Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից ավելի քան մեկուկես ամիս անց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտարարում է, թե Ջերմուկի ուղղությամբ մխրճված ստորաբաժանումները կորուստներ տալով ետ են քաշվել։ Թե կոնկրետ ե՞րբ է դա տեղի ունեցել՝ Ասրյանը չի մանրամասնել։
«Հակառակորդի ստորաբաժանումները, տալով համապատասխան կորուստներ, հետ են քաշվել, և ներկա դրությամբ մենք Ջերմուկի ուղղությամբ ունենք գծագրված առաջնագիծ, որն ապահովում է Ջերմուկ քաղաքի անվտանգությունը: Նաև սեպտեմբերի 16-ից հետո, ես ևս երկու անգամ այցելություն եմ ունեցել Ջերմուկի ուղղություն, այնտեղ ամեն ինչ համակարգված է և իրադրությունը հարաբերական կայուն է», - ընդգծեց նա:
Չնայած Գլխավոր շտաբի պետի այս պնդմանը, ջերմուկցիները վստահեցնում են՝ քաղաքի մոտակայքում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումը շարունակում է իր տեղում մնալ և դա երևում է նաև անզեն աչքով։ Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանն «Ազատությանն» ասաց, թե լսել է Ասրյանին և երբ վերջինս ասում էր, թե ադրբեջանցիները ետ են գնացել, գուցե նկատի ունի այլ դիրքեր, բայց ադրբեջանցիները շարունակում են մնալ այն տեղանքում, որ իրենք՝ ջերմուկցիներն են ամեն օր տեսնում։
«Հնարավոր է, որ ինչ-որ դիրքերից նահանջած լինեն, բայց կոնկրետ այն հատվածում, որտեղ մենք իրենց տեսել ենք բլրի վրա, իրենք, վստահաբար ասում եմ, որ նույն բլրի վրա են», - ասաց Բունիաթյանը՝ շարունակելով, - «Պետք է Ջերմուկ քաղաքից դուրս գաս՝ Արփայի կիրճով դեպի վերև, այնտեղից արդեն իրենք տեսանելի են: Մեծ շարժ չի նկատվում, բայց այն, որ դիրքում մարդիկ երևում են ժամանակ առ ժամանակ, էդ փաստ է»:
Ադրբեջանական զինուժի հարձակումից 3 օր անց, դեռևս սեպտեմբերի 16 -ին, Էդվարդ Ասրյանը տեղեկացրել էր, որ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8.5 կմ լայնությամբ և մինչև 7.5 կմ խորությամբ: Շտաբի պետը, սակայն, վստահեցրել էր, թե ադրբեջանական այդ ուժերը շրջափակված են հայկական զինված ուժերի կողմից և այդ խումբը սնուցում չստանա, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները կսպառվեն և ստիպված կլինեն այդտեղից դուրս գալ: Թե արդյոք սա հենց այն նույն ստորաբաժանումն է, որն, ըստ շտաբի պետի, արդեն ետ է գնացել, թե այն խումբն է, որին ջերմուկցիները շարունակում են տեսնել, պարզ չէ։
Ինչո՞ւ Գլխավոր շտաբի պետի հայտարարությունը չի համընկնում բնակիչների աչքի տեսածի հետ. խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ նախ պետք է հասկանալ, թե Էդվարդ Ասրյանը ո՞ր դիրքերի մասին է խոսել։
«Այնտեղ մեկ դիրք չէ, մի քանի դիրքեր ունի ադրբեջանական զինուժը: Հիմա շտաբի պետը որ դիրքի մասին է խոսել, ինչ է արել, ես այդ մասին չեմ կարող տեղեկատվություն տրամադրել: Բայց ընդհանուր առմամբ շտաբի պետի նշած տեղեկատվությունը, իհարկե, շատ ավելի ճշգրիտ կլինի, քան անզեն աչքով դիտարկումների արդյունքում կատարված եզրահանգումները», - ասաց Խաչատրյանը:
Պաշտպանության հանձնաժողովի ընդդիմադիր անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը չի կարող հերքել կամ հաստատել Գլխավոր շտաբի պետի հայտարարությունը, բայց պնդում է՝ հայկական կողմին չի հաջողվել ետ բերել սեպտեմբերի 13-ին կորցրած դիրքերը։
«Ցավալիորեն, բայց դա փաստ է, մենք չենք կարողացել հետ վերադարձնել այն դիրքերը, որոնք կորցրել ենք սեպտեմբերի 13-ի հարձակման արդյունքում», - ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ նշելով, - «Ջերմուկի, նաև Իշխանասարի հատվածում»:
«Նույնը նաև Ներքին Հանդում է, այսինքն, այն ամբողջ երկայնքով, որով եղել է ադրբեջանական հարձակում, իրենք ամրացել են իրենց գրաված դիրքերում, հիմա էլ իրականացնում են ինժեներական աշխատանքներ, այսինքն, հետ քաշվելու մտադրություն չունեն և սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո էլ հայկական կողմը, ցավալիորեն, բայց չի կարողացել ետ վերադարձնել այն դիրքերը, որտեղ գտնվել են մինչև սեպտեմբերի 13-ը», - ընդգծեց Գրիգորյանը:
Այն, որ սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումից հետո հայկական կողմը շուրջ 50 դիրք է կորցրել, օրերս տեղեկացրել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ «Բա դու սեպտեմբերի 13-ին 50-ից ավելի դիրք ես հակառակորդին հանձնել», - նշել է Օհանյանը:
Զինված ուժերի շտաբի պետը հաստատում է՝ կորուստներ եղել են, բայց թիվ այդպես էլ չի հրապարակում, չի խոսում դրանց ռազմավարական նշանակությունից:
«Դիրքային կորուստներ ունեցել ենք Ներքին Հանդի ուղղությամբ, Ջերմուկի ուղղությամբ, Իշխանասարի ուղղությամբ, Կուտականի ուղղությամբ: Իսկ քանակական՝ այսքան ենք կորցրել, 50 թիվ ենք կորցրել, թե 60 թիվ ենք կորցրել, թե 70, ես հստակ չեմ կարող պատասխանել», - ասել է բարձրաստիճան զինվորականը։
Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը չի հաստատում 50 դիրք կորցնելու մասին Սեյրան Օհանյանի հայտարարությունը, քանի որ ասում է՝ այս մասին հստակ տեղեկատվություն չունի։ Փոխարենն Արմեն Խաչատրյանն առաջին էր, որ հրապարակավ հայտարարեց, որ անցած մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքից 127 քառակուսի կիլոմետր տարածք է օկուպացրել։
Մինչդեռ այս թիվը, ըստ Գլխավոր շտաբի պետի, ավելին է՝ շուրջ 130 քառակուսի կիլոմետր։ Ինչպես Ասրյանն է բացատրում՝ կախված հաշվարկի մեթոդից՝ կարելի է ավելի շատ կամ ավելի քիչ թիվ ստանալ. «130 քառակուսի կմ սահմաններում տարածքային կորուստը հաշվում եմ 2020 թվականի ռազմական գործողությունների ավարտից հետո, որը մեր հաշվարկով՝ ռազմատեղագրական ծառայության հաշվարկներով այդպես է»:
Ավելի վաղը վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, թե 2021-ից մինչև օրս ադրբեջանական կողմը Հայաստանի տարածքից 51 քառակուսի կիլոմետր է գրավել։