Սոչիում ընդունված հայտարարությունը, ինչպես նաև դրանից առաջ և հետո հնչած գնահատականները ցույց են տալիս, որ Արցախի հարցը փակված չէ, «Ազատության» հետ զրույցում պնդեց Արցախի արտաքին գործերի նախարարը։
Դավիթ Բաբայանի խոսքով՝ թեև Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հայտարարությունում Ղարաբաղ բառը չկա, բայց հիշատակվում է նոյեմբերի 9 -ի հայտարարությունը, որում նշված էր Արցախի մասին։
«Նախևառաջ, որ արցախյան հարցը փակված չէ, այ սա ամենակարևորն է և սա երևում էր և՛ հանդիպումից առաջ, և՛ տեքստում է երևում, և՛ հանդիպումից հետո հնչեցված տարբեր կարծիքներում, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի արած մեկնաբանություններից, ըստ որի, նա ասել է, որ շատ հարցեր կան, որոնց շուրջ դեռևս պայմանավորվածություն չկա և այլն։ Տեքստում, այո՛, Լեռնային Ղարաբաղ կամ Ղարաբաղ բառը չի հիշատակվում, բայց հիշատակվում է նաև անուղղակիորեն որոշ նախադասություններում, մասնավորապես, օրինակ, երբ որ խոսք է գնում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մասին, այնտեղ նշված է առաջին կետում, երբ որ խոսք է գնում ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտու մասին, այսպիսի բաները ցույց են տալիս, որ գոյություն ունի սուբյեկ, բնական է, դա Լեռնային Ղարաբաղն է՝ Արցախն է, որը շատ կարևոր է», - ասաց Բաբայանը։
Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության մեջ, ի թիվս այլ փաստաթղթերի, հիշատակվում է 2020 թվկականի նոյեմբերի 9-ի հայտարարության մասին։ Կողմերը նշում են, թե վերահաստատել են բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանմանելու հանձնառությունը։
Եռակողմ հայտարարության մեջ նաև նշվում է ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումն անվտանգության ապահովման գործում, ընդգծվում է տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ռուսական խաղաղապահ առաքելության ջանքերի պահանջվածությունը։ Առաքելության ժամկետի երկարացման մասին խոսք չկա։
Եռակողմ հանդիպումից հետո, սակայն Վլադիմիր Պուտինն ասաց, թե ռուս խաղաղապահների ապագան Ղարաբաղում կախված է խաղաղության պայմանագրից և դելիմիտացիայի գործընթացից։
«Եթե այդ հարցերը լուծվեն, խաղաղապահների հարցը այլ կերպ է դրված լինելու, եթե մասամբ լուծվեն կամ չլուծվեն, այդ դեպքում դրանից է կախված նաև մեր խաղաղապահ զորախմբի ապագան»,- ասել էր Պուտինը։
Եռակողմ հանդիպումից առաջ պաշտոնական Ստեփանակերտը հայտարարել էր, թե ակնկալում է, որ Մոսկվան կերակարացնի խաղաղապահ առաքելության ժամկետը, քանի դեռ հակամարտությունը չի լուծվել։
Արցախի արտգործնախարարը վերահաստատում է՝ Արցախի համար ռուս խաղաղապահների ներկայությունը կենսական անհրաժեշտություն է։
«Մեզ համար դա կենսական անհրաժեշտություն է, չի լինի ռուս խաղաղապահ, չի լինի Արցախը։ Այն, ով խփում է ռուս խաղաղապահ առաքելությանը, խփում է Արցախին, դանակահարում է Արցախին, ուղիղ ենք ասում սա, սա է մեր մոտեցումը», - ասաց Բաբայանը։
Արցախի արտգործնախարարի փոխանցմամբ, ղարաբաղյան խնդիրը շատ բարդ հակամարտություն է և պարզ է, որ այն Սոչիում չէր կարող վերջնականապես կարգավորվել, բայց կարևոր է, որ կա գործընթաց և կարծես դրան նոր շունչ է հաղորդվում։
Դավիթ Բաբայանն ասում է, թե տեսնում են, որ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի խաղաղություն լինի տարածաշրջանում և հարցը համապարփակ կարգավորվի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի խորհրդարանը դիմում է Ռուսաստանին