Մատչելիության հղումներ

Արցախի խորհրդարանը դիմում է Ռուսաստանին


Արցախի խորհրդարանը այսօր դիմեց Ռուսաստանին` Արցախի ժողովրդի անվտանգությունն «ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով»: Արտահերթ նիստում միաձայն ընդունված հայտարարությամբ խորհրդարանը նաև առաջարկում է Մոսկվային այդ նպատակով ներդնել «քաղաքական և ռազմական լրացուցիչ մեխանիզմներ»։ Թե ինչ մեխանիզմների մասին է խոսքը, հայտարարությունը չի հստակեցնում:

Հայտարարելով, որ Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, Արցախի խորհրդարանականները նաև շեշտում են, որ Հայաստանի ոչ մի իշխանություն իրավունք չունի հրաժարվել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու առաքելությունից կամ ընդունելի համարել որևէ փաստաթուղթ, որտեղ ինքնիշխան Արցախի գոյությունը կասկածի տակ կդրվի։

«Արցախի Հանրապետությունը կողմնակից է կայուն խաղաղությանը և, հետևաբար, նաև խաղաղության պայմանագրի ստորագրմանը միտված քայլերին, սակայն Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է վերապահումով մոտենան Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ հաշվի առնելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու հանգամանքը», - ասված է հայտարարության տեքստում։

Արցախի ինքնիշխանությունը, ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստը կասկածի տակ դնող ցանկացած փաստաթուղթ և առաջարկ անընդունելի է, քանի որ այն չի արտացոլում պատմաիրավական իրողությունները, նշում են օրենսդիր մարմնի անդամները:

Արտահերթ նիստին զուգահեռ Վերածննդի հրապարակում մարդաշատ հանրահավաք էր՝ Արցախի ներկա և նախկին նախագահների մասնակցությամբ:

Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում Արցախի խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն ասել էր, որ Արցախի համար ընդունելի են Հայաստան - Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ Ռուսաստանի ներկայացրած առաջարկները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG