Մատչելիության հղումներ

Սոչիում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը


Փաշինյան-Պուտին հանդիպում Մոսկվայում, 16-ը մայիսի, 2022թ․
Փաշինյան-Պուտին հանդիպում Մոսկվայում, 16-ը մայիսի, 2022թ․

Սոչիում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Սոչիի հանդիպման արդյունքում կարող է եռակողմ հայտարարություն ընդունվել, փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով հանդիպման ընթացքում Փաշինյանի հայտարարությունը։

Ըստ «Ինտերֆաքսի»՝ Հայաստանի վարչապետըը նաև ասել է, որ Երևանը համաձայն է հայ-ադրբեջանական կարգավորման հիմնարար սկզբունքների ռուսական նախագծին։

Այսօր նախատեսված է նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը՝ Պուտինի մասնակցությամբ առաջին հանդիպումը սեպտեմբերին ադրբեջանական հարձակումից հետո։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն այսօր ոչ հերքել և ոչ էլ հաստատել է Պուտին-Փաշինյան-Ալիև բանակցությունների արդյունքում փաստաթղթի ստորագրման հավանականությունը։

«Եկեք չկանխագուշակենք հանդիպման արդյունքները։ Եթե նման փաստաթուղթ ստորագրվի, լրատվամիջոցները կտեղեկացվեն այդ մասին», - «Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ նշել է Կրեմլի խոսնակը։

Հոկտեմբերի սկզբին Պրահայում Փաշինյանն ու Ալիևը Եվրամիության միջնորդությամբ հանդիպման ավարտին համատեղ հայտարարություն են ընդունել, որում ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությանը։ Ավելին՝ Երևանն ու Բաքուն Պրահայից հետո հայտարարել են մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրության մասին։

Այսօրվա հանդիպման օրակարգից շատ բան հայտնի չէ: Եռակողմ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը և Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ հետագա քայլերը, հայտարարել է Կրեմլի մամուլի ծառայությունը, հավելելով՝ կքննարկվեն նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցեր։

Մինչ այդ, երեկ Արցախի խորհրդարանը դիմել է Ռուսաստանին՝ Արցախի ժողովրդի անվտանգությունն «ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով»: Արտահերթ նիստում միաձայն ընդունված հայտարարությամբ խորհրդարանը նաև առաջարկում է Մոսկվային այդ նպատակով ներդնել «քաղաքական և ռազմական լրացուցիչ մեխանիզմներ»։ Թե ինչ մեխանիզմների մասին է խոսքը, հայտարարությունը չի հստակեցնում:

Հոկտեմբերի 29-ին էլ Հայաստանի վարչապետն էր հայտարարել, թե պատրաստ է եռակողմ հանդիպման ժամանակ ստորագրել ռուս խաղաղապահների մանդատը մինչև 20 տարով երկարաձգելու փաստաթուղթ։

Փաշինյանի այս հայտարարությունից հետո Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը ռուս խաղապահների մանդատի երկարաձգման մասին փաստաթուղթ ստորագրելու հնարավորության մասին հարցին չէր պատասխանել՝ ասելով՝ «եկեք սպասենք հանդիպմանը»։

Եռակողմ հանդիպման նախօրեին աննախադեպ մարդաշատ հավաք էր Արցախի մայրաքաղաքում, որը ռուսական մամուլը համեմատել էր 1988-ի հանրահավաքների հետ։

Մինչ այդ, «Վալդայ» ակումբում Ռուսաստանի նախագահն ակնարկել էր, թե Ղարաբաղը հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրում առանձին հիշատելու հնարավորություն կա։

«Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը համարում են, որ Ղարաբաղն ունի յուրահատկություններ, որոնք հարկ է հաշվի առնել և ներառել ապագա խաղաղ պայմանագրում, ապա դա էլ է հնարավոր, բայց անպայման դա պետք է համաձայնեցնել նաև Ադրբեջանի հետ: Դա շատ բարդ, հիրավի, շատ ծանր հարց է», - նշել էր Վլադիմիր Պուտինը:

XS
SM
MD
LG