«Զարգացող համագործակցություն անվտանգության ոլորտում»․ Գրիգորյանը հանդիպումներ է ունենում Հնդկաստանում

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Նյու Դելիում կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:

Գրիգորյանը զրույցից մանրամասներ չի հրապարակել։

ՀՀ ԱԽ քարտուղարը Հնդկաստան է մեկնել երեկ՝ մասնակցելու «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսին։

Երեկ էլ Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալին։ Նախ կողմերը ողջունել են զարգացող համագործակցությունն անվտանգության ոլորտում, ապա պայմանավորվել նպաստել անվտանգության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների արագ իրականացմանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հնդկաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ Սամանտ Գոելը:

44-օրյա պատերազմից հետո նկատելիորեն ակտիվացած հայ-հնդկական հարաբերություններում ռազմական համագործակցության մասին կողմերը սկսեցին հրապարակավ խոսել։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հուլիսի սկզբին հյուրընկալել էր Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմանին, ով Երևանում հայտարարեց, թե պաշտպանության ոլորտում կողմերը հակված են երկարաժամկետ համագործակցության։

Հնդկական DnaIndia-ն, դեռ հուլիսին գրել էր, որ Երևանը մտադիր է Դելիից ռազմական դրոններ և այլ սպառազինություն գնել, ու այդ նպատակով Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը մեկնել էր Հնդկաստան՝ գնման ենթակա զինատեսակների ցանկով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը մտադիր է Հնդկաստանից գնել ռազմական դրոններ և այլ սպառազինություն. հնդկական մամուլ 

Ուղիղ մեկ ամիս առաջ աշխատանքային այցով Հնդկաստանում էր Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա Հնդկաստանի իր պաշտոնակցի՝ Շրի Ռաջնաթ Սինկհի հետ քննարկել էր համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։

Սեպտեմբերի վերջին Հնդկաստանում լույս տեսնող Economic Times-ը հաղորդել էր, որ առաջիկա ամիսներին Դելին հնդկական արտադրության սպառազինության մեծ խմբաքանակ է մատակարարելու Երևանին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հնդկական կողմը հաստատում է՝ Հայաստանը Pinaka-ների երեք մոդել է պատվիրել