Մատչելիության հղումներ

Փառուխն ու Քարագլուխ բարձունքը՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրման պատճառ


Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի ճանապարհին, արխիվ
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի ճանապարհին, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղն ու Քարագլուխ բարձունքը դարձել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրման պատճառ։ Անցած օրերին միմյանց ուղղված հրապարակային պահանջներից, պարտավորությունները հարգելու կոչերից ու անուղղակի մեղադրանքներից հետո Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինը նախօրեին ռուսական առաջին ալիքի եթերում հայտարարել էր, թե Ադրբեջանից վտանգ կա և հարկավոր է հարվածել ադրբեջանական նավթային ենթակառուցվածքներին։

«Մեր ինչի՞ն է պետք Ադրբեջանի նավթարդյունաբերությունը: Մենք դրա կարիքը չունենք, այն չափազանց խոցելի է: Եթե մարդիկ խոսքեր չեն հասկանում, հավանաբար ստիպված կլինեն գործերը հասկանալ: Միակ հարցն այն է՝ ինչպես դա անել», - նշել է նա:

Կրեմլը այսօր արձագանքել է պատգամավորի սկանդալային այս հայտարարությանը՝ ընդգծելով, որ Դելյագինի հայտարարությունները Ռուսաստանի պաշտոնական տեսակետի հետ ոչ մի կապ չունեն։ Ավելին, Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի գործընկեր պետությունն է, որի հանդեպ պետք է զսպվածություն ցուցաբերել։

«Այս հայտարարությունը ոչ մի կերպ չի համապատասխանում և չի կարող համապատասխանել Ռուսաստանի Դաշնության պաշտոնական գծին։ Իհարկե, մենք կոչ ենք անում վերահսկել զգացմունքները և զերծ մնալ նման հայտարարություններից, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մեր գործընկերներին, իսկ Ադրբեջանը պատկանում է գործընկեր պետությունների շարքին», - նշել է Կրեմլի խոսնկաը:

Պեսկովը հավելել է, որ անհրաժեշտ է զսպվածություն ցուցաբերել հատկապես այն պայմաններում, երբ Ռուսաստանը եռանդուն ջանքեր է գործադրում Ղարաբաղում խաղաղություն պահպանելու համար։ Ղարաբաղում սրված լարվածության ֆոնին Բաքուն առիթը բաց չի թողնում ընդգծելու, որ ռուս խաղաղապահները ժամանակավոր են տեղակայվել Ղարաբաղում։

Ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության, նրանց առաքելությունը կարող է ավարտվել, եթե 2026-ին կողմերից որևէ մեկը նման պահանջ դնի։

Ըստ քաղաքագետի, Ադրբեջանը որոշել է առճակատման գնալ ռուսների համար շատ զգայուն փուլում

Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին փորձագետներից շատերը կարծում են՝ Ադրբեջանը կարող է որոշել, որ կարիք չկա սպասել 3,5 տարի։ Հայտնի քաղաքագետ Արկադի Դուբնովի կարծիքով՝ Ադրբեջանը որոշել է առճակատման գնալ ռուսների համար շատ զգայուն փուլում, երբ Մոսկվան չի կարող ակտիվ լինել երկու ճակատով։

«Խաղաղապահները չեն կարող Բաքվին կանգնեցնել ռազմական մեթոդներով, և միայն հորդորում են, որ ադրբեջանցի զինվորները վերադառնան իրենց սկզբնական դիրքեր։ Մոսկվան այսօր նաև չի կարող իրեն թույլ տալ փչացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ, քանի որ Կրեմլի քաղաքականությունը Կովկասում կառուցվում է իրավիճակը հավասարակշռելու, գլխավոր խաղաղարար-մանիպուլյատորը դառնալու շուրջ», -ասում է Դուբնովը, փաստելով, որ այս ամենը տեղի է ունենում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների որոշակի ջերմացման փուլում։

«Սա կոշտ հակասությունների այնպիսի խճանկար է, որում Բաքուն հաշվի առնելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, պահն է օգտագործում», - նշել է քաղաքագետը։

Պաշտոնական մակարդակով Մոսկվան շարունակում է պնդել, որ իրավիճակը կայունացնելու համար կողմերը պետք է կատարեն Նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերը։ Նման հայտարարություն այսօր հերթական անգամ արել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն․ «Մենք ակնկալում ենք, որ այս ամենը կկարգավորվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում»:

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում Մատվիենկոն ասել է․ «Մենք մեծ հույս ունենք, որ այս իրավիճակը կավարտվի խաղաղության պայմանագրով, մենք անկեղծորեն ցանկանում ենք դա»:

Ի դեպ՝ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին «Ռոսկոմնադզորը» արգելափակել է մի շարք ադրբեջանական կայքեր: Սրա հետ մեկտեղ, ինչպես ռուս փորձագետներն են գրում, այսօր Ռուսաստանն այնքան քիչ դաշնակիցներ ու գործընկերներ ունի, որ դժվար թե կտրուկ քայլերի գնա, նույնիսկ եթե այս կամ այն երկիրը ոչ ուղղակի հակառուսական դիրքորոշում է դրսևորում։ Իսկ պաշտոնական Բաքուն, ինչպես և Անկարան չեզոքություն են դրսևորում, գոնե հրապարակավ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG