Արցախում ակնկալում են, որ Ռուսաստանը կերկարացնի խաղաղապահ առաքելության ժամկետը այնքան, քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը լուծում չի ստացել, «Ազատությանը» հայտնեց Արցախի խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։
Խորհրդարանական բոլոր ուժերը երեկ արտահերթ նիստում հայտարարություն ընդունեցին՝ խնդրելով 44-օրյա պատերազմից հետո Արցախում հնգամյա ժամկետով խաղաղապահ առաքելություն տեղակայած Ռուսաստանին շարունակել ապահովել ժողովրդի անվտանգությունը և այդ նպատակով ներդնել «քաղաքական և ռազմական լրացուցիչ մեխանիզմներ»։
«Ռազմականի առումով խոսքը վերաբերում է տարբեր մեխանիզմների, այդ թվում նաև խաղաղապահների ժամկետի երկարաձգում մինչև հարցի կարգավորման ավարտը», - նշեց Հարությունյանը:
«Ազատության» հարցին՝ իսկ դա թվաքանակի ավելացում նախատեսո՞ւմ է, «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Դրա համար մենք ընդհանուր ենք նշել, դրա մեջ նաև մտնում է ըստ անհրաժեշտության քանակի ավելացում, ըստ անհրաժեշտության սպառազինության փոփոխություն: Այսինքն՝ ամբողջական անվտանգային համակարգ ապահովելու համար բոլոր մեխանիզմները, իսկ ամենակարևորն այդ մասով՝ խաղաղապահ գործունեության ժամկետի երկարաձգում մինչև հարցի վերջնական կարգավորումը»:
Արցախի խորհրդարանի ընդդիմադիր Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը նկատում է, որ թեև ռուսական խաղաղապահ առաքելությունն իրականացնում է Արցախի պաշտպանությունը, բայց ժամանակ առ ժամանակ որոշակի թերություններ են ի հայտ գալիս, օրինակ, այս գարնանը Փառուխի դեպքերը։ Այդ պատճառով իրենք առաջարկում են Ռուսաստանին լրացուցիչ ռազմական մեխանիզմներ ներդնել, որպեսզի բարձրացնեն անվտանգության մակարդակը և խաղաղապահ ուժերը կարողանան ժամանակին արձագանքել ադրբեջանական սադրանքներին։
«Թե քանակի ավելացում կլինի, թե որակի ավելացում կլինի, որպեսզի այդ խնդիրները չլինեն, մեր խնդիրն է, որ այդ անվտանգությունը լրիվ ապահովեն: Հիմա եթե իրենք էդ թվաքանակով, բայց ուրիշ մեխանիզմներով ապահովում են, ապահովեն, եթե թվաքանակն է խնդիրը, ավելացնեն, մենք կոնկրետ չենք ասել թվաքանակ կամ բան», - նշեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:
Հարցին՝ ակնկալո՞ւմ են խաղաղապահների ժամկետի երկարաձգում և քանի՞ տարով, Մոսիյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ 20 տարով կլինի, 10, թե 5 տարով, քանի այս պահին Արցախի պաշտպանության բանակը մենակ ի զորու չէ, Հայաստանն էլ դադարել է անվտանգության երաշխավոր լինելուց, և իրենք իրենց բերանով են դա ասում, որը վատ է, տակը ի՞նչ է մանում, մնում է այն, որ էն, ով հիմա ապահովում է, այնքան ժամանակ ապահովի, մինչև մենք ինքներս կարողանանք մեր պաշտպանությունը ապահովել, մինչև Հայաստանի Հանրապետությունը վերստին դառնա Արցախի անվտանգության երաշխավոր»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փառուխն ու Քարագլուխ բարձունքը՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրման պատճառԱյս մարտին, ադրբեջանական զինուժը ռուս խաղաղապահների ներկայությամբ ներխուժել էր Փառուխ գյուղ՝ գրավելով կարևոր նշանակություն ունեցող Քարագլուխ բարձունքի մի մասը։ Չնայած պաշտոնական Երևանի հայտարարություններին, որ ռուսական կողմը պետք է ապահովի իր պատասխանատվության գոտուց ադրբեջանցիների դուրսբերումը, տեղացիների փոխանցմամբ՝ Փառուխում և Քարագլխում որևէ փոփոխություն չկա։
Փառուխի գյուղապետ Վարդան Միքայելյանն այսօր էլ «Ազատությանը» փոխանցեց, որ գյուղացիները մարտից իրենց բնակավայրեր վերադառնալու հնարավորություն չունեն։ Մինչև 2020 թվականի պատերազմը գյուղն ավելի քան 80 բնակիչ է ունեցել։ Այժմ Փառուխում միայն ռուս խաղաղապահներն են, իսկ գյուղը 4 կողմից շրջապատված է ադրբեջանական զինուժի կողմից։
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ են ասում ռուս խաղաղապահները, Միքայելյանը նշեց. «Ոչ մի բան չեն ասում»:
Մինչ Փառուխում իրավիճակը չի փոխվում, Ստեփանակերտը Մոսկվայից ռազմական ներկայությանը զուգահեռ նաև քաղաքական հարթակ է ակնկալում՝ Ռուսաստանի հետ երկխոսություն իրականացնելու համար։ Ընդ որում՝ կունենա՞ Մոսկվան Արցախում մշտական ներկայացուցիչ, թե՞ պարզապես վերջինս ժամանակ առ ժամանակ կայցելի Ստեփանակերտ, ըստ իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի, էական չէ, կարևորը քաղաքական քննարկումներ իրականացնելու հնարավորություն ստեղծվի։
«Մենք կարծում ենք, որ ժամանակն է նաև քաղաքական որոշակի երկխոսություն ունենալու, այսինքն, ներկայացուցչություն ունենալու, ինչ-որ ձև քաղաքական հարցեր քննարկելու, ոչ միայն հումանիտար կամ ենթակառուցվածքների, խաղաղապահ զորակազմի գործունեության հետ կապված հարցերի, այլ նաև քաղաքական որոշակի քննարկումներ ունենալու: Դա վերաբերում է բանակցային գործընթացին», - ընդգծեց Արթուր Հարությունյանը:
«Ազատության» հարցին՝ օրինակ՝ հյուպատոսությո՞ւն, Հարությունյանն արձագանքեց. «Դրա անունն ինչ կդրվի, ես այս պահին չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում մենք կարծում ենք, որ արդեն ժամանակն է, որ մենք էլ մեր քաղաքական քննարկումները անմիջապես ունենանք Ռուսաստանի Դաշնության հետ՝ որպես եռակողմ հայտարարության կողմ ու գլխավոր երաշխավոր»:
Մինչ Բաքուն հայտարարում է, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ժամանակավոր են տեղակայված, Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավարը հույս ունի, որ այսօր Սոչիում եռակողմ հանդիպմանը հավանություն կտրվի ոչ միայն առաքելության երկարաձգմանը, այլև Ռուսաստանի նախագահին կհաջողվի համոզել Ադրբեջանին ընդունել խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը, որով ղարաբաղյան հարցի կարգավորումը հետաձգվում է։