Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԺ-ից հաստատում են՝ Զատուլինի այցը Հայաստան համարվել է անցանկալի


Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի այցը Հայաստան անցանկալի է, Հայաստանի Ազգային ժողովից հաստատում են՝ նման բովանդակությամբ նամակ իրենք են ուղարկել հայաստանյան իշխանություններին քննադատող ռուս պատգամավորին։

Զատուլինը Տելեգրամի իր ալիքում այսօր հրապարակել էր Հայաստանի խորհրդարանի պաշտոնական գրությունը, որում նաև ընդհանրական ձևակերպմամբ նշվում է՝ ինչու է անցանկալի նրա այցը։

«ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության անունից հայտնում ենք, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության մասին վերջին շրջանի Ձեր հայտարարությունները վնասում են մեր պետությունների բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Սրանով պայմանավորված, ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի», - նշվում է պատգամավորին ուղղված նամակում։

Զատուլինը Երևանում պետք է մասնակցեր ռուս և հայ գործիչների «Լազարևյան ակումբի» նիստին։ Արդյոք ռուս պատգամավորը Հայաստանում անցանկալի անձ՝ պերսոնա նոն գրատա համարվո՞ւմ է, թե՝ ոչ. նման տեղեկություն ժամեր առաջ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակն» էր հրապարակել։ Անցանկալի անձանց բանկը վարող Ազգային անվտանգության ծառայությունից դեռ չի հաջողվել պարզել այս հարցը։

Իշխանական պատգամավոր, վարչապետի ընտանիքի անդամ Հրաչյա Հակոբյանն էլ չհստակեցրեց, բայց և շեշտեց՝ անընդունելի են օտարերկրացի քաղաքական գործչի հայաստանյան ներքաղաքական կյանքին վերաբերող հայտարարությունները։

«Ինչո՞ւ մենք պետք է թույլ տանք, որ որևէ օտար երկրի քաղաքացի, առավել ևս պաշտոնյա, ինչ-որ ձևով միջամտի և խառնվի մեր ներքաղաքական կյանքին, մեր ներքաղաքական գործերին», - ասաց Հակոբյանը:

Զատուլինի այցի արգելքի մասին գրած «Հայկական ժամանակը» նաև նշել էր, թե Զատուլինը բազմիցս մեղադրել է գործող իշխանությանը 44-օրյա պատերազմի պարտության համար, խառնվել է ներքաղաքական կյանքին, պահանջել Փաշինյանի հրաժարականը։ Ռուս պատգամավորը մոտ երկու շաբաթ առաջ էլ «Երկիր մեդիա»-ին տված հարցազրույցում Փաշինյանին մեղադրել էր Ադրբեջանին միջանցք տրամադրելու փաստաթուղթ ստորագրելու համար։ Խոսքը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին է։

«Ինչո՞ւ են նա և հայերը այդ հարցը հասցեագրում Ռուսաստանին։ Ձեր վարչապետն է ստորագրել նման պայման», - նշել է նա։

Հրաչյա Հակոբյանն այս ամենից հետո տեղին է համարում Ազգային ժողովի արձագանքը. «Եթե այլ երկրի քաղաքական գործիչն, այսպես ասած, միջամտում է մեր ներքին քաղաքական կյանքին և անում է հայտարարություններ, օրինակ, որ պետք է վարչապետը հրաժարական տա կամ այլ ներքաղաքական հարցերի է միջամտում, կարծում եմ, որ այս քայլը սպասելի էր և տեղին»:

Զատուլինի համար վիրավորական ու անսպասելի է եղել Հայաստանի Ազգային ժողովի արձագանքը, այդ մասին Տելեգրամում է գրել։ Ռուս պատգամավորը համոզված է՝ այդ քայլը վկայում է Հայաստանի իշխանությունների նոր կուրսի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG