Փաշինյանն ընկրկում է Ալիևի բոլոր պահանջների առջև, «Ազատության» հետ զրուցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Ինչո՞վ եք բացատրում Երևանի և Բաքվի վերջին օրերի այս կոշտ հռետորաբանությունը:
Խաչատրյան. - Հավանաբար Սոչիում և Վաշինգտոնում չեն կարողացել ինչ-որ հարցի շուրջ համաձայնության գալ կամ Փաշինյանն ինչ-որ խոստումներ է տվել և խոստումները չի իրականացնում, դրա համար Ալիևը պահանջում է, որ խոստումները կատարի: Ի դեպ՝ 2020 թվականի նոյեմբերից հետո Ալիևի ամբողջ հռետորաբանությունը, եթե նայեք, այս է, որ «խոսք ես տվել, արա», բայց Փաշինյանը միգուցե թվացյալ պատասխանում է Ալիևին, բայց և՛ այդ հայտարարության մեջ՝ կառավարության նիստում, և՛ ուրբաթ օրվա այդ երկար հարցազրույցի մեջ հստակ ուղերձ է տալիս, որ ինքը ընկրկում է: Օրինակ՝ ասում է՝ «Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչներ», մարդ, որը խոսում էր Արցախի սուբյեկայնությունը բարձրացնելու մասին, մարդ, որն ասում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ», մարդ, որն ասում է՝ Արցախը պետք է որպես պետություն բանակցի իր շահերի համար, հիմա խոսում է Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների մասին, այսինքն, ինքը հստակ ուղերձ է հղում, որ ինքը պատրաստ է զիջել:
«Ազատություն». - Ձեզ ռուսաստանյան բանակցություններում պարզ չդարձա՞վ, որ այլևս Մոսկվայի հետ հույսեր կապել չարժե, նրանք գուցե անգամ դուրս բերեն զորախմբին այդտեղից:
Խաչատրյան. - Բանակցությունների արդյունքում ես նման բան չտեսա:
«Ազատություն». - Պուտինի ներկայությամբ Ալիևն ասաց, որ «Ղարաբաղ չկա», և նա չհակադարձեց ու փաստաթղթում էլ դա տեղ չգտավ:
Խաչատրյան. - Իսկ Փաշինյանը հակադարձե՞ց:
«Ազատություն». - Փաշինյանը երկկողմ հանդիպմանը ասաց, որ «Ղարաբաղ կա»:
Խաչատրյան. - Երկկողմ հանդիպման ժամանակ ամեն ինչ կարա ասի, եռակողմի ժամանակ, այսինքն, Փաշինյանը չի ասել, կարծում եք, որ Պուտինը պետք է ասե՞ր: Ե՛վ Պուտինը, և՛ Մակրոնը, և՛ Միշելը, և՛ Ջեյք Սալիվանը միջնորդներ են, բանակցությունների հարթակ են տրամադրում և պետք չէ ակնկալել, որ Միշելը, Մակրոնը, Սալիվանը, Պուտինը ավելի հայ պետք է լինեն: Ալիևն ասել է՝ «Ղարաբաղ չկա», իսկ Փաշինյանն ի՞նչ է պատասխանել: Փաշինյանի լռությունը համաձայնություն է Ալիևի հետ:
«Ազատություն». - Պարոն Խաչատրյան, ի՞նչ գիտեք, որ նա լռել է, եռակողմ հանդիպումը եղել է փակ դռների հետևում:
Խաչատրյան. - Թող ցույց տա, թող ասի՝ «ես ասել եմ», դուք որևէ հրապարակային իր հայտարարություն լսե՞լ եք, որ ասել է՝ «ես ասել եմ, որ Ղարաբաղ կա, ռուսները կտրել են դա»:
«Ազատություն». - Ես լսել եմ, որ Պուտինի ներկայությամբ է դա ասել:
Խաչատրյան. - Այո, Պուտինի ներկայությամբ է դա ասել, բայց ոչ Ալիևի, եռակողմի ժամանակ Ալիևի ներկայությամբ ինքը տենց բան չի ասել:
«Ազատություն». - Դե պարզ չէ՞, որ եկկողմին՝ նախահանդիպմանը ասում է, եռակողմին էլ պիտի այս թեզն առաջ տանի:
Խաչատրյան. - Ոչ, պարզ չի:
«Ազատություն». - Դուք չունե՞ք մտավախություն, որ Ռուսաստանը հեռանում է տարածաշրջանից:
Խաչատրյան. - Մտադրությունը չեմ տեսնում, կարծում եմ, իրենք ունեն կենսական շահեր այս տարածաշրջանում:
«Ազատություն». - Դե մի ձև կստիպեին Ալիևին, որ գրեր՝ «խաղաղապահ զորախմբի ժամկետը պիտի երկարացվի»:
Խաչատրյան. - Խաղաղապահ զորախմբի հարցն առաջանալու է 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին: Գոնե ռուսական կողմից բազմաթիվ անգամ հայտարարություններ են եղել, որ «մենք եկել ենք այստեղ ոչ 5 տարով, այլ շատ ավելի երկար»:
«Ազատություն». - Ադրբեջանական կողմն էլ համարյա ամենօրյա հաղորդագրություններում ասում է՝ «ժամանակավոր մեր տարածքում են»:
Խաչատրյան. - Հասկանալի է, որ ժամանակավոր, բայց այդ ժամանակը կլինի 5, 10, 20: Բայց այն, որ ինքը եռակողմի ժամանակ դրա մասին չի խոսել և իր հայտարարության մեջ հստակ ուղերձներ է հղում, որ Ղարաբաղի հարցն այլևս օրակարգում չէ իր համար, որ Հայաստանը չի գնալու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացման ապահովման ուղիով, դա հայտնի է:
«Ազատություն». - Ինչո՞ւ եք շարունակում պնդել, որ կարգավորման ռուսական տարբերակն է չարյաց փոքրագույնը, եթե մենք տեսնում ենք ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի անգործություն Հայաստանին սահմաններին:
Խաչատրյան. - Մենք տեսնում ենք մի բան, որ եթե նոյեմբերի 9-ին ռուսական զորքերը չմտնեին Ստեփանակերտ, Ղարաբաղ, ապա նոյեմբերի 10-ին այնտեղ կմտնեին ադրբեջանական զորքերը, հետևաբար, այսօր ասել՝ ռուսներ դուրս եկեք վաղը, վաղը չէ մյուս օրը, եթե չկա այլընտրանք.... Բայց քաղաքական առումով ես ուզում եմ հստակ ֆիքսենք, մենք հայտարարել ենք, հայտարարում ենք և կհայտարարենք՝ մեր համար ընդունելի չէ որևէ քաղաքական լուծում, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կասկածի տակ է դրվում անկախ նրանից՝ այդ թուղթը ստորագրվել է Մոսկվայում, Բրյուսելում, թե Վաշինգտոնում:
«Ազատություն». - Դուք ասացիք՝ ռուսական տարբերակի այլընտրանքը որն է, անվտանգության մեխանիզմների ստեղծումը Միացյալ Նահանգների գործուն միջնորդությամբ: Սա Ձեզ չի՞ համոզում:
Խաչատրյան. - Դու պետք է հստակ իմանաս ծրագիրը, սենց մենք միշտ էլ կարող ենք ասել՝ թող ռուսները գնան, պարսիկները գան, ռուսները գնան, ամերիկացիները գան, իսկ ի՞նչ է առաջարկում և ինչի՞ դիմաց է դա առաջարկում:
«Ազատություն». - Ստեփանակերտ-Բաքու երկխոսությամբ գտնել այդ լուծումը:
Խաչատրյան. - Բաքուն հայտարարել է, որ ինքը Ստեփանակերտի հետ որևէ բանակցելու խնդիր չունի, Ստեփանակերտը իր քաղաքացիներն են, սա է պայմանը, և եթե Արցախը չի համակերպվում խաղի այդ կանոնների հետ, կարող են հենց հիմա դուրս գան: