Վերջին շրջանում Փաշինյանի կոշտ  հակադարձումն Ալիևին Զոլյանը կապում է Արևմուտքի աջակցության հետ

Վերջին շրջանում Հայաստանի կոշտ հակադարձումն Ալիևին, ըստ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Միքայել Զոլյանի, ավելի շատ ուղղված է միջազգային հանրությանը՝ ցույց տալու, որ այն խաղաղության գործընթացը, որ տեղի է ունենում Մոսկվայի, Վաշինգտոնի, Բրյուսելի կողմից Ալիևը փորձում է վիժեցնել։

Քաղաքական վերլուծաբանի կարծիքով՝ դա ուղղված է նաև Անկարային՝ նկատելով՝ այդ կոշտ արձագանքները մնում են Հայաստանի իշխանությունների՝ վերջին տարիներին որդեգրած խոսույթի շրջանակներում։

Հայաստանն, ըստ Զոլյանի, ոչ թե ասում է, որ ինքն էլ կհարձակվի, այլ ասում է՝ «դուք հայտարարել եք, որ խաղաղություն եք ուզում, հիմա դուք անում եք քայլեր, որոնք հակասում են դրան»։

Նկատելով, որ վերջին շրջանում մի փոքր վստահ տոնով է Երևանը արձագանքում Բաքվին՝ Զոլյանը սա նաև կապում է Արևմուտքի աջակցության հետ։

«Ես իհարկե հատուկ տվյալներ չունեմ, բայց տպավորություն է ստեղծվում, որ Արևմուտքից որոշակի աջակցություն կա։ Իհարկե, այդ աջակցությունը ոչ թե դրա համար է, որ Հայաստանի, այսպես ասած, բոլոր ծրագրերն իրականացվեն, այդ աջակցությունը նրա համար է, որպեսզի հավասարակշռություն որոշակի ստեղծվի և խաղաղ գործընթացն առաջ գնա։ Այս իմաստով, ես կարծում եմ, որ Մակրոնի հայտարարությունները, ամերիկյան՝ Նենսի Փելոսիի այցը, հետո ամերիկյան տարբեր պաշտոնյաների հայտարարությունները որոշակի ինչ-որ իմաստով իրավիճակ են փոխել ոչ կտրուկ, բայց ամեն դեպքում որոշակի հույս են ներշնչում, որ ղարաբաղյան հակամարտությունը և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները հայտնվել են միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, և այժմ Ալիևի ցանկացած քայլ չի կարող չնկատված մնալ, ուրիշ հարց է, թե ինչ պատասխան կլինի», - ասաց քաղաքական վերլուծաբանը՝ շարունակելով․ - «Դժվար է այսօր ակնկալել, որ կտրուկ սանկցիաներ կիրառվեն Ալիևի հանդեպ, բայց, ամեն դեպքում, որոշակի ուշադրություն կա, և կարծում եմ, որ ավելի վստահ այս արձագանքը դրանով է բացատրվում»։

Շուշիում նոյեմբերի 9-ին Ալիևը կրկին սպառնալիքներ, մեղադրանքներ, պահանջներ, դժգոհություններ, ռազմատենչ հայտարարություններ արեց Հայաստանի հասցեին։ Հայաստանի վարչապետը երկու օր անց արձագանքեց ու տխրահռչակ որակեց Ադրբեջանի նախագահի՝ Շուշիի հայտարարությունները՝ շեշտելով՝ Ալիևը ոչ միայն սպառնում է, այլև արդեն նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․