Վաշինգտոնում տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպում

Մի քանի օրից Հայաստանի արտգործնախարարը մեկնելու է Վաշինգտոն՝ հանդիպելու ադրբեջանցի գործընկերոջը։ Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ հենց երկու պաշտոնյաներն են բանակցում։

Խորհրդարան՝ հաջորդ տարվա բյուջեի քննարկումներին մասնակցելու եկած Արարատ Միրզոյանը ժամկետներ, սակայն, չնշեց։ Նաև՝ ի՞նչ սկզբունքների շուրջ են կոնկրետ բանակցելու։ Մինչ այժմ Բաքուն հրապարակայնորեն մերժել է Երևանի առաջարկները, նոր տարրեր ներկայացնելով։ Դրանք, սակայն, չեն հրապարակվել։

Վերջին անգամ Միրոզյանն ու Բայրամովը Աստանայում են հանդիպել Ռուսաստանի միջնորդությամբ։ Իսկ ԱՄՆ-ի միջնորդությամբ՝ սեպտեմբերի վերջին՝ սահմանային արյունալի բախումներից մեկ շաբաթ անց։ Սոչիում շաբաթասկզբին ղեկավարների հանդիպումից հետո Միացյալ Նահանգները հայտարարել էր՝ կշարունակի ներգրավված լինել բանակցությունների գործընթացում։

«Կան տարբեր կենտրոններ, որոնք շահագրգիռ են, որ հայ-ադրբեջանական բանակցությունները, այնուամենայնիվ, շարունակվեն կոնստրուկտիվ կերպով և կոնկրետ արդյունքներ ունենան: Մի քանի օր առաջ Սոչիում տեղի ունեցավ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստանի Դաշնություն առաջնորդների եռակողմ հանդիպում, մի քանի օրից ես կմեկնեմ Վաշինգտոն, այնտեղ կլինի իմ և պարոն Բայրամովի ու պարոն Բլինքենի հանդիպումը», - ներկայացրեց ԱԳ նախարարը:

Միրզոյանն ասաց՝ 2 նորություն ունի լավ ու վատ։ Սկսեց վատից. «Բոլոր ուղղություններում, որոնցով և որոնց շուրջ մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ, հանդիպում ենք ըստ էության Ադրբեջանի մաքսիմալիստական, առավելապաշտական դիրքորոշումներին և իմ տպավորությունն այն է, որ Ադրբեջանը համարելով, որ ռազմական հաջողություններ է ունեցել, այժմ կարող է ինչ-որ պայմաններ թելադրել Հայաստանին, սա, իհարկե, իրականություն չի կարող լինել»:

Լավն, ըստ Միրզոյանի, այն է, որ հայ-ադրբեջանական բոլոր բանակցվող խնդիրների շուրջ կա միջազգային ուշադրություն, նաև ուղերձ Ադրբեջանին՝ կան գծեր, որոնք չպետք է հատվեն։

«Հատկապես սեպտեմբեր 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո կարծում եմ, որ միջազգային հանրությունը շատ հստակ ուղերձ հղեց Ադրբեջանին այն մասին, որ ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը չի կարող լինել հարցերի լուծման ճանապարհ», - ընդգծեց նախարարը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ընթանում է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումըՔառակողմ հանդիպման հայտարարությունում երկու կարևոր արձանագրում կա

Անդրադառնալով Ադրբեջանի հետ ուղիների ապաշրջափակմանն՝ Միրզոյանն ասաց՝ որևէ մեկը կասկածի տակ չի դնում, որ ենթակառուցվածքները գտնվելու են այն երկրների սուվերենության ներքո, որոնց տարածքով անցնում են։ Հղում արեց վերջին հանդիպումներին։ Արարատ Միրզոյանն, այնուհանդերձ, ապաշրջափակման հարցում Ադրբեջանի ու, ինչպես ձևակերպեց, շահագրգիռ այլ կողմեր պահվածքը բանակցություններում ապակառուցողական որակեց։ Արդյոք նկատի ուներ Թուրքիային, որտեղից ևս «Զանգեզուրի միջանցքի» մասին պարբերաբար հնչում են հայտարարություններ, չմանրամասնեց. «Կարող եմ արձանագրել հայկական կողմի կառուցողականությունը, այստեղ ևս և՛ ադրբեջանական, և՛ հնարավոր շահագրգիռ այլ կողմերի ոչ կառուցողականությունը»:

Չնայած Միրզոյանը կարծում է՝ երբ Անկարան հայ-թուրքական հարաբերությունները կապում է հայ-ադրբեջանականի հետ, դա նախապայման է հիշեցնում, բայց, ասում էր, բանակցություններում կա առաջընթաց։ Վերջին անգամ հենց երկրների ղեկավարները՝ Փաշինյանն ու Էրդողանն են հանդիպել՝ Պրահայում։ Այդ հանդիպումից հետո Հայաստանի կառավարությունը հայտարարեց, թե երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը բացելու, ուղիղ օդային բեռնափոխադրումներ սկսելու պայմանավորվածության շուտափույթ իրականացման անհրաժեշտություն են տեսել։

Բուն բանակցողները՝ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը դրանից հետո չեն հանդիպել։

«Նաև մասնագիտական որոշակի ներգրավվածությամբ խոսակցությունը ըստ էության մի քանի կոնկրետ քայլերի մասին է, այդ թվում և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար, ինչպես նաև երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման վերաբերյալ: Կարող եմ ասել, որ առաջընթաց կա, ակնկալում եմ և հույս ունեմ, որ դրական արդյունքներ կլինեն մոտ ապագայում», - ասաց հայկական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

Թուրքական կողմը պարբերաբար հայտարարում է, թե ցանկանում է բանագնացների հաջորդ հանդիպումը անցկացնել կա՛մ Երևանում, կա՛մ Անկարայում, հայկական կողմն ասում է՝ կոնկրետ տեղի ու ժամկետների մասին պայմանավորվածություն դեռ չկա։

Արտգործնախարար Միրզոյանը երկրորդ օրն անընդմեջ գալիս է Ազգային ժողով, բայց հրաժարվում է պատասխանել լրագրողների հարցերին։