաջնորդների հետ: Թե ում հետ, չի հստակեցվում։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահն էր ասել, որ գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Հայաստանի վարչապետի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թունիս, մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին