Ռուսական Russia Today լրատվամիջոցի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելվել է, Տելեգրամի իր ալիքում հայտնել է Սիմոնյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի այցի արգելքին։
Սիմոնյանը, սակայն, այլ մանրամասներ չի ներկայացրել, թե ինչպե՞ս է տեղեկացել այդ մասին։
Որ հայաստանյան իշխանություններին քննադատող Զատուլինի այցը Հայաստան անցանկալի է, պատգամավորին Հայաստանի Ազգային ժողովից էին հայտնել՝ պաշտոնական գրությամբ։
Հայաստանյան իշխանությունները դեռ չեն պարզաբանել՝ Զատուլինի այցն է անցանկալի, թե նա համարվում է անցանկալի անձ։
Վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» նշել էր, թե Զատուլինը բազմիցս մեղադրել է գործող իշխանությանը 44-օրյա պատերազմի պարտության համար, խառնվել է ներքաղաքական կյանքին, պահանջել Փաշինյանի հրաժարականը։
Ռուս պատգամավորը մոտ երկու շաբաթ առաջ էլ, «Երկիր մեդիա»-ին տված հարցազրույցում, Փաշինյանին մեղադրել էր Ադրբեջանին միջանցք տրամադրելու փաստաթուղթ ստորագրելու համար։ Խոսքը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ ԱԺ-ից հաստատում են՝ Զատուլինի այցը Հայաստան համարվել է անցանկալի